Քաղաքականություն

«Իրե՞նց ձեւով», թե՞ «Մեր ձեւով». ով կհաղթի

«Իրե՞նց ձեւով», թե՞ «Մեր ձեւով». ով կհաղթի

Փաշինյանի թիմը տարածում է, որ թույլ չեն տալու Սամվել Կարապետյանի հիմանադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Հնարավոր է, որ նույնկերպ վարվի նաեւ Գագիկ Ծառուկյանի եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ: Դրա մասին բացահայտ չի հայտարարվում, բայց ակնարկները հուշում են, որ նրա նպատակը կառավարելի եւ հանրային վստահություն չվայելող կուսակցությունների հետ մրցելն է, որտեղ պարտվողները շնորհակալություն կհայտնեն՝ իրենց նման արտոնություն շնորհելու համար: 

Եթե չեք դիտել, դիտեք Սաշա Կոենի «Դիկտատոր» ֆիլմը, որը սկսվում է նրանով, որ Վադիայի Հանրապետության գեներալ-ծովակալ Ալադինը կազմակերպում է սեփական օլիմպիական խաղերը, վազքի մրցաշարում կրակում է իր մրցակիցների վրա, սպանում է մրցավարին եւ սահմանում համաշխարհային ռեկորդ` ստանալով 14 ոսկե մեդալ: Փաշինյանն Ալադինի մարմնացումն է, նման բոլոր այն բռնապետերին, որոնք սիրում են իրենք ընտրել իրենց մրցակիցներին՝ նախապես չեզոքացնելով նրանց, ում հետ մրցակցության մեջ կարող են պարտվել: 

Սամվել Կարապետյանի եւ նրա «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրային աջակցությունը հունից հանում է Փաշինյանին, նա հասկանում է, որ դա չի տեղավորվում իր գծած խաղի կանոնների մեջ, նրան հնարավոր չէ մեղադրել թալանի, կոռուպցիայի, պետական միջոցների անարդյունավետ օգտագործման եւ բոլոր այն մեղքերի մեջ, որոնցում ինքը մեղադրում է ՀՀ նախկին նախագահներին: Կարապետյանը եւ նրա կուսակիցները Հայաստանում երբեւէ պաշտոն չեն զբաղեցրել, բյուջետային փողերի հետ առնչություն չեն ունեցել, հակառակը` նրանց համեմատությամբ ինքն է նախկինը, ինքն է 8 տարի շարունակ վատնել պետական միջոցները, այդպես էլ որեւէ հանրային բարիք չստեղծելով, դրանք ծառայեցնելով բացառապես սեփական անձի եւ շրջապատի բարեկեցությանը, հարստացմանը:

Չնայած դրան, Փաշինյանին թվում է, թե ինքը գիտի Սամվել Կարապետյանի թույլ կողմը. նա երկքաղաքացի է, ՌԴ քաղաքացի է: ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս երկքաղաքացուն հավակնել վարչապետի պաշտոնին: «ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություն, ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին. ՀՀ օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ երկրորդ, տվյալ դեպքում՝ նաեւ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, հետեւաբար էն, ինչ դուք ասում եք, պարզապես ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո գոյություն չունի, հետեւաբար, գոյություն չունեցող բանը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասում է Փաշինյանը` ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում «Ուժեղ Հայաստանի»` Սամվել Կարապետյանին ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելուն, լավ իմանալով, որ Կարապետյանը չի պատրաստվում պատգամավորի թեկնածու առաջադրվել, իսկ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն Սահմանադրության փոփոխությունից հետո:

Բայց դա ասում է մի մարդ, որը 2018-ին վարչապետ է ընտրվել սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով, ՀՀ Սահմանադրությամբ վարչապետ կարող է ընտրվել ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը, մինչդեռ ինքը, լինելով ԱԺ փոքրամասնության ներկայացուցիչ, շանտաժի ենթարկեց մի ամբողջ երկրի եւ հասարակության` հայտարարելով, որ կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: 

Հիմա նա ասում է. «2026թ.-ից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու»։ Ի՞նչ եք հասկանում, երբ նա սպառնում է, որ չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ կամ օլիգարխ: Արդյոք դա չի՞ նշանակում, որ բռնությամբ եւ ապօրինությամբ թույլ չի տալու, որ նախկին նախագահների կամ խոշոր գործարարների ստեղծած կուսակցությունները մասնակցեն 2026 թ. խորհրդարանական ընտրություններին: Ասվածը միայն այդպես կարելի է հասկանալ, քանի որ եթե նրանք մասնակցեն ընտրություններին եւ հաղթեն, ապա կհայտնվեն խորհրդարանում, եւ, հետեւաբար, հնարավոր չի լինի արգելել քաղաքականությամբ զբաղվելը: Նրանք կզրկվեն այդ հնարավորությունից միայն մի դեպքում, եթե Փաշինյանի հրահանգով այդ կուսակցությունները ճանաչվեն օրենքից դուրս, եւ նրանց թույլ չտան մասնակցել ընտրություններին: Այլ մեխանիզմ գոյություն չունի, եթե չհաշվենք, որ սա հերթական պոպուլիստական եւ որեւէ հետեւանք չենթադրող հայտարարությունն է:

Փաշինյանը, սովորույթի համաձայն, իր հայտարարության ձայնագրությունը դնում է ենթակաների բերանում եւ ստիպում, որ նրանք եւս կրկնեն: Իր ճեպազրույցից ուղիղ մեկ օր հետո գրեթե նույնը կրկնեց նրա ենթակա Ալեն Սիմոնյանը: «Կա հարց` Սամվել Կարապետյանը կամ իրա նմանները Ռուսաստանում կարո՞ղ էր ասել` այն փոքրիկ խմբակը... եւ ասեր` մենք մեր ձեւով կմիջամտենք, «մ» տառը կմնար Սամվել Կարապետյանից, կարող է դա էլ չմնար: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Սահմանադրության, ընտրական կարգի հետ կապված որ երկրից ուզում է լինի, ուզում է՝ Ֆրանսիայից, ուզում է՝ Լիբանանից, ուզում է ԱՄՆ-ից լինի, բնական է, մենք դիմադրելու ենք եւ չենք թողնելու ՀՀ նամեստնիկ բերեն կամ դրսից տղա բերեն»: 

Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ մյուսները փորձում են Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությունը կապել Ռուսաստանի հետ, փորձում են ապացուցել, թե նա ուղղորդվում է Ռուսաստանից, Ռուսաստանը նամեստնիկ` տեղապահ է ուզում նրան կարգել Հայաստանում: Նման հայտարարությունների համար նրանք որեւէ հիմք կամ ապացույց չունեն, թերեւս՝ միայն այն, որ Կարապետյանը նաեւ ՌԴ քաղաքացիություն ունի: Ի վերջո, մենք չգիտենք, թե ՔՊ խմբակցության կամ կառավարության կազմում Թուրքիայի կամ Ադրբեջանի քանի քաղաքացի կա, նման տեղեկությունները գաղտնի են պահվում, բայց ՀՀ քաղաքացիների մի ստվար մասը համոզված է, որ նրանք իրականացնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից թելադրվող քաղաքականությունը, որ նրանք այդ երկրների նամեստնիկներն են: Եվ ոչ միայն նրանց:

Նամեստնիկի մասին խոսակցություն-եզրույթը դաշտ նետելն այլ նպատակ ունի. գործող ռեժիմը, գիտակցելով իր մոտալուտ պարտությունը եւ վախճանը, այլ ելք չի ունենալու, քան ընտրությունների նախաշեմին իր քաղաքական հակառակորդների առաջ ընտրություններին մասնակցելու արգելք սահմանելը, ռուսական հետք հայտնաբերելը, «հիբրիդային հարձակումը» կանխելը: ԵՄ ներկայացուցիչները բազմիցս են ասել, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը շատ նման է Մոլդովային, որտեղ իբրեւ թե ընդդիմությունը կառավարվում էր Ռուսաստանի կողմից, եւ իրենց հրահանգով Մոլդովայի իշխանությունները չեզոքացրին քաղաքական հակառակորդներին` ընտրություններին մասնակցելու արգելք սահմանելով: Հիմա «իրենց ձեւով» փորձելու են նույնն անել նաեւ Հայաստանում, եւ միակ հարցն այն է, թե առաջիկա ընտրություններում ով է հաղթելու` «Իրե՞նց ձեւով»-ը, թե՞ «Մեր ձեւով»-ը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image