Իրավունք

«Հրապարակ»․ Սրբազանն ու այս գործով անցնող բոլոր անձինք պետք է արդարացվեն

«Հրապարակ»․ Սրբազանն ու այս գործով անցնող բոլոր անձինք պետք է արդարացվեն

Մեկ տարի առաջ` հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն վաղ առավոտյան հայտարարություն տարածեց, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները եւ ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Հայտարարության մեջ նշվում էր, թե իբրեւ Բագրատ սրբազանը 2024-ի նոյեմբերից սկսած նպատակադրվել է իշխանությունը վերցնել Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, եւ դրա համար «Գալստանյանը շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ»: Սրբազանի կեցավայրում ժամեր տեւած խուզարկությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ձերբակալել էին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին: Ավելի ուշ նրան մեղադրանք ներկայացվեց 2 հոդվածով՝ ահաբեկչություն եւ իշխանության յուրացում: Նրա հետ եւս 16 անձի մեղադրանք առաջադրվեց: Սրբազանը 11 ամիս մնաց կալանքի տակ: Նրա հետ միասին կալանավորվեցին եւ ամիսներ շարունակ կալանքի տակ պահվեցին նաեւ Սրբազան շարժման մի շարք համակիրներ: Իրավապահներն այդ ընթացքում սկսեցին տարածել կոնտեքստից կտրված ձայնագրություններ` դրանք վերագրելով Բագրատ սրբազանին: Այդ ձայնագրություններում խոսվում էր հնարավոր սպանությունների` «գյուլլելու», մեքենաներով վթարներ հրահրելու, հոսանքն ու ինտերնետն անջատելու եւ իշխանափոխությանն ուղղված այլ պլանների մասին: Իշխանամետ զանգվածը համաշխարհային աղմուկ բարձրացրեց:

Այդ ձայնագրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ տարածում էր ֆեյսբուքյան իր էջում: Ընդ որում, դրանց բովանդակությունը մեկնաբանելիս Փաշինյանը հիշատակում էր Վեհափառի եւ Սամվել Կարապետյանի անունները: Սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ դրանք կոնտեքստից կտրված ձայնագրություններ են, հայտնաբերված գործիքները խաղաղ քաղաքական պայքարի միջոցներ են, զրույցները վերաբերել են խաղաղ իշխանափոխությանը, եւ գործը սկսեց հանրության աչքի առաջ փլվել: Բայց ՔՊ-ականներն այդ ընթացքում, սովորության համաձայն, անտեսելով անմեղության կանխավարկած ասվածը, սրբազանին եւ նրա աջակիցներին վերջին հայհոյանքներն ու մեղադրանքներն էին ուղղում, համեմատում Նաիրի Հունանյանի եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, չնայած Սրբազան շարժման «գործողությունների» արդյունքում չկար որեւէ տուժող, իսկ Բագրատ սրբազանի կեցավայրում հայտնաբերված գունավոր ծուխը ոչնչով չէր տարբերվում Ազգային ժողովում տարիներ առաջ Լենա Նազարյանի ու Արարատ Միրզոյանի օգտագործած ծխից: ՔՊ-ական ռեժիմը եւ հատկապես Քննչական կոմիտեի նախագահը Բագրատ սրբազանի եւ նրա աջակիցների դեմ ամենաեղկելի ստերն էին տարածում, ահաբեկիչներ ու հանցագործ անվանում: Իսկ մեկ տարվա ընթացքում բոլոր «ահաբեկիչներն» ազատ արձակվեցին, տնային կալանքի տակ են միայն Արթուր Սարգսյանն ու Բագրատ սրբազանը, այն էլ՝ բացառապես քաղաքական որոշմամբ:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս գործի մասին, ասաց. «Ապացուցման բեռը դատախազության վրա է: Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահն ամպագոռգոռ հայտարարություններ էին տարածում այս գործի վերաբերյալ, հիմա իրենց վրա է դրված՝ ապացուցելու այն, ինչ խոսում էին մեկ տարի առաջ: Մենք առարկություններ ենք ներկայացնում իրենց բերած ապացույցների դեմ: Այժմ սկսվել է ապացույցների հետազոտման փուլը: Օրինակ` ինչ-որ մարդկանց տներից օրինական զենքեր են հայտնաբերվել, որոնք ոչ մի կապ չունեն մեր գործի հետ, մեղադրյալ չեն, գուցե ինչ-որ շփումներ են ունեցել, սակայն առնվազն մեղադրյալ չեն, իսկ զենքերն օրինական են: Փորձում են տպավորություն ստեղծել, որ ահաբեկչության փորձ է կատարվել, սակայն մշտապես ասվել է, որ չի եղել նման բան: Իրավապահներն ինչ-որ մի պահի ֆիքսել են, որ Բագրատ սրբազանի պայքարը կարող է արդյունք տալ, եւ որոշել են այս եղանակով մարդկանց չեզոքացնել: Նպատակը շատ պարզ է` իշխանությունը պահելու համար ցանկացած հակառակորդի պատրաստ են չեզոքացնել: Արտուր Օսիպյանն ընդամենը որոշել էր խոսել Փաշինյանի հետ, ինչի համար կալանավորվեց: Իրավապահ գործիքներով, քարոզչությամբ եւ տարբեր մեթոդներով մարդկանց փորձում են հետապնդել: Եթե խոսում ենք իրավաբանության մասին, ապա սրբազանն ու այս գործով անցնող բոլոր անձինք պետք է արդարացվեն, քանի որ չկա գեթ մեկ ապացույց, որը կհիմնավորի այն մասին, թե իբրեւ ինչ-որ ապօրինություն պետք է տեղի ունենար»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image