Մշակույթ

«Կինը» եւ կինոն

«Կինը» եւ կինոն
width=400Դեկտեմբերի 1-5-ը Տիկնիկային թատրոնում անցկացվեց «Կին» 7-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էին միայն կին ռեժիսորների ֆիլմեր: Ժյուրիի կազմում նույնպես բացառապես կանայք էին: Հենց այդ պատճառով փառատոնի կատալոգից բացակայում էին ռեժիսորների եւ ժյուրիի անդամների ծննդյան տարեթվերը: Տղամարդ ռեժիսորները փառատոնին կարող են իրենց մասնակցությունը բերել միայն հյուրի կարգավիճակում:



Մրցութային ծրագրից զատ, փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Դորտմունդ-Քյոլնի կանանց միջազգային փառատոնի ֆիլմերը, ինչպես նաեւ Սաիդա Մեդվեդեւայի եւ Յուրիս Պոդնիեկսի ֆիլմերը: Այս տարի առաջին անգամ շնորհվեց «Դեբյուտ» մրցանակը: Այն ստացավ ֆեմինիստական ֆառատոնի մրցանակակրին սազական անուն-ազգանունով բուլղարացի ռեժիսոր Վելիսլավա Գոսպոդինովան «Փարոս» ֆիլմի համար, որ նկարահանված է ֆրանսիացի բանաստեղծ եւ կինոդրամատուրգ Ժակ Պրեւերի «Փարոսի պահակը չափազանց շատ էր սիրում թռչուններին» պոեմի հիման վրա:



Փառատոնի բացման օրը պարզվեց, որ հանդիսատեսը նույնպես մեծամասամբ կանայք են, իսկ ցուցադրվող կարճամետրաժ ֆիլմերը՝ մեծամասամբ կանացի թեմաներով: Պաուլինա Տերվոյի վավերագրական «Փշեր եւ մետաքս» ֆիլմը պատմում է 4 պաղեստինցի կանանց մասին: Նրանք բոլորն էլ զբաղվում են այնպիսի աշխատանքով, որ մահմեդական հասարակության մեջ ընդունված է տղամարդկային համարել: Կին ոստիկանի, ավտոմեխանիկի, լուսանկարչի եւ տաքսու վարորդի մասին պատմող՝ ֆեմինիստական դիտանկյունից նկարահանված ֆիլմը լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից:



Երկու կանայք, նույնիսկ չկարողանալով զսպել իրենց էմոցիաները, ֆիլմի ամբողջ ընթացքում խոսում էին, մեկնաբանելով տարբեր տեսարաններ եւ միմյանց պատմելով իրենց ծանոթ կանանց մասին, ովքեր ֆիլմի հերոսուհիների պես տղամարդու գործով են զբաղված: Հանդիսատեսի մոտ պակաս հաջողություն չունեցավ կոսովացի կինոբեմադրիչ Շոթա Բուկուշի «Անզուսպ պահվածք» ֆիլմը, հատկապես այն տեսարանը, որտեղ պատմվում է կուսաթաղանթը վերականգնող վիրահատությունների մասին: Մրցութային ծրագրում ներառված հայ կին ռեժիսորների ֆիլմերը, բացառությամբ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի, աչքի չէին ընկնում արհեստավարժությամբ, բայց ուրախալի է, որ թեմաները հիմնականում սերը եւ կին-տղամարդ հարաբերություններն են:



«Կանացի» կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացավ համառեժիսորներ Իննա Սահակյանի եւ Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը:  Փառատոնի եւ հայկական կինոյում կանանց ներգրավվածության մասին զրուցեցինք փառատոնի աշխատանքները համակարգող Նարինե Ջրբաշյանի հետ:



- Ավանդաբար կինոռեժիսորի մասնագիտությունը տղամարդկային մասնագիտություն է համարվել, եւ հայ կին ռեժիսորները շատ քիչ են: Փառատոնը կանանց կինո ներգրավելու խնդի՞ր ունի:



- Մեր նպատակներից մեկը նաեւ ինչ-որ շարժ ստեղծելն է: Յուրաքանչյուր փառատոն նախեւառաջ կինոընթացքը ներկայացնելու միջոց է, որը, բնականաբար, նպաստում է նաեւ կինոարտադրությանը: Մենք մեր բոլոր հայ մասնակիցների հետ հանդիպումներ ենք կազմակերպում: Այսինքն մի մթնոլորտ է ստեղծվում, որ անպայման կնպաստի նրանց առանջընթացին:



- Փառատոնի բացման օրը ցուցադրված ֆիլմերը հիմնականում «կանացի» թեմաներով էին: Ինչպե՞ս է կատարվում ֆիլմերի ընտրությունը:



- Թեմաները շատ տարբեր են: Առաջին օրը, քանի որ կին ռեժիսորների փառատոն է, մենք աշխատում ենք կանացի թեմաներով արված ֆիլմեր ցույց տալ: Բայց օրինակ անցյալ տարի մեր փառատոնում մրցանակ շահեց մի ֆիլմ, որ պատմում էր ծերանոցի մասին:



- Այսինքն փառատոնը ֆեմինիստական ուղղվածություն չունի:



- Ունի, բայց ինձ համար էական չէ, թե ով է ռեժիսորը: Իհարկե, տարբերություն երբեմն լինում է, բայց կան կանացի ֆիլմեր՝ սենտիմենտալ, որ նկարահանում են տղամարդիկ:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image