«Մենք բացահայտ կերպով այս կին գրողներին անվանում ենք ֆեմինիստուհիներ, իսկ նրանց ներկայացրած ուսմունքը՝ ֆեմինիզմ»։ Այսպես են գրում թուրք գրողներ Լերնա Էքմեքչիօղլուն եւ Մելիսա Բիալը՝ «Արդարության ճիչ․ Օսմանյան կայսրությունից դեպի Թուրքիա՝ հինգ հայ կին գրող-ֆեմինիստուհիները» գրքում։ Գիրքը, որի մասին ուզում ենք այսօր խոսել, իր մեջ ներառում է հայ կին գրողներ Էլբիս Ղեզարացյանի, Սրբուհի Տյուսաբի, Զաբել Ասադուրի կամ Սիբիլի, Զաբել Եսայանի եւ Հայկանուշ Մարկի ոչ գեղարվեստական գործերը։
Նրանցից յուրաքանչյուրը զգալի ներդրում է ունեցել Թուրքիայի հայ համայնքում կանանց իրավահավասարության եւ հավասար հնարավորություններ ունենալու գործում։ Ներկայացված աշխատությունը միակն է Թուրքիայում, որտեղ խոսվում է թուրքական իրականության մեջ հայ ֆեմինիստուհիների մասին՝ թուրքերեն։ Այն կարող է դառնալ տեղեկագիր, որը կօգնի ուսումնասիրողներին, որոնք զբաղված են կանանց իրավահավասարության պայքարի մարտիկների կյանքի, գործի եւ թողած ժառանգության ուսումնասիրությամբ։
Գրքի ներածականում հեղինակները գրում են․ «Օսմանյան Թուրքիայում կանանց՝ ընտանիքում, աշխատանքում, կրթության ոլորտում եւ քաղաքականության մեջ էմանսիպացիայի պայքարը սկսվել է 19-րդ դարից։ Այդ մարտիկների մեջ քիչ չեն հայուհիները։ Խաղաղության մասին ինչպիսի՞ պատկերացումներ ունեն հայ ֆեմինիստուհիները։ Ի՞նչ են նրանց համար նշանակել հավասարությունն ու ազատությունը։ Ինչպիսի՞ ճանապարհներով են նրանք փորձել հասնել դրան։ Այս գիրքը փորձ է՝ պատասխանելու այս եւ այլ հարցերի, կենտրոնանալով նրանց կենսագրությունների, ծավալած գործունեության եւ թողած երկերի վրա, ովքեր ծնվել են Ստամբուլում եւ զգալի ազդեցություն են ունեցել Անատոլիայում, Բալկաններում, Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում հանրային գիտակցության ձեւավորման վրա։ Ղեզարացյանի, Տյուսաբի, Ասադուրի, Եսայանի եւ Մարկի քաղաքական դիրքորոշումները ձեւավորվել են՝ հիմքում ունենալով իրենց հայկական եւ կանացի ինքնությունները, որոնք սերտորեն կապակցված են ժամանակի սոցիալ-քաղաքական շարժումների եւ գաղափարական հոսանքների հետ՝ լինի դա օսմանիզմը, նացիոնալիզմն ու սոցիալիզմը»։
Աշխատության նպատակներից մեկը թեկուզ մասնակի կերպով վավերագրական աղբյուրների ներկայացումն է, որոնք անհրաժեշտ են այդ կապերի խոր եւ համակողմանի վերլուծության համար։ Միաժամանակ, կարելի է նաեւ պատկերացում կազմել՝ հասկանալու համար, թե այդ ժամանակներում ինչպես են ընկալվել Թուրքիայում «կին» եւ «հայ կին» կամ «հայուհի» հասկացությունները։ Գրքում ներառված են տեքստեր, որոնք թույլ են տալիս հասկանալ ներկայացված հեղինակների քաղաքական ու կանանց հարցի վերաբերյալ արտահայտած հայացքները, նրանց բառապաշարի եւ եզրաբանության նմանություններն ու տարբերությունները։