Հասարակություն

Հյուսիս-Հարավ ճանապարհի վնասները

Հյուսիս-Հարավ ճանապարհի վնասները

Որոնք են Հյուսիս-Հարավ ճանապարհի օգուտները մեր երկրին` դեռեւս նշմարելի չէ: Սակայն կրիայի արագությամբ կառուցվող ճանապարհի վնասները, հետագայում դրանց հետ կապված ոչ դյուրին խնդիրներն արդեն ակնհայտ են: Շուրջ երկու տարի սկսված ճանապարհի շինարարությունից երեւում է, որ նախագծողների առաջին նպատակը եղել է ունենալ ճանապարհ՝ նվազագույն ծախսերով: Նախագծողների կատարած խնայողությունների պատճառով անհարմարություններ են ստեղծվում գլխավոր ճանապարհից դեպի ճանապարհամերձ բնակավայրերը:



 



Շատ վայրերում մի քանի գյուղ ճանապարհին են միանում մեկ կետից, որը հարմար է գուցե մեկ, բայց հարմար չէ մի քանի բնակավայրերի համար: Այդ թերությունների վնասներն ի հայտ կգան ընդհանուր կառուցապատման ժամանակ, իսկ հետագայում դրանք շտկելն ահռելի ծախսեր կպահանջի: Մի խոսքով, ճանապարհը նախագծողների պատճառով շատ բնակավայրեր առաջիկայում կհայտնվեն շրջափակման մեջ: Երկու օր առաջ Թալինի տարածաշրջանում, ուր արդեն շուրջ երկու տարի է, ինչ սկսվել է ճանապարհի շինարարությունը, աշխատանքներին զուգընթաց ի հայտ են գալիս նորանոր անհարմարություններ: Մարդիկ փորձեցին փակել Երեւան-Գյումրի մայրուղին, որպեսզի իրենց բողոքի ձայնը լսելի դարձնեն թե հանրապետության վերին իշխանություններին, թե ճանապարհաշինարարներին: Բողոքողները ներքինբազմաբերդցիներն էին, որոնք մայրուղուց հարավ ունեն հարյուրավոր հեկտար սեփականաշնորհված հողեր եւ արոտավայրեր: Մինչեւ հիմա գյուղացիները նշված տարածքները հասնելու համար անցնում են Երեւան-Գյումրի մայրուղու վրա կառուցված կամրջի տակով: Իսկ Հյուսիս-Հարավ մայրուղին փակում է եւ մարդկանց, եւ անասունների` դեպի սեփականաշնորհված տարածքներ եւ արոտավայրեր ճանապարհը: Ավելորդ չի լինի ասել, որ այստեղ մարդկանց եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է, որը պայմանավորված է դաշտավարությամբ:



 



Ճանապարհի շահագործումից հետո նրանք կզրկվեն ապրուստի այդ միջոցներից: Այս անգամ մարդկանց չհաջողվեց վերջնականապես փակել Երեւան-Գյումրի մայրուղին, սակայն դրա վտանգն առկա է ամեն օր, քանզի շինարարները պարտավոր են ու սրբորեն կատարում են նախագծով նախատեսված աշխատանքները, եւ դժվար թե դեռեւս տարերային հնչող բողոքի ձայնին ականջալուր լինեն իշխանություններն ու համապատասխան կառույցները: Սակայն այսքանով հարցը վերջնականապես փակված չէ, քանզի շրջափակումից դուրս գալու համար մարդիկ պատրաստ են պայքարել բոլոր միջոցներով: Չմոռանանք, որ Հյուսիս-Հարավ մայրուղին ձգվում է շուրջ 550 կիլոմետր, եւ նման խնդիրները բացառված չեն ճանապարհի այլ հատվածներում: Կարծում ենք` վերստին արժե վերանայել ճանապարհի նախագծերը, որպեսզի հետագայում բացառվեն մարդկանց ընդվզումները եւ դրամական ավել միջոցներ վատնելը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image