Քաղաքականություն

Ի՞նչն է միավորում Թրամփի վարչակազմն ու Պուտինին

Ի՞նչն է միավորում Թրամփի վարչակազմն ու Պուտինին

«Հրապարակի» զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանն է: 

-Թրամփը երդմնակալությունից հետո մի շարք բարձրագոչ հայտարարություններ արեց՝ դադարեցնել այս կամ այն կազմակերպությունների ֆինանսավորումը ու դրանց անդամակցությունը, Կանադան ԱՄՆ-ի մարզ սարքել...ամերիկացիներին ավելի հաճելի լինելու համա՞ր էր, թե՞ սա ԱՄՆ-ի deep state-ի նոր քաղաքական գիծն է, որին ականատես ենք լինելու: 

-Եթե մենք վերլուծենք Թրամփի բոլոր հայտարարությունները, մոտեցումները, կտեսնենք, որ իրենց համար առանցքային կետերից մեկը գաղափարախոսությունն է: Իրենք նաև պայքարում էին ձախ, լիբերալ գաղափարախոսության դեմ, որն ըստ իրենց ուղղված էր իրական արևմուտքի արժեքների դեմ, որը ներառում է կրոնը, ընտանիքը և այլն: Իրենց տեսանկյունից, USAID-ը, և այլ կազմակերպություններն առաջ են մղում ձախ լիբերալ օրակարգը, որը շատ դեմ էր իրենց արժեհամակարգին: Եվ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել այդ գաղափարախոսությունը: Եվ եթե հիշենք Վենսի հայտարարությունը, որ նա արեց Մյունխենում, որը Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններին էր վերաբերվում, ասաց, որ հաճախ խոսում եք, թե ինչի դեմ դուք պիտի պայքարեք, սակայն հարց չեք տալիս, թե հանուն ինչի եք պայքարում: Այո, արտաքին սպառնալիքները պարզ են՝ Ռուսաստան, Իրան և այլն, բայց ի՞նչ եք դուք ուզում պաշտպանել Ռուսաստանից, Իրանից ու այլ պետություններից, որո՞նք են այդ արժեքները: Նա ասաց, որ ըստ իրենց, եվրոպացիները շեղվել են ժողովրդավարության արժեքներից, և բերեց մի շարք օրինակներ, օրինակ Ռումինիայում ընտրությունների կասեցումը և այլն: Եթե գաղափարախոսական տեսանկյունից ավելի լայն կոնտեքստով նայենք այս հարցին, կարծում եմ, այս մասին է խոսքը գնում: 

-Թրամփի առաջին քայլերից մեկը՝ ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր առաջին անգամ բանակցություններն էին Ռուսաստանի հետ, սա ինչի՞ սկիզբն է: 

-ԱՄՆ գործող իշխանությունն ունի ավելի մեծ ռազմավարական նպատակ, որը կապված է Չինաստանի հետ: Բոլորը հասկանում են, որ Չինաստանը ապագա գերտերություններից մեկն է, որը մարտահրավեր է նետելու ԱՄՆ-ին, հետևաբար ինչպես Սուն Ցզին բոլորին սովորեցնում էր` ամենաառաջին քայլը յուրաքանչյուր պատերազմի մեջ դա դաշինքները պառակտելն էր: Հիմա բոլորը հասկանում են, որ Ուկրաինայի պատերազմի արդյունքում Ռուսաստանը ավելի մոտ դարձավ Չինաստանին, նույնը` Իրանի դեպքում: Հետևաբար եթե նպատակ կա չեզոքացնել չինական վտանգը կամ սպառնալիքը, հետևաբար պիտի չեզոքացնեն այդ պոտենցիալ դաշինքները, որոնք ստեղծվում են: Եվ այո, այդ դեպքում, եթե ՌԴ-ին իրենք առաջարկեն այլ օրակարգ՝ լուծում ենք Ուկրաինայի հարցը, իզոլացիայից դուրս եք գալիս, կիսում եք այն գաղափարները, որ մենք ենք կիսում՝ ավանդական արժեքներ և ոչ թե լիբերալ ձախ օրակարգը, ինչու` ոչ, մենք կարող ենք նույնիսկ համագործակցել: Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակության անդամներից մեկը Ուիթքոֆն էր, ով զբաղվում է Մերձավոր Արևելքով: Դա նշանակում է, որ նաև Մերձավոր Արևելքի հարցը կա երկկողմանի օրակարգում: խոսքը գնում է ոչ միայն պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մասին, այլև Իրանի, որի մասին հայտարարել էր Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ, նաև Լավրովը՝ ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ես այդպես եմ տեսնում ԱՄՆ գործող իշխանության հիմնական նպատակը: 

-Այսինքն հավանակա՞ն է, որ ՌԴ-ն դառնա հակաչինական խաղացող: 

-Ես գրեթե վստահ եմ, որ Ռուսաստանը թույլ չի տա իրեն ինստրումենտիզացնել, որ դառնա հակաչինական կենտրոն, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ, ի վերջո, Չինաստանը շատ կարևոր հարևան է, ապագա գերտերություններից մեկն է, հետևաբար հակադրել Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգը Չինաստանին՝ դա ՌԴ-ի շահերից չի բխում: Բայց չդառնալ Չինաստանից լիովին կախված՝ դա բխում է և Ռուսաստանի շահերից, և դա բխում է ԱՄՆ շահերից և այստեղ նրանց շահերը համընկնում են: 

-Իսկ ԱՄՆ-ի հրաժարումը իր ստանձնած պարտավորություններից, ֆինանսավորման դադարեցումը, այս կամ այն կազմակերպության անդամությունից հրաժարումը միայն ֆինանսական հարց լուծելու միտո՞ւմ ունի: 

-Ես կարծում եմ, որ այստեղ խոսքը գնում է առաջնահերթությունների մասին: Այն կազմակերպությունները, որոնք աջակցում էին պաղեստինցիներին, այո, սա հիմնականում պրոիսրայելական գծի դրսևորումներից է: Ինչու ԱՄՆ-ն պիտի գումարներ ծախսի այն կազմակերպության համար, որը, ըստ Իսրայելի համոզման, օգնում է իր թշնամուն: Եվ բազմիցս այդպիսի քայլեր դեռևս իր առաջին նախագահության օրոք, Թրամփն արդեն արել էր: Դա նորություն չի, ինձ թվում է այս բոլոր քայլերը, որոնք արվել են` ֆինանսավորման հետ կապված, պետք է գտնել կոնտեքստը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image