Նյու-Յորքի կենդանաբանական այգում, վանդակների կողքին, պատի վրա ամրացված է մի մեծ հայելի եւ գրված է՝ «Աշխարհի ամենավտանգավոր կենդանին»:
Երևի թե Հայաստանում հարկավոր է այդպիսի հայելի ամրացնել որոշ պետական հաստատությունների կամ շենքերի պատերին:
Մարդիկ և կենդանիներ…
Որոշ ընթերցողներ կասեն՝ «Ի՜նչ ահավոր վիճակում են մարդիկ, իսկ դուք կենդանիների մասին եք մտածում»: Բայց հիշում եմ մի հին հայտնի ասացվածք. «Եթե փրկել ես մարդկային կյանք կամ կյանքեր, ուրեմն իզուր չես լույս աշխարհ եկել, իսկ եթե փրկել ես կենդանու կյանք, ուրեմն կարող ես մարդ կոչվել»:
Երևանի քաղաքապետարանում կա միայն մեկ «կառույց», որը զբաղվում է թափառող կենդանիների վնասազերծման հարցով, իսկ կենդանիների պաշտպանությունը՝ տարբեր հասարակական կազմակերպությունների գործն է: Կարևոր է պաշտպանել մարրդկանց կենդանիներից, իսկ կենդանիների պաշտպանությունը մարդկանցից՝ կարևոր չէ:
Նախագծեր, օրենքներ, եզրակացություններ, քննարկումներ…
Թվում է թե ամեն ինչ շատ պարզ է, բայց ոչ մեր պետական այրերի համար, ովքեր առաջարկում և ընդունում են օրենքներ: Մարդը վերցնում է փոքրիկ կենդանի (ձագ), պահում է նրան 2-3 ամիս, երբ նա դեռ «խաղալիք է» տան համար, իսկ հետո շպրտում է փողոց: Ո՞վ է հսկում: Փողոցներում գնալով շատանում են դուրս շպրտված շները, որոնք, բնականաբար, կարող են դառնալ ագրեսիվ: Մյուսները, (այդ դեպքը տեղի է ունեցել իմ ծանոթների բակում) դուրս գցելուց հետո նաև ծեծել են շանը, այն էլ այնպես դաժան, որ նա փորձում էր կծոտել որոշ մարդկանց:
Ի՞նչու չեն պատժվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերվող մարդիկ: Ի՞նչու չեն հսկվում այն մարդիկ, ովքեր վերցնում են կենդանիներին և որոշ ժամանակ անց դուրս են շպրտում` ավելացնելով անտուն և թափառող կենդանիների քանակը: Ի՞նչու ծնողները չեն դաստիարակում երեխաներին, սովորեցնելով, որ կենդանուն չի կարելի նեղացնել:
Կարող են սիրել կամ չսիրել կենդանուն, բայց վնասել չի կարելի:
Կենդանիների ստերջացումն իրականացնում է «Հայաստանի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» (ՀԹԿՎԿ) ՀՈԱԿ-ը:
Վերը նկարագրվածն իրական դեպքեր են, որոնց մասին կարող են վկայել շատ քաղաքացիներ, ովքեր բնակվում են, օրինակ, Քանաքեռում: Ստերջացման էին տարել 3 շուն, որոնցից վերադարձվեց միայն մեկը, այն էլ երկար զանգահարելուց, խնդրելուց, վիճելուց հետո: Մյուս շանը պատահականորեն հայտնաբերեցին ուրիշ շրջանում՝ Զեյթունում, բնակիչները: Իսկ երրորդը այդպես է չգտնվեց: Մի՞թե դժվար է նշել, որտեղից է շունը տարվում ստերջացման, որ նորից վերադարձվի նույն տեղը: Շները սովորում (ընտելանում են) են այդ տարածքին, այդտեղ ապրող մարդկանց և ուրիշ տարածքի շները չեն ընդունում նորերին: Որպես հետևանք «օտար» շները հավաքվում են, կազմում են ոհմակներ և կարող են անհանգստացնել այդ շենքերի բնակիչներին:
Մեր տների մոտ նոր ստերջացված շներ են ավելացել, որոնք մինչ այդ չկային:
Իսկ հիմա վերադառնանք, ինչպես ասում են, «մեր ոչխարներին»: Կարող էի սկսել.
«Օրերից մի օր Քանաքեռում…», բայց չեմ սկսի այդպես, քանի որ համոզված եմ, որ նման դեպքերը կան և կրկնվում են ամբողջ երկրում:
Երեկ զանգահարեց իմ բարեկամը և ասաց, որ ՀԹԿՎԿ-նն իրենց բակից տարել է երկու շուն, որոնց ես լավ գիտեմ, շատ եմ խաղացել, սիրել և կերակրել: Տարել են ինչ-որ մեկի բողոքին հետևելով, որ շները իբր-թե կծել են նրանց: Բարեկամս շատ շնորհակալ էր այդ կենտրոնի ղեկավարից, որը շատ քաղաքավարի, բարեկիրթ պատասխանեց բոլոր հարցերին, անգամ ցուցում տվեց աշխատակիցներին ուղարկել Էրեբունու կենտրոնում պահվող այդ շների նկարները, ինչը ապացուցում է, որ նրանք ողջ են և պետք է անցնեն բուժզննում:
Իհարկե, այն, որ շներից մեկը պարբերաբար և դաժան ծեծից հետո կարող էր և պաշտպանվել, և կծել, ոչ մեկին չի հետաքրքրել, իսկ մյուսը` Բետտի անունով շունը (մի բարի և հրաշք շուն, որը տալիս է թաթիկը, հասկանում է «նստել», «գնալ» հրահանգները), ոչ մի կերպ չէր կարող որևէ մեկին կծել:
Պատահականորեն, երբ տանում էին շներին, մեքենայի մոտ գտնվող բնակիչը հարցրեց՝ ինչո՞ւ եք տանում: Պատասխանեցին, որ տանում են ստերջացման, չնայած, որ երկու շունն էլ վաղուց ստերջացված էին, ստեցին, որ տանեն, ի դեպ, տանելուց էլ դաժան ձևով են տանում, ուստի շունը նույնիսկ կարող է կծել:
Ինչպես ասացինք, զանգերը ՀԹԿՎԿ-ի թեժ գիծ, ոչինչ չտվեցին, արդյունք չտվեց նաև բացատրությունը, որ եթե ոչ ադեկվատ կամ կենդանի չսիրող մարդը ծեծի շներին, նրանք բնականաբար`կպաշտպանվեն: Այսօր արդեն թեժ գծի (քաղաքապետարանի և կենտրոնի) աշխատակիցները հազիվ էին զսպում իրենց զայրույթը` բնակիչների զանգերի ընթացքում: Նրանց էլ փորձենք հասկանալ…
Մարդ կա… մարդ էլ կա… և, ինչպես ասում են` կա մի հայտնի ռուսական երգ՝ «Շունը կծան է լինում, երբ շան կյանքով է ապրում»:
Սպասենք այս պատմության վերջաբանին 10 օրվա ընթացքում
Այո, մենք ապրում ենք դաժան ժամանակաշրջանում՝ պատերազմը, համավարակը, անտեսանելի ապագան, քաղաքական խառնաշփոթը, տնտեսական անկումը և այլն…
Բայց փորձենք սիրել և միմյանց, և մեր «կրտսեր եղբայրներին», փորձենք «մարդ» կոչվել:
Ագաթա Մելիքյան