Մեկ-երկու խոսք ասենք (հերթական անգամ) այն մասին, թե «ովքեր են իրականում ուզում արտատարածքային միջանցք տալ և ում են ուզում տալ» (հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Թորոսյան Արսենն է): Այդ հարցադրումն այս կամ այն ձևով անընդհատ շրջանառվում է հանուն պաշտոնի ու դրանից բխող ֆինանսական և այլ օգուտների՝ հայրենիքի ճակատագրի վրա մեծ հաշվով թքած ունեցող անձանց կողմից: Թեմայից շեղվելով՝ հայտնեմ, որ անկախության շրջանի առաջին տարիներին ինչ-որ ծանոթով (արդեն մոռացել եմ դրա ով և ինչ պաշտոնի լինելը) ինչ-որ պաշտոն պետք է ստանձնեի, բայց կառավարության՝ կլոր աստիճանավանդակներով շենքի հարկերից մեկի միջանցքով քառորդ ժամ աջ ու ձախ գնալով՝ ոչ թե բախեցի համապատասխան աշխատասենյակի դուռը, այլ դուրս եկա շենքից: 2018-ին, որպես 60-ին մոտ ու կյանք տեսած անձնավորություն, պատրաստ էի պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում, բայց այդ օրերի «դուխով» Նիկոլին պետք չէր մեկը, ով քննադատում էր իրեն ու ճիշտ ուղղություն ցույց տալիս: Արդյունքում ինքն իրեն շրջապատեց ջահելներով, ովքեր չունեն երիտասարդյության դրական հատկանիշները: Ու, միաժամանակ, բացասական հատկանիշների առումով շատ ավելի «հարուստ» են, քան կյանք տեսած ահելները:
Ինչևէ, վերադառնանք Սյունիքով միջանցքի արտապատվիրակման գաղափարի հայաստանյան հեղինակին: Ի դեպ, միջանցքի արտապատվիրակումը նույն երևույթն է, ինչ արտատարածքային միջանցքը: Թեև իշխանության կողմից իր առումով օգտագործվում է առաջին հասկացությունը, իսկ այլոց առումով՝ երկրորդը: Ինչն, ընդունենք, քարոզչական առումով խիստ գրագետ մարտավարություն է: Քանի որ մարդիկ, նախ, ինչ-որ չափով սովոր են «արտատարածքային միջանցք» հասկացությանը: Եվ երկրորդ, գիտակցում են դրա բացասական բնույթը պետության ինքնիշխանության տեսակետից: Եվ ստացվում է, թե ինչ աստիճանի վատն են նրանք, ովքեր ցանկանում են չգիտես ում հանձնել Սյունիքով անցնող արտատարածքային միջանցքը: Իսկ իրենց դեպքում օգտագործելով «միջանցքի արտապատվիրակում»-ը՝ շփոթության մեջ է գցում հայաստանցիների մեծ մասին: Քանի որ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէր, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Ի դեպ, առաջին անգամ լսելով այդ արտահայտությունը՝ ստիպված դիմեցի համացանցային բառարաններին, որպեսզի պատկերացում կազմեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց չեմ կարծում, թե նույն ձևով է վարվել այն մարդկանց մեծ մասը, ով ինձ նման առաջին անգամ է հանդիպել այդ արտահայտությանը:
Այժմ գանք այն հարցերին, թե ովքեր և ում են ուզում տալ «արտատարածքային միջանցքը»: Երբ ազգաբնակչության մեծամասնությունը դեռևս տառապում էր #հաղթելու_ենք «հեշթեգացավով», ժամանակին միամիտ ազգակիցներին «ագորա» խոստացող գերագույն հրամանատարը բոլորից գաղտնի ստորագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում առկա է 9-րդ կետը: Իսկ դրանով ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությանն է պատվիրակվում Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը: Այսինքն, դա «արտատարածքային միջանցքը» Ռուսաստանին տրամադրելու համաձայնությունն էր՝ տրված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Այսպիսով, եթե գործող իշխանությունը փորձում է գտնել ինչ-որ չարագործների, ապա ստիպված է շրջվել դեպի իր ներսն ու այդտեղ փնտրել դրանց: Ուրիշ հարց, որ արևմտյան դավադրությունների արդյունքում ջրվեց թե՛ վերահսկողությունը Ռուսաստանին հանձնելու գաղափարը և թե՛ ընդհանրապես Արցախի հարցը, հանուն որի ստորագրվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Բայց Նիկոլի գերագույն հրամանատարությամբ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո Հայաստանը շարունակեց պարտություններ գրանցել նաև դիվանագիտության բնագավառում: Եվ դրա արդյունքում եռակողմ հայտարարության 9-րդ կետը կրկին հայտնվեց ասպարեզում: Եվ եթե ռուսների պարագայում դա ինքնիշխանության կորուստ էր իշխանության տեսակետից, ապա 100 տարով տարածքը վարձակալության վերցնելու ամերիկյան առաջարկը, բնականաբար, պետք է նշանակեր ինքնիշխանության ամրապնդում: Ուրիշ հարց, որ առողջ դատողության առկայության դեպքում ռուսական տարբերակն ավելի ընդունելի էր, քանի որ ժամկետ չէր նշվում: Եվ անհրաժեշտության դեպքում, կախված իրադրությունից, այն կարող էր չեղարկվել առանց բարդությունների: Իսկ կոնկրետ ժամկետով վարձակալության տալու ժամանակ այն ախտելը հանգեցնելու էր առնվազն միջազգային դատարաններում հարցի քննարկմանը: Բայց առողջ դատողությունն ո՜ւր, ՀՀ գործող իշխանությունն ո՜ւր…
Ինչևէ, ՀՀ իշխանությունը գրաված «նիկոլիզմին» այլ բան չի մնում, քան ապավինել արևմտյան կառույցներին և պետություններին: Ինչպես նաև չարագործներ ու ընդհանրապես չարիք փնտրել ընդդիմության մեջ՝ մոռանալով, որ իրական սատանաները գեներացվել են հենց իր կողմից ու իր միջավայրում: Ինչ մնում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա իր կատարած սխալներից հետո այդ պետության ղեկավարությանն էլ այլ բան չի մնում, քան համաձայնվել այն որոշումներին, որ կայացվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Իսկ ավելի ճիշտ՝ կայացվում են Բաքվում և պարտադրվում են Երևանին: Իսկ հայաստանյան գրագետ հանրությանն էլ այլ բան չի մնում, քան պասիվ դիտարկել պետականության կործանումը: Կամ էլ ակտիվորեն պայքարել, որպեսզի ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը վերջապես ազատագրվի այն զբաղեցնող անձից:
Քաղաքականություն
Առողջ դատողությունն ո՜ւր, ՀՀ գործող իշխանությունն ո՜ւր…
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯