ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Րիադում հանդիպել է Սիրիայի անցումային առաջնորդ Ահմադ Ալ Շաարային: Վերջին 25 տարվա ընթացքում սա ԱՄՆ-ի եւ Սիրիայի նախագահների միջեւ առաջին հանդիպումն է: Բանակցությունները տեղի են ունեցել Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացման եւ Վաշինգտոնի ու Դամասկոսի միջեւ երկխոսության վերականգնման դիվանագիտական ջանքերի շրջանակներում։ Բացի այդ, առցանց հանդիպում են կազմակերպել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին միացել է նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ բին Սալմանը: Էրդողանը հրճվանքով հայտարարել է, որ ողջունում է Թրամփի՝ Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցները վերացնելու որոշումը եւ որ ինքը հետամուտ կլինի Սիրիայի իշխանություններին աջակցելուն եւ ահաբեկչության դեմ պայքարին: Հիշեցնենք, որ ժամանակին ԱՄՆ-ն տասը միլիոն ԱՄՆ դոլար պարգեւավճար էր խոստացել նրան, ով իրեն կհանձներ Շաարային:
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ԱՄՆ նախագահի հանդիպումն Ալ Շաարայի հետ համարում է երկակի ստանդարտների դրսեւորում: «Դա կարելի է բնորոշել այսպես՝ երկակի ստանդարտներ: Երբ որ Դոնալդ Թրամփը հանդիպում է, մամուլի ճիշտ բնորոշմամբ՝ Սիրիայի ահաբեկիչ նախագահի հետ, որին մի օր մեղադրում էր ցեղասպանության մեջ, հաջորդ օրը փորձում էր ըմբռնումով մոտենալ Սիրիայի նախագահի ցեղասպան քաղաքականությանը, մի օր իմանալով տվյալ դեպքում Սիրիայի նոր նախագահի դիրքորոշումը Գազայի հարցում, որ այնտեղ կոտորվում են պաղեստինցիներ, արաբներ, եւ դրանից հետո իր վերաբերմունքը փոխում է ու հակասիրիական հայտարարություններ անում: Իսկ հիմա հանդիպում է, ջերմ ողջունում, իր աջակցությունն է հայտնում: Կիրառվում են բոլորիս հայտնի երկակի ստանդարտները»:
Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, թե դա արդյոք նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն Սիրիայում Թուրքիային է վերակացու նշանակում, միջազգայնագետն ասաց, որ, միանշանակ, այդպես է։ «Շատ դիվանագիտական մեթոդ է կիրառվում Թուրքիայի կողմից՝ բարի կամքի դեսպանի միջնորդային դերակատարումը՝ իբր խաղաղություն հաստատելու Սիրիայի տարածքում եւ Միացյալ Նահանգների՝ ի դեմս Թրամփի, հովանու ներքո: Բայց ես կուզեի մեկ այլ հետաքրքիր դրվագի մասին խոսել նաեւ, առ այն, որ ընդհանրապես արաբական աշխարհի եւ նրան հարաբերվելու ձեւաչափը փոխվել է: Առաջին տպավորությունն այն է, որ ինչ-որ տեղ նաեւ զիջողական քաղաքականություն է վարում, հատկապես տեսնելով իր հանդեպ օրեցօր գահավիժող ռեյտինգն ու ռեպուտացիան: Թրամփը հրաժարվեց Պարսից ծոցը պաշտոնապես Արաբական ծոց ճանաչելու ծրագրից եւ դա արեց այն բանից հետո, երբ որ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը հստակ ԱՄՆ-ին ասաց, որ այդ քայլն անընդունելի ու թշնամական կհամարի, ու կվնասի միջուկային բանակցություններին: Ընդ որում, դա ասվեց, երբ որ չորրորդ փուլն է տեղի ունենում՝ կիրակի օրն Օմանում տեղի ունենալիք հանդիպումից առաջ: Դա շատ լուրջ մեսիջ էր Իրանի կողմից, որի հետ հաշվի չնստել չէր կարող»,- ասաց Կարապետյանը: Արաբական պետությունների լիգայի եւ, ընդհանրապես, արաբական աշխարհի կողմից կա այդ պահանջը՝ Պարսից ծոցն Արաբական ծոց հռչակելու, սակայն Թրամփն այդ պահանջը չկարողացավ բավարարել, չնայած Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպմանը: Կարապետյանը ենթադրում է, որ Սալմանի շուրթերով արաբական աշխարհի կողմից խնդրանք-պահանջ է եղել Թրամփին՝ այն արաբական ճանաչելու մասով: