Մի 70-ն անց ռուս բալետի պարուհի պարի դասեր էր տալիս դպրոցում: Մի անգամ նրա սլացիկ կազմվածքով հմայված ինչ-որ երիտասարդ հետապնդեց նրան: Նա վազքով ուղղվեց դեպի տուն, որպեսզի տղան չհասնի իրեն: Հեւալով՝ հետեւից փակեց տան դուռը: Տարակուսած դուստրը հետաքրքրվեց մոր տարօրինակ պահվածքով:- Անհավանական է,-պատասխանեց բալետի ծեր պարուհին,-ինչ-որ երիտասարդ հետապնդում էր ինձ, բայց ես չէի ուզում, որ նա տեսնի իմ դեմքը եւ հիասթափվի: Նայիր պատուհանից, գուցե նա դեռ այնտեղ է:
Աղջիկը պատուհանից դուրս նայեց եւ տեսավ ծերուկի, որ կանգնել էր գլուխը վերեւ տնկած:
Դիանա Կարդումյանի 8 րոպե 12 վայրկյան տեւողությամբ «Աշնան արեւ» ֆիլմի համար աշխարհահռչակ գրող եւ կինոդրամատուրգ Տոնինո Գուերայի այս փոքրիկ պատմությունն է հիմք դարձել: Անծանոթ մարդու համար, ով չի տեսել ֆիլմը եւ չի ճանաչում Դիանային, այն փաստը, որ նա իր ֆիլմի համար որպես հիմք վերցրել է Ֆելինիի, Անտոնիոնիի եւ շատ այլ անվանի արվեստագետների հետ աշխատած իտալացի անվանի գրողի պատմությունը, եւ այն, որ ֆիլմի վերնագիրը նույնն է, ինչ որ մեկ այլ խոշոր գրողի եւ կինոդրամատուրգի՝ Հրանտ Մաթեւոսյանի վիպակի ու այդ վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի վերնագիրը, կարող է հավակնոտ թվալ: Բայց երբ ֆիլմը նայում ես ու տեսնում, թե ինչ պրոֆեսիոնալ աշխատանք է արված, մտածում ես, ինչպես ամերիկացին կասի՝ ինչու ոչ: Այս դեպքում հավակնությունը ոչ թե սեփական անձը կարեւորելու մարմաջ է, այլ լավ ֆիլմ նկարելու ցանկություն:
Դիանայի ֆիլմում պարուհին ավելի երիտասարդ է, քան Գուերայի պատմության մեջ, եւ ֆիլմից դուրս է մնացել նաեւ գլուխը վեր ցցած ծերունին: Ինչպես նաեւ պարուհու՝ իր դստերն ուղղված այն խոսքը, թե ինքը չէր ուզում, որ երիտասարդն իր դեմքը տեսներ: Մինչեւ ֆիլմի վերջաբանը մենք նույնիսկ չգիտենք, որ պարուհին տարիքն առած կին է, ընդհակառակը՝ ռեժիսորը ցույց է տալիս պարի դպրոցից դուրս եկող երիտասարդ պարուհիների խումբը եւ այդ տեսարանում՝ դպրոցի դռան ապակու մեջ արտացոլված երիտասարդին՝ թերթը ձեռքին: Պարուհու ապրումը, որ Գուերան ներկայացրել է խոսքի միջոցով՝ ես չէի ուզում, որ նա տեսնի ու հիասթափվի, ռեժիսորը ներկայացնում է հետապնդման տեսարանում, պատկերաշարի միջոցով, որտեղ մենք չենք տեսնում պարուհու դեմքը, բայց զգում ենք հետ շրջվելու եւ հետապնդողին տեսնելու զսպված ցանկությունը:
Ֆիլմը դիտողը չի տեսնում պարուհու դեմքը, հետապնդող երիտասարդին տեսնում է միայն մի ապակու արտացոլանքում, որ ենթադրաբար հետապնդողն է, բայց որը կարող է նաեւ տեսողական խաբկանք լինել: Ռեժիսորը Գուերայի պատմությունը ծածկել է անորոշության շղարշով, որ հանդիսատեսին մտորելու առիթ է տալիս: Կա՞ հետապնդող տղան, թե՞ դա պարուհու վերհուշն է կամ սիրված ու ցանկալի, հետապնդման առարկա լինելու ցանկությունը որպես իրականություն երեւակայելու արդյունք: Բայց ֆիլմում հստակ ձեւակերպված է ծերացող կնոջ ապրումը, որ հոգով երիտասարդ է, որի հոգին կշոյվի ուշադրությունից, որ ծարավ է լիարյուն կյանքի, բայց նաեւ գիտակցում է իր տարիքը եւ կաշկանդվում:
Ֆիլմի վերջին հատվածում տարեց պարուհու հորդորով աղջիկը պատուհանից դուրս է նայում՝ ներքեւում ոչ ոք չկա, բայց քամին տարուբերում է փողոցում ընկած թերթի էջերը, որ անորոշ ակնարկ է, թե երիտասարդը մտացածին չէ: Դիանայի «Աշնան արեւ» ֆիլմը մեր ընթերցողը կարող է դիտել «YouTube»-ում, իսկ ստորեւ կարող եք կարդալ նրա հետ ունեցած մեր հարցազրույցը:
- Տոնինո Գուերայի փոքրիկ պատմության ու Ձեր ֆիլմի միջեւ որոշակի տարբերություններ կան:
- Տոնինո Գուերայի մոտ մի կնոջ ու մի տղամարդու պատմություն է եւ շատ կոնկրետ մարդկանց մասին: Տոնինո Գուերայի մոտ կինը յոթանասուն տարեկան է, եւ ես մտածեցի՝ քանի որ գործողությունները Հայաստանում են կատարվում, մենք չենք կարող շատ յոթանասուն տարեկան կանանց տեսնել, որոնց հետեւից երիտասարդ կգնա կամ գոնե յոթանասուն տարեկան ծերունի: Ես հանեցի ծերունու կերպարը, կոնկրետությունից հանեցի: Իսկ ինչ վերաբերում է տղային, կարեւոր չի, որ ինքը լինի, կարեւորը կնոջ զգացողությունն է, որն ուզում է, որ նա լինի:
- Ֆիլմը փառատոնային կյանք ունեցե՞լ է:
- Ֆիլմը ցուցադրվել է ամերիկյան Սիրակուզայի կինոփառատոնում, Ստամբուլում ցուցադրվեց, Մոսկվայում՝ կինոդպրոցի շրջանակներում, «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրվեց, բայց որ ասեմ շատ փառատոնների է մասնակցել՝ չէ: Երեւի ես էդ առումով հավակնոտ չեմ եղել, շատ փառատոնների հայտ չեմ ներկայացրել:
- Ինչո՞ւ:
- Դե չգիտեմ: Որովհետեւ սկզբում մի քիչ կոտրվեցի: Երբ որ ֆիլմը նկարվեց, մտածում էի՝ մարդիկ կնայեն, մի բան կասեն: Ես սպասելիքներ ունեի, որովհետեւ ժապավենով իմ առաջին ֆիլմն էր եւ գոնե իմ կյանքում երեւույթ էր:
- Վերջերս Կինոյի տանը կայացած քննարկման ժամանակ կինոգետ Սուրեն Հասմիկյանն ասաց, որ մեր կինոյում մարդն է պակասում: Եթե համաձայն եք այդ դիտարկմանը՝ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ մեր կինոն կտրված է իրականությունից եւ մարդուց: Պետբյուջեից այդպիսի ֆիլմերը չե՞ն ֆինանսավորվում, թե՞ ուրիշ խնդիր կա:
- Պետբյուջեի փողերը ոչ թե կոնկրետ թեմաների են տրվում, այլ կոնկրետ ռեժիսորների: Այսինքն ավելի տարեց ռեժիսորների գումարներ տրվում են իրենց նախկին փառքի ու անունների համար, իսկ համեմատաբար երիտասարդներին այն ժամանակ է փող հատկացնում, երբ որ ռեժիսորը դրսից ֆիլմի բյուջեի գոնե երեսուն տոկոսը բերում է: Այսինքն եթե դրսից դու բերեցիր այդ փողերը, դու շանս ունես լիամետրաժ ֆիլմ նկարելու: Կինոկենտրոնը ամեն ինչին էլ տալիս է, եթե շանս ունի նկարվելու: Բայց ես այդ կտրվածությունը տեսնում եմ: Ինձ հիմա ավելի հաճելի է նայել «Երջանկության մեխանիկան», որտեղ սովորական տղամարդու եւ կնոջ պատմություն է, քան թե այսօր նկարահանվող ֆիլմերից շատերը:
Ցավալի է, որ մեր ռեժիսորներից շատերը տնից դուրս չեն գալիս եւ չեն տեսնում, թե դրսում ինչ է կատարվում: Կարճամետրաժների դեպքում՝ ես կարծում եմ, որ դա մի դաշտ է, որտեղ դու պարապում ես, արհեստին ես տիրապետում, արվեստին ես տիրապետում: Դա քո վարժանքն է: Իմ առաջին չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է: Ես մտածում եմ, որ նախ պետք է կինոյի հիմունքներին տիրապետել, նոր ստեղծագործական ինչ-որ մտահղացումներ իրականացնել:
- Լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին երբ «Ոսկե ծիրանի» շրջանակում այստեղ էր, ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենց երիտասարդներն անընդհատ վատաբանում էին ավագ սերնդի ռեժիսորներին, բայց երբ իրենց հնարավորություն տրվեց նկարահանել ֆիլմ, նրանց մեծ մասը ձախողվեց: Մեզանում ավագ սերունդն է անընդհատ ձախողվում: Իսկ երիտասարդներին էդ շանսը տալի՞ս են:
- Ես երկու տարի է՝ լիամետրաժ ֆիլմի պրոյեկտի վրա եմ աշխատում՝ «Պա դե Տրուա»: Լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որ ինչ-որ առումով շոշափում է մեր երկրում կատարված իրադարձությունները: Բալետի պարողների միջոցով, որովհետեւ նրանց բեմական կյանքը թիթեռի կյանք է: Նրանք լավագույն դեպքում քսան տարի կարող են պարել, բայց եթե նրանց քսան տարին համընկնում է 1988-2000 թվականների հետ, այսինքն նրանք մեխանիկորեն դժբախտ են դառնում, որովհետեւ եթե երկիրը պատերազմի մեջ է, քանդված է, բալետը ոչ մեկի պետքը չի: Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք երկրում մնալով՝ զոհ կամ հերոս չեն խաղում, բայց որոնք տրամպլին են եկող սերնդի համար:
Ես, ինչպես մյուս երիտասարդ ռեժիսորները, փաթեթ կազմեցի եւ սկսեցի դրսում ներկայացնել, բայց շատ դժվար է դրսից ֆինանսավորում ստանալ, որովհետեւ էսօր նույնիսկ Հայաստանում չգիտեն, թե ով է Դիանա Կարդումյանը, եւ հետո՝ այս ֆիլմի թեման այն թեմաներից չի, որոնք հայերը սպեկուլյացիա անելով՝ Հայաստանը վատ լույսի տակ են ներկայացնում, ընդհակառակը, այստեղ Հայաստանում ապրող մարդը արժանապատվորեն է ներկայանում: Ինձ համար շատ դժվար է փող գտնել թեմայի նրբություններից ելնելով: Ես միշտ երազում եմ, ասում եմ՝ վերջապես ինձ մի հնարավորություն տան, եթե ես տապալեցի, ուրեմն իմ մեղքն է, եւ ես այլեւս ոչ պետությունից պետք է սպասելիքներ ունենամ, ոչ ինչ-որ մարդկանցից: