Հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի 2-րդ ցուցադրությունը, որին, ինչպես եւ նախորդ օրը, ներկա էր ֆիլմի ողջ ստեղծագործական կազմը, ինչպես նաեւ հասարակական, մշակութային դեմքեր: Մինչ սկսվելը, բեմ բարձրացավ ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը եւ իր ողջույնի խոսքում նշեց, թե շատ սուղ ժամկետներում՝ ընդամենը մի քանի ամսում հասցրին ֆիլմը նկարել, ակամայից հաստատելով այն խոսակցությունները, որ ֆիլմը ՀՀԿ-ի պատվերն է: Հակառակ դեպքում ո՞վ էր ստիպել Քեշիշյանին պատմական ֆիլմն ավարտել շատ սուղ ժամկետներում՝ մի քանի ամսում, առավել եւս, երբ ֆինանսական մասով նեղություն չեն քաշել: Ֆիլմի գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իսկ բյուջեն, ընդհանուր առմամբ, կազմել է մոտ 7 միլիոն դոլար: Անշուշտ, «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ֆիլմոգրաֆիայի մեջ ամենալավն է ստացվել, թեկուզ եւ իր կրկնվող դերասանական կազմով, այնուամենայնիվ, ֆիլմը դիտարժան եւ տեղ-տեղ էլ շատ հուզիչ է ստացվել, դա էլ մեծամասամբ՝ շնորհիվ երաժշտության հեղինակ Հայկոյի: Ու չնայած ֆիլմի սաունդթրեքը ոչ մեկի կողմից չի կատարվում, բայց երաժշտության մոտիվը հեռվից հեռու նմանություններ ուներ «Սպանված աղավնու» մեղեդուն: Ամեն դեպքում, չնայած 7 միլիոնանոց բյուջեին, ֆիլմն էկրանից այդքանի հաստատ չէր երեւում, հատկապես, որ Սյունյաց լեռներն ու ձորերը նոր չէին կառուցվել, իսկ պատերազմական տեսարաններն էլ շատ ու մասշտաբային չէին: Ֆիլմն ընդգրկում է Նժդեհի կյանքի եւ գործունեության 1918-53 թթ. շրջանը:
Ցանկանալով պատմել Նժդեհի մասին ինչքան հնարավոր է ավելին, ռեժիսորն արդյունքում ստացել էր կենսագրական փաստերի առանձին դրվագների կտրտված արտացոլում: Ինչ վերաբերում է ՆԺդեհի կերպարին, ապա ֆիլմում նա սպասվածից ավելի խեղճ է երեւում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա վաղ տարիքում երկու անգամ վիրավորվում, հիվանդանոցում պառկում, ծանր ցավեր քաշում, ինչպես է իր փոխարեն իր զինակից ընկերը որոշումներ կայացնում՝ 200 ռազմագերիներին Տաթեւի ձորը նետելու եւ թուրքերի վրա հարձակվելու, թե ինչպես է սուրը ճոճում թշնամու գլխին, եւ միայն մի քանի դրվագ, երբ այդ սուրը պայքարի մեջ է մտնում: Թերեւս կարելի է ենթադրել, որ ռեժիսորը կամ խուսափել է Նժդեհին ավելորդ «սրբացնելու» տեսարաններից՝ ակամայից խեղճուկրակ դարձնելով նրան, կամ էլ մարտական տեսարանները հավելյալ ծախսեր են պահանջել: Այնուամենայնիվ, դերասան Շանթ Հովհաննիսյանին լավագույնս հաջողվել էր մարմնավորել երիտասարդ տարիների Նժդեհին, ինչն Արտաշես Ալեքսանյանի դեպքում միանշանակ չես կարող ասել: 1918 թվականի համար անսովոր կերպով փայլուն համազգեստով եւ պսպղուն կոճակներով էին հանդերձավորված նաեւ սարերում կռվող մեր զինվորները:
Ֆիլմի ավարտից հետո մոտեցանք հրավիրյալներից մի քանիսին եւ փորձեցինք նրանց կարծիքը լսել: Արա Երնջակյանի կարծիքով, ամեն ինչ շատ լավ էր. «Ես շատ վախենում էի, անկեղծ ասած, որովհետեւ թեման շատ վտանգավոր էր՝ լավ իմաստով, ուրախ եմ, որ չհիասթափվեցի եւ բավականին մեծ ապրումներ ունեցա այդ 2 ժամվա ընթացքում: Ես այնքան ուրախ եմ, որ ռեժիսորի աչքերով չեմ նայել այս ֆիլմը, այլ նայել եմ հանդիսատեսի աչքերով: Նժդեհի 2 դերակատարներն էլ շատ համոզիչ էին, փայլուն կազմ էր խաղում»: Հետաքրքրվեցինք, թե ֆիլմի 7 միլիոն բյուջեն երեւո՞ւմ էր էկրանից: «Չեմ ուզում դրա մասին խոսել, ես նայում էի ֆիլմ, թող հաշիվները ուրիշներն անեն, թե ինչքան է ծախսվել, դա արդեն... ընդհանրապես կինոն թանկ հաճույք է, իսկ Նժդեհին, ինձ թվում է, պետք էր նման գումարներ հատկացնել»:
Արմեն Խանդիկյանի կարծիքով, բարձր որակի ֆիլմ էր ստացվել. «Մեկ շնչով նայել եմ, բարձր կուլտուրա կա ֆիլմում, ուրախ եմ, որ վերջապես Նժդեհի մասին այս թեմայով բարձր որակի ֆիլմ ունեցանք: Նժդեհի դերակատարների դեպքում ինձ համար կարեւոր էլ չէր՝ նմանությունը շատ է, թե քիչ, կարեւորը համոզիչ էին»:
Արսեն Գրիգորյանն (Մրո) էլ ֆիլմի ընթացքում հասցրել է մի քանի անգամ հուզվել. «Որովհետեւ դրվագներ կային, որոնք որ սրտից էին խոսում, երաժշտությունը շատ գեղեցիկ էր: Ինձ համար շատ կարեւոր է, որ մեր իրականության մեջ այդպիսի երեւույթներ են լինում, որտեղ արժեւորման սկզբունք կա: Սա իսկապես արժեւորում է, իսկ տեխնիկական հարցերն ինձ այդքան էլ չեն հուզում, ինձ մի բան է հուզում, որ ես կուզենամ, որ իմ երեխան նայի այս ֆիլմը: Միգուցե ինչ-որ մի տեղ պատմական մի փաստ այն չէ, որովհետեւ գեղարվեստական ֆիլմ է, բայց ազգային գաղափարախոսություն այս ֆիլմում ես գտա»:
Արթուր Սահակյանը դժվարանում է պատասխանել՝ Նժդեհին արժանի՞ ֆիլմ էր, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում կարծում է, որ մեզ պետքական ֆիլմ է. «Լավ է, որ լավ է, ու շատ պետք է այս ֆիլմը: Ես մեկ-մեկ ֆիլմի ընթացքում նայում էի նաեւ դահլիճին ու տեսնում էի, որ իրենք ընդունում են, հատկապես վերջին խոսքերը ցնցում էին, ամեն ինչ շատ լավ էր»:
Կարեն Ջանիբեկյանն էլ ուրախ էր այնքանով, որ «նայեցինք նորմալ, մարդկային, հոգեբանական ֆիլմ, վերջապես սերիալների հի-հի, հա-հա-ներից պրծանք»: