Հասարակություն

Պրն Ջհանգիրյան, Աստված ստեղ կապ չունի, սա Ձեր դաշտում է

Պրն Ջհանգիրյան, Աստված ստեղ կապ չունի, սա Ձեր դաշտում է

Քիչ առաջ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գտնվում էին ԲԴԽ-ում։ 44-օրյայում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը լրագրողներին մանրամասներ հայտնեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից։

«Ժողովուրդ ջան, իրականում արդեն մեր ծիծաղն էլ է գալիս, թե ինչպիսի զավեշտալի վիճակում ենք մենք հայտնվել։ Պրն Ջհանգիրյանը փորձեց արդարացնել Բիշարյանին՝ ասելով, թե վերջինս չի հասցրել 30 րոպեում լսել երկրորդ միջնորդությունը։ Նիստի ավարտից հինգ րոպե առաջ նորից միջնորդություն է ներկայացվել բանավոր։ Կարգը թույլ է տալիս միջնորդությունը և բանավոր, և գրավոր ներկայացնելու։ Հիմա էլ ասում են՝ նիստից 5 րոպե առաջ է եղել, չի հասցրել դատավորը։ Այսինքն՝ որոշում կայացնելու համար նրան մի քանի օր է պետք։ Ի վերջո մենք միջնորդում ենք գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով, ինչը, սակայն, սովորական քրեական գործի հետ նույն հարթության մեջ է դրվում և քննության համար հատկացվում 30 րոպե ընդամենը։ Սա չտեսնված նախադեպ է պատմության մեջ»,- ասաց Կարին Տոնոյանը։

«Սա իրականում զոհվածների ծնողներին ձեռք առնել է, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ մեզնից մի մասը ստիպված է լինում 30 րոպեի համար ամեն անգամ մարզից մայրաքաղաք հասնել։ Հաջորդ նիստին, հույս ունենք,  իրոք կհնչի երկրորդ միջնորդության պատասխանը, ինչպես նաև այն հարցի պատասխանը, թե ինչ հիմքով է այդ գործի համար դատավոր ընտրվել Բիշարյանը»,- ասաց Տոնոյանը։

«Ուզում եմ տեղեկացնել հանդիպման վերջին րոպեներին արված մի արտահայության մասին, որը արել է Ջհանգիրյանը։ Նա ասաց, թե Աստաած տա մենք շահագրգիռ կողմ ճանաչվենք այս գործում։  Ես հիմա ուզում եմ իրեն կոչ անել ու ասել, որ Աստված սրա հետ կապ չունի։ Սրանով իրականում պիտի շահագրգիռ լինի ԲԴԽ նախագահն ու իրավական դաշտը։ Պրն Ջհանգիրյան, նորից եմ ասում, սա Ձեր դաշտում է։ Եթե ունեք հարգանք 5000 զոհերի ու նրանց ծնողների նկատմամբ, խնդրում եմ ապահովել սա»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեկ այլ ծնող։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image