Հասարակություն

Պատերազմն իբրեւ ամենօրյա աշխատանք Աշոտ Ավագյանի նախագծում (լուսանկարներ)

Պատերազմն իբրեւ ամենօրյա աշխատանք Աշոտ Ավագյանի նախագծում (լուսանկարներ)

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է եւ մինչեւ նոյեմբերի 7-ը կգործի արվեստագետ, գեղանկարիչ Աշոտ Ավագյանի նոր՝ «Ապրիլ, 2016, «բոզի կալգոտկա» դիրքեր» նախագիծը։ Սահմանի այս հատվածն այսպես էլ կոչվում է՝ «բոզի կալգոտկա»: Այստեղ դաժան մարտեր են եղել. թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը տվել են մեծաթիվ զոհեր։ «Բոզի կալգոտկան» մի տարածք է, որը մշտապես ռմբակոծվում է, մշտապես կրակոցների տակ է: Աշոտ Ավագյանի նոր նախագիծը, անդրադառնալով ապրիլյան դեպքերին, ներկայացնում է գեղանկարչական աշխատանքներ, դիրքերում արված լուսանկարներ ու այնտեղից գտնված օբյեկտներ՝ արտեֆակտներ: Նրա խնդիրն է՝ պատերազմը ներկայացնել այնպես, ինչպես կա՝ հնարավորինս քիչ միջամտելով դրան: Ցուցահանդեսի համադրողն Էլլա Կանեգարիանն է։



- Պարոն Ավագյան, ցուցահանդեսի բացման ժամանակ ասացիք, որ ժողովուրդը պատերազմի նկատմամբ իր վերաբերմունքը պետք է փոխի, եւ այս նախագծով փորձել եք դուրս գալ այդ պաթետիկ ողբերգական վիճակից՝ պատերազմն անվանելով կյանքի առօրյայի մի մաս, ամենօրյա աշխատանք, որը միանշանակ չընդունվեց շատերի կողմից, քանի որ ներքին անհամաձայնության տարավ։
- Համաձայն լինեն, թե չլինեն, բայց իրականությունը սա է։ Եթե ժամանակի մեջ որեւէ գործողություն է տեղի ունենում, ուրեմն, ուզես թե չուզես, ինքը գոյություն ունի՝ անկախ քեզնից։ Հիմա ի՞նչ է ստացվում, մեր հասարակության մեջ ուզում են, որ այդ պատերազմ ասվածը չլինի կամ էլ եթե լինի, բայց իրենց երեխան չլինի այդ պատերազմի մասնակիցը, բայց դրա հետ միասին իրենք լինեն հերոսական, քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը, արիացի, որոնցից սերվել է մարդկությունը․ այսպիսի պաթետիկ, հերոսական, ճոռոմ բաներ։ Բայց սա գործ է, եւ ի սկզբանե մարդու ֆունկցիաները բաժանված են՝ անկախ մեր ցանկությունից, ինչպես որ անկախ մեր ցանկությունից է պատերազմը լինում կամ չլինում։ Տղամարդը կռվելու, զոհվելու համար է, կինը՝ իրեն ծննդաբերելու, ով, որպես այդպիսին, իր մորը, քրոջը, դստերը պաշտպանելու համար է։ Սա է մարդկության ամբողջ պատմությունը։ Պետք չէ բնությանը դեմ գնալ։ Ըստ այդմ՝ համաձայնենք, թե չհամաձայնենք, պատերազմը կա, որովհետեւ այն մեզնից անկախ է։ Հիմա, եթե քո հարեւանը լավը չէ ու կողքից անընդհատ բզբզում է, ի՞նչ պիտի անես՝ կա՛մ թողնես գնաս այդտեղից…



- Կամ էլ վերաբերմունքդ փոխես։
- Այո՝ կամ էլ վերաբերմունքդ փոխես։ Եթե ուզում ես այստեղ ապրել, ուրեմն պետք է քո ամենօրյա աշխատանքով պատրաստ լինես, մնացածն ավելի ուշ է լինում՝ հերոսականացնել, միֆականացնել, ողբերգություն սարքել, ինքը նախեւառաջ աշխատանք է։ Այս տեսակ բաներն այնտեղ՝ դիրքերում, մի տեսակ 3-րդ, 4-րդական պլանում են։ Աշխատանք է։ Դիրքում կանգնած զինվորի համար այդ պահին 2 խնդիր կա՝ կա՛մ իրեն են խփում, կա՛մ ինքն է խփում։



- Տվյալ դեպքում իրականությունն էլ մեկն է նրա համար։
- Այո, հիմա ուզում են դրա հետ համաձայն լինեն, թե չլինեն, դա արդեն իրենց խնդիրն է, եւ եթե մենք ուզում ենք ապրել այս երկնքի ու արեւի տակ, պետք է վերաբերմունքը փոխենք, այսինքն, պատրաստ լինենք զոհվելու՝ այս հարցերի հետ կապված։ Հերոսականացումն արդեն գործողության 2-րդ արարն է, երբ առօրյան վերջանում է, գնում ենք հաց ուտելու, կենացներ են հնչում, բայց գլխավորն այդ առօրյա կյանքն է՝ զուրկ հերոսականացումից։



- Այդ հարաբերական դադարների ժամանակ, ե՞րբ գործողության 2-3-րդ արարը դարձավ արժեւորելու, մտորելու, կիսվելու պահ, նկատի ունեմ կարտոնների վրա արված զինվորների գրառումները, հատկապես որ Ղարաբաղ մեկնելիս ի սկզբանե նման խնդիր չէիք դրել Ձեր առաջ։
- Նախ ասեմ, որ պատերազմի թեմայով մի անգամ էլ Շուշիում եմ ինստալյացիա արել՝ այնտեղ իմաստային կողմը մի քիչ ուրիշ էր, իսկ այստեղ կարծես մի փոքր անփոփոխ է, ավելի լայն, ու կարծում եմ՝ իրեն ավելի լուրջ անելու համար էլի լիքը ժամանակ է պետք, լիքը նյութեր, որպեսզի նորից վերադառնաս։ Իսկապես՝ նման խնդիր չկար ամենասկզբում, որովհետեւ, երբ Ստեփանակերտ ես հասնում, տեսնում ես՝ այնտեղ մարդիկ նստած սուրճ են խմում, երաժշտություն է հնչում, պատերազմ չկա, գալիս անցնում ես Ասկերանը, մոտենում ես Մարտակերտին, մեկ էլ տեսնում ես՝ տանկեր են գնում, հրանոթներ, զինվորական տեղաշարժեր։ Ինչքան գնում ես, այնքան պատերազմը մոտենում է քեզ, ու քո առօրյայից դու մտնում ես ուրիշ առօրյայի մեջ։ Հետո, քանի որ այստեղ ուրիշ խոսակցություններ էին, ինձ հետաքրքիր էր այդ տղերքի տրամադրությունը։



- Ապրիլյան պատերազմի առաջին օրերից այնտե՞ղ էիք, ո՞նց ստացվեց այս ամբողջ ընթացքը։
- Մեզ մոտ՝ Սիսիանում, նախորդ պատերազմից սկսած, այսպիսի սովորություն կա՝ մի ընտանիքից 2 հոգի չի գնում պատերազմ, ասենք՝ եթե եղբայրը կամ հայրը գնացել է, սպասում են, մինչեւ վերադառնում է, ու նոր ինքն է գնում։ Հիմա իմ եղբայրը գնացել էր, բայց Սիսիանի ջոկատի տղաների այդ դեպքը որ եղավ, տեղս արդեն նստելու տեղ չէր, գնացի տղերքի մոտ։ Այդ ձեւով ստացվեց, այնպես չէր, որ ես հերոս էի, գնացի այնտեղ հերոսանալու, ու նման բաներ։ Հետո այնտեղ իմացա, որ այդ «անառակի զուգագուլպայից» ներքեւ ավելի վատ դիրք կա, ու եղբայրս էլ հենց այդտեղ էր։ Դիրքերում սկսեցի տղերքին հարցեր տալ, այն նույն հարցերը, որ այստեղ՝ Երեւանում էին քննարկվում, հատկապես Ֆեյսբուքում՝ «բարձր ստրատեգիական» մակարդակով։ Իսկ իրականում գնում տեսնում ես մի սերժանտի՝ թաղի տղա, ում եթե դու փողոցում տեսնես, չես նայելու իրեն, որովհետեւ քյարթու դեմք է, ով, սակայն այնտեղ առյուծ է ու մեկ էլ քեզ ասում է՝ ձյաձ, դուք գնացեք քնեք, մենք կկանգնենք։ Ափսոս, առաջին օրերին այս կարտոնները կամ մի ձայնագրիչ հետս չտարա, որովհետեւ առաջին օրերը շատ ազնիվ էին, ամեն ինչ պատմում էին, հետո սկսեցին ստեղից-այնտեղից լուրեր գնալ, ու մշակումն սկսվեց, իրենք սկսեցին հերոսանալ։ Ես որ այդ կարտոնները բերեցի կախեցի, տեղերքն սկսեցին հարցուփորձ անել, թե ինչու եմ կախել, իրենց մեջ սկսեց հետաքրքրություն առաջանալ, հետո ասացի՝ տղերք, կարո՞ղ ա դիրք տանք, ի՞նչ եք մտածում, իրենք էլ թե՝ ո՞նց, ի՞նչ ես ասում, ասացի՝ գնացեք գրեք, բա թե՝ գրական չեմ կարա գրեմ, տառերը մոռացել եմ․ ամաչում էին տառասխալներ անեն, ասացի՝ գնացեք, ազատ ինչ մտածում եք, գրեք, միայն ծննդյան թիվը, անունն ու որտեղից ես։ Որոշ ժամանակ անցավ, ու կամաց-կամաց սկսեցին մոտենալ ու գրել, հետո ինչքան ժամանակ անցավ, այնքան ատելությունն ավելացավ, ու գնացին քֆուրները։ Դրանք, իհարկե, չեմ բերել ցուցադրել, բայց սկիզբը սա էր, երբ ընդամենը ուզում էի ֆիքսել։



- Ու մի՞տք էլ չկար, որ հնարավոր է ավելի մեծ բան դառնա։
- Այդ շրջանում՝ չէ։ Հետո, երբ մեր Սիսիանի ջոկատի տղերքի ավտոբուսի այդ դեպքը եղավ, ու մեր տղերքից մեկին տարա նայելու այդ վիլիսը, այդտեղ միտք առաջացավ, որ միգուցե մի բան անեմ սրա հետ կապված, որ արդարացված լիներ իմ այնտեղ գնալը, որովհետեւ, ասում եմ, ես կրակող չէի, ես անցած պատերազմում մի փամփուշտ եմ կրակել, այն էլ՝ օդ։ Վիլիսի կողքին կային նաեւ մեր տղաների վառված շորերից, որ եթե բերեի, արդեն մի քիչ էսթետիկան կկորեր, եւ մազոխիզմ կլիներ։ Անցնում էին օրեր, ու անընդհատ մտածում էի այդ ամենը ցուցադրելու ուղղությամբ, հետո զգացի, որ եթե մի քիչ էլ անցավ, էլ չեմ անելու։ Վերադառնալուց հետո, երբ արդեն խաղաղություն էր, այս շարքն սկսեցի, էլի գալիս եմ մեր նախորդ այն խոսակցությանը, որ էպիկականացնելը գործողության 2-3-րդ արարն է, որը մենք շփոթում ենք ու բերում առաջ։



- Ցուցահանդեսն ինչպե՞ս ձեւավորեցիք, այն բացառապես վստահեցիք համադրողի՞ն, թե՞ նաեւ միջամտել եք։
- Այստեղ նաեւ մի ուրիշ բան կա․ ես տարածության մեջ արել եմ տարբեր ինստալյացիաներ, փերֆորմանսներ, որ ստացվել է, բայց պատերի ներսում նման բան արած չկայի ու հաստատ այսպես չէի կարող անել։ Ամբողջն ինքն է որոշել։ Օրինակ՝ ֆոտոներ կային, որ ես կուզեի դրանք լինեին, բայց Էլլան ասաց, որ սա է ճիշտը, նա կարեւոր դերակատարություն ունեցավ այս հարցում՝ լուսավորությունից սկսած։ Օրինակ՝ վերջին սրահում խորան սարքելու այդ գաղափարն իրենն էր, ու կարծես ամենալավը հենց դա է ստացվել, այսինքն՝ հուզականություն կա մեջը։



- Իսկ դիրքերում զինվորներին լուսանկարելու ժամանակ կայի՞ն ինչ-որ պահեր, որ չեք նկարել, կամ գուցե իրենք չեն թողել։
- Չէ, որովհետեւ դու արդեն իրենցից մեկն ես, եւ իրենք արդեն պոզա ընդունելու խնդիր չունեին։ Բնական է, երբ անծանոթ մարդ է լինում, սկսում են խրտնել, իրենց բնական վիճակի մեջ չեն լինում, բայց երբ իրենց հետ ես, իրենք քեզ մի ամիս առաջ էլ տեսել են այդտեղ, դու արդեն իրենց մարդն ես։



- Այս ամբողջ ցուցահանդեսում Ձեզ համար կա՞ մի արտեֆակտ, որի շուրջ ամբողջությամբ հավաքվում է ցուցահանդեսը, եւ հենց միայն դրանով էլ կարող էիք ցուցադրություն անել։
- Օրինակ՝ այս բակլաշկան, որ եղել է եղբորս ուսապարկի մեջ, որը դռոնի խփելուց հետո այդ բեկորներից ծակվել էր, ու եթե սա չլիներ, վիրավորվելու էր, կամ այն շիշը։ Այստեղ ներկայացված ամեն բան կարող էր առանձին ցուցադրվել, բայց այդ ուղղությամբ չեմ մտածել։ Էլլայի շնորհիվ սրանք բոլորը միասին ամբողջական են նայվում, բայց արդեն ինձ սկսել է չբավարարել։ Ցուցահանդեսը կախելու հաջորդ օրը հասկացա, որ միգուցե մակերեսային եղավ ամեն ինչ, այսինքն՝ ինքն ավելի խորքային ասելիք է, ու տարիների ընթացքում միգուցե նորից անդրադառնամ այս թեմային։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image