Մշակույթ

Կապյուշոնով Ռոբինն ու նրա արկածների առաջին էկրանավորումը

Կապյուշոնով Ռոբինն ու նրա արկածների առաջին էկրանավորումը

Անգլիական բալլադների լեգենդար հերոս Ռոբին Հուդին նոր սերունդը թերեւս դժվար թե իմանա, նրանց հերոսը Հարրի Փոթերն է, «Մատանիների տիրակալը» եւ այլն։ Մինչդեռ միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներին նա ոչ միայն ծանոթ, նաեւ սիրելի կերպար է։ Մեծահոգի անտառաբնակ ավազակ, հիանալի նետաձիգ Ռոբին Հուդը, որը հարուստներին ունեզրկում է, գումար եւ արժեքավոր իրեր է խլում ու բաժանում աղքատներին։ Խորհրդային մտածողության ժամանակներում նա հարուստների դեմ դասակարգային պայքար մղող հետաքրքիր ու արկածային կերպար էր, հիմնականում՝ դրական ընկալվող։

Այս հերոսի հանդեպ հետաքրքրությունը պակաս մեծ չէր նաեւ Արեւմուտքում, ու պատահական չէ, որ Ռոբին Հուդի մասին առաջին կինոմեկնաբանություններից մեկը հենց Արեւմուտքում է իրականացվել՝ 1938 թվականին «Ռոբին Հուդի արկածները» (The Adventures of Robin Hood) կինոնկարի նկարահանմամբ։ Նա անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ կերպար է, որը թեեւ հանցանքներ է կատարում՝ կողոպուտներ, սակայն նրա արարքները չեն դատապարտվում հանրության կողմից, քանի որ նա իր կողոպտածը չի յուրացնում, այլ բաժանում է աղքատներին։
Լեգենդը պատմում է, որ Ռոբին Հուդն ու նրա «Շերվուդյան ուրախ ավազակների» հրոսակախումբն ապրել են Շերվուդի անտառներում, որը գտնվում է Նոթինգհեմից ոչ հեռու։ Պատահական չէ, որ հայտնի ավազակի դեմ պայքարում է Նոթինգհեմի շերիֆը։ Ի դեպ, պատմաբանների մի ստվար խումբ կարծում է, որ լեգենդար այս կերպարի անվան մեջ Hood մասնիկը թարգմանվում է որպես «կապյուշոն», ու նրան կարելի է անվանել նաեւ «Կապյուշոնով Ռոբինը»։ Նրա կողմնակիցներից են հոգեւորական Հայր Տուկն ու Փոքրիկ Ջոնը։ 1938 թվականին Ռոբին Հուդի թերեւս առաջիններից մեկը հանդիսացող էկրանավորման մեջ գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է հոլիվուդյան ոսկեդարի սեքս-սիմվոլ հանդիսացող Էրոլ Ֆլինը։ 1930-40-ական թվականներին Ֆլինը գտնվում էր իր փառքի գագաթնակետին։

Քննադատների մեծ մասը նշում է, որ մինչեւ հիմա՝ մոտ 90 տարի անց այդ էկրանավորումից, դեռեւս ոչ ոք չի կարողացել համաշխարհային կինոարվեստում կրկնել այն փայլուն մարմնավորումը, որն իրականացրել է Ֆլինը։ Ու պատահական չէ, որ Ռոբին Հուդի օրինակելի կինոկերպարի հեղինակ համարվում է հենց Ֆլինի կերտած կերպարը՝ հմայիչ ու գեղեցիկ, տղայական կերպար, խիզախ ու հանդուգն, նաեւ՝ նրբագեղ։ Ու եթե ավելացնենք նաեւ Ռոբինի ու օրիորդ Մերիենի սիրո պատմության նկարագրությունը, որտեղ հերոսուհու կերպարը մերմնավորել է Օլիվիա դե Հեւիլենդը, կարելի է համարել ամբողջականացած, թե ինչու մինչեւ հիմա դասական այս ժապավենը շարունակում է մնալ դասագրքային ու ընդօրինակելի՝ Ռոբին Հուդի բոլոր կինոադապտացիաներից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image