Վերին Լարսի անցակետում մեքենաների, բեռնատարների հսկայական հերթը, որ գոյացել էր մի քանի օր առաջ եղանակային վատ պայմանների, ձյան պատճառով, գնալով կրճատվում է։
Ամեն հերթի երկարությունը մոտ 5 կիլոմետրով կարճացել է։
«Երեկ գիշերը նորից փակեցինք, քամի էր ուժեղ բարձրացել, վերևում ձյուն էր, բայց էլի ժամը 1-ից բացեցինք, շունչներս տեղը եկավ։ Հիմա ամեն տեղ հերթերի երկարությունը փոքրացել մոտ 5 կմ-ով։ Քանակությունը մեծ է, բայց կատաստրոֆիկ չէ։ Կարևորը պրոցեսը գնում է, վիճակն էդպիսին է հիմա», - «Հրապարակի» հետ զրույցում նշեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Մարտի 31-ին Թանանյանը «Հրապարակին» ասել էր, որ Վերին Լարսի մաքսակետի հարակից տարածքում 6-7 կիլոմետր երկարությամբ է հերթ գոյացել, Ստավրոպոլի երկրամասից Վլադիկավկազ չհասած՝ շուրջ 15 կմ, Կաբարդինո-Բալկարիայից դեպի Օսետիա մտնող մեր սահմանին, Ուրուխ գետի շրջակայքում՝ 20-25 կմ։
Մաքսային կցորդի տեղեկություններով՝ հերթում սպասող վարորդները սննդի խնդիր չունեն, բեռնափոխադրողներն իրենց աշխատակիցներին սննդով ապահովում են։ «Վարորդներին էլ եմ հարցնում, որոնք որ մեծամասամբ ընկերություններից են, ընկերություններն ապահովում են սննդով։ Անհատ վարորդներ էլ կան, գիտեն, որ այս կողմ գալիս են, անցակետը երբեմն փակվում է», - հավելեց նա։
Թանանյանի խոսքերով՝ անվտանգությունը նույնպես պատշաճ ապահովվում է, ազգամիջյան բախումները բացառվում են։ «Ներքին գործերի նախարարությունը, ճանապարհային ոստիկանությունը զբաղվում են դրանով։ Շարասյան սկզբում, մեջտեղում, վերջում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։ Հարավային Օսետիայի տարածքում [ազգամիջյան] բախումները բացառվում են։ Ճանապարհով, որտեղով մերոնք են գալիս, գալիս են նաև բուն թուրքերը, ադրբեջանցի այս կողմով չի գալիս, այստեղ գալիս են՝ ուզբեկ, կիրգիզ, տաջիկ, ուկրաինացի, բելառուս։ Մինչև հիմա այդպիսի դեպքեր չեն էլ եղել։ Հենց մեկի մոտ մի փոքր դրսևորում է լինում, իսկույն արմատախիլ է արվում։ Այստեղ համապատասխան ծառայությունները բավական հստակ են աշխատում այդ ուղղությամբ», - ընդգծեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։
Հարցին՝ կարո՞ղ է կուտակված մեքենաների մոտավոր թիվ ասել, պատասխանեց․ «Կարող ենք ասել մոտ 3 հազար ամեն կողմում։ Երբ որ փակվում է, երկու կողմում էլ համաչափ հավաքվում են։ Ռուսական կողմում հաստատ մոտ 3 հազար է, վրացական կողմում կարող է մի քիչ ավելի կամ պակաս լինել։ Քանի որ մեքենաներն անընդհատ պտտվում են, կարելի է ասել, համաչափ են բաշխվում»։