Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը։ ՔԿ-ից փոխանցում են՝ ձերբակալվել են նաեւ նրա եղբայրն ու ևս երկու հոգի: «ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է»,- «Հրապարակ»-ին փոխանցեցին՝ Քննչական կոմիտեից։
Տեղեկացանք, որ սա նոր քրեական վարույթ է, հարուցվել է այս տարվա մարտին, սակայն անձանց նկատմամբ հետապնդում հարուցվել է այժմ։ Քրեական վարույթը Սամվել Դարբինյանի քաղաքապետ եղած ժամանակահատվածին է առնչվում։ Նշենք, որ Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:
Նշենք նաեւ, որ Սամվել Դարբինյանն անցնում է նաեւ քաղաքացիական գործով։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում. 1 տրանսպորտային միջոց. 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ. 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: Գործը դատաքննության փուլում է։