Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը որոշել է կրկին խաղարկել նախկին թալանչիներին բռնելու թեման։ Այսօր առավոտյան իրավապահները ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին, խուզարկել նրա առանձնատունը։ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հետ բազմիցս կոնֆլիկտներ է ունեցել։ Պատգամավոր եւ խմբագիր Փաշինյանը մշտապես քննադատել է նրան, բայց Աբրահամյանն էլ անարձագանք չի թողել այդ քննադատությունը։ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ դառնալուց առնվազն 8 տարի է անցել, այս տարիներին քրեական բազմաթիվ գործեր են հարուցվել, սակայն Աբրահամյանին միայն հիմա են իրավապահները որոշել պատասխանատվության կանչել՝ համապետական ընտրություններից 1 տարի առաջ։
Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու մեջ: Նշենք, որ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2023 թվականի ապրիլին։
Ըստ գործի նյութերի՝ նա, զբաղեցնելով տարբեր պաշտոններ (պատգամավոր, Արարատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ), գործարք է կատարել, որի արդյունքում 2008-2015 թթ.ստացել է 230,4 մլն դրամի եկամուտ (մոտ 590 հազար դոլար):
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016թթ., եղել է նաև ՀՀ ԱԺ նախագահ՝ 2012 – 2014թթ.: Դատախազությունը 2022 թվականին էլ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մի մասը որակեց ապօրինի: Վարույթ կա հարուցված նաև Աբրահամյանի Մոնումենտի առանձնատան հետ կապված, որը գնել է այս իշխանությունների սրտի օլիգարխ, նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը, որ այդ առանձնատունը գնել է 5 միլիոն դոլարով։ Ընդ որում, տունն արգելանքից հանել են եւ մեկ օր անց՝ շուտափույթ կնքվել է առ ու վաճառքի գործարքը։ Հետագայում վաճառքի գործարքը թույլ տված քննիչին հեռացրել են աշխատանքից, բայց գործարքն արդեն իրականացվել էր։
2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանությունը կարծում է, որ շրիշակից ցածր իր վարկանիշը հնարավոր է վերականգնել՝ նախկին թալանչիների թեման կրկին ասպարեզ բերելով եւ օդիոզ դեմքերի կալանավորելով։ Փորձելու են այս մեթոդով մի քանի քվե ավել կորզել ժողովրդից։
Մանրամասն՝ տեսանյութում։