Հայերենում մի բառ կա` ուզվոր, որով բնորոշում են մարդկանց, ովքեր անվերջ ինչ-որ բան են խնդրում, մուրում: Նորմալ մարդիկ այդ տեսակին չեն սիրում, աշխատում են հնարավորինս հեռու մնալ նմաններից, հեռվից նկատելով՝ փորձում են խուսափել անմիջական շփումից` համոզված, որ իր բնավորությանը համապատասխան, անպայման ինչ-որ բան ուզելու է: Կենցաղային ուզվորներից բացի, կան նաեւ քաղաքական-աշխարհաքաղաքական ուզվորներ: ԱՄՆ նախագահ Թրամփը Ռուսաստան-Ուկրաինա ուղիղ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկուն անվանել է «աշխարհի մեծագույն վաճառական»: «Վաճառական» բառը հայերենում վիրավորական իմաստ չունի, առեւտուրը ենթադրում է փոխշահավետ գործարք` համարժեք փոխանակում: Այս դեպքում ավելի սազական բառ է «բոշան», ռուսերեն՝ торгаш, մանր առեւտրական, որն ուզում է գումար աշխատել դիմացինին խաբելու, իր անպետք ապրանքն իրացնելու միջոցով կամ ուզում է մի բան կպցնել՝ դիմացը ոչինչ չտալով: Թրամփն ասել է, որ Զելենսկին ամեն անգամ ԱՄՆ-ից տասնյակ միլիոնավոր դոլարներ է կորզում:
ԱՄՆ նախագահը հոգնել է Զելենսկու ուզվորությունից, երբ հերթական անգամ Միացյալ Նահանգներից օգնության փաթեթ է խնդրում-պահանջում երկրի պաշտպանության կազմակերպման, բանակի աշխատավարձերը վճարելու, երկրի արտաքին պարտքը սպասարկելու եւ այլ կարիքների համար: Զելենսկին նույնն անում է եվրոպական առաջնորդների հետ շփումներում`փող տվեք, զենք ու զինամթերք տվեք, ավելի շատ տվեք, Ուկրաինային մտցրեք ԵՄ, ՆԱՏՕ, ճնշեք Ռուսաստանին, պատժամիջոցներ կիրառեք, ավելի շատ եւ խիստ պատժամիջոցներ կիրառեք: Ամենազզվելին այն է, որ Ուկրաինայի իշխանությունն իր ուզվորությունը փաթեթավորում է այդ նույն ԱՄՆ եւ ԵՄ երկրների շահերի նկատմամբ իրենց հոգածությամբ, իբրեւ թե այդ փողն ու զենքն իրենք ուզում են ոչ այնքան իրենց համար, որքան հենց տվողների, որ դրանով իրենք պաշտպանում են ԵՄ եւ ԱՄՆ շահերը, իրենք կռվում եւ մեռնում են հանուն ԱՄՆ-ի եւ Եվրամիության, որովհետեւ եթե դա իրենք չանեն, Ռուսաստանը կհարձակվի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի վրա, եւ այդ դեպքում նրանք ստիպված կլինեն կռվել եւ մեռնել: Ստացվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն են օգնում Ուկրաինային, այլ մի բան էլ Ուկրաինան է պաշտպանում իրենց, այդ փողը տալով էլ ոչ թե օգնում են Ուկրաինային, այլ մի բան էլ պարտք են մնում:
Ամերիկյան մի ասացվածք կա. հնդկահավի համար տարվա 364 օրերին կյանքն ուրախ է ու անհոգ, մինչեւ Գովաբանության տոնի օրը, երբ նրան մորթում են: Աշխարհում ոչ մի օգնություն անվճար չի լինում, ընդհանրապես օգնություն չի լինում, որպես այդպիսին: Հնդկահավին էլ անվճար չեն կերակրում, նրան պահում են հատուկ մորթելու եւ ուտելու համար: Այդպիսին է նաեւ քաղաքականությունը: Ուկրաինայի իշխանություններին թվացել էր, որ իրենք 3 տարի շարունակ հարիֆացրել են ամերիկյան իշխանություններին, փող են պոկել պատերազմի համար, դրա մի մասն իրար մեջ բաժանել ու հարստացել են, բայց հիմա հատուցելու են իրենց երկրի հարստությամբ եւ ինքնիշխանությամբ` Ուկրաինան վերածվում է ամերիկյան գաղութի, երկրի ընդերքի հարստություններն ամերիկացիներինն են, բնակիչներն էլ պետք է աշխատեն` արդյունահանեն այդ հարստությունները եւ ուղարկեն իրենց տերերին:
Նույն ճանապարհով է գնում նաեւ Հայաստանը: Փաշինյանը եւս աշխարհաքաղաքական ուզվոր է եւ բոշա. ընկած աշխարհով մեկ՝ անվտանգություն եւ խաղաղություն է մուրում: Ռուսաստանին մեղադրում է, թե չկատարեցիք ձեր դաշնակցային պարտավորությունները, մեզ չպաշտպանեցիք, զենք չտվեցիք, օգնության չեկաք, երբ կանչեցինք, ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից փող է ուզում, խաղաղություն, անվտանգության երաշխիքներ, նույնն անում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերվելիս. Խաղաղության պայմանագիր կնքենք, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, սահմանը բացենք: Բոլորն արհամարհում են, ոչ մեկը բանի տեղ չի դնում կամ լսում են եւ կարեկցանքով նայում զոհին:
Երբ դու ինչ-որ բան ես ուզում՝ դիմացը ոչինչ չառաջարկելով կամ առաջարկելու բան չունենալով, դա դասական ուզվորություն է, բոշայություն, մուրացկանություն: Երբ ինչ-որ մեկն ընտրում է բոշայության եւ մուրացկանության ճանապարհը, նա զրոյացնում է իր ինքնասիրությունը, հեղինակազրկում եւ կործանում է իրեն, բայց երբ նման ձեւով է դրսեւորում երկրի ղեկավարը, նա դատապարտում է իր երկիրն ու հասարակությանը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրամիությունը եւ ո՛չ էլ որեւէ այլ երկիր կամ երկրների դաշինք պարտավոր չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ տարածքային ամբողջականությունը, ապահովել մեր երկրի խաղաղ եւ անվտանգ գոյությունը:
Դա բացառապես մեր գործն է, եւ եթե մենք չենք կարողանում դա անել ու այդ հարցով դիմում ենք ուրիշների օգնությանը՝ ակնկալելով, որ ինչ-որ մեկը դա կանի մեր փոխարեն, այդ դեպքում պետք է պատրաստ լինենք նրան, որ այդ ուրիշները մեր փոխարեն կվճռեն մեր ճակատագիրը, առանց մեր կամքը կամ ցանկությունները հաշվի առնելու: Երբ սնանկ ճանաչված գույքը սեփականատիրոջից վերցնում եւ հանձնում այլ կառավարչի, այդ գույքի ճակատագիրը տնօրինելիս այլեւս հաշվի չեն առնում նախկին սեփականատիրոջ կարծիքն ու ցանկությունը: Փաշինյանը Հայաստանը հասցրել է հենց այդպիսի քաղաքական սնանկության վիճակի, երբ բոլորը հոգնել ու զզվել են նրա՝ ուզվորի ու բոշայի վարքագծից եւ մի պահի ուղղակի մտածելու են, թե ինչպես ազատվել դրանից: Ուկրաինայի դեպքում որոշել են երկիրն ուղղակի կիսել. Ռուսաստանի գրավածը՝ իրեն, մնացածը՝ Միացյալ Նահանգներին: Գործարքը դեռ չի կայացել միայն այն պատճառով, որ Ռուսաստանը մի քիչ ավելի շատ է ուզում, քան իր գրավածն է, բայց դա այնքան էլ էական խոչընդոտ չէ, հաստատ՝ համաձայնության կգան, ուրիշի ունեցածը միշտ էլ կարելի է փոխշահավետ կիսել: