Այլ

«Հիսուս» Փաշինյանից մինչեւ իրեն սեւամորթ կին համարող Բայդեն

«Հիսուս» Փաշինյանից մինչեւ իրեն սեւամորթ կին համարող Բայդեն

Անցնող տարին, ի թիվս այլնի, ինչպես միշտ, աչքի ընկավ զավեշտալի միջադեպերով, արտահայտություններով, սարկազմի ու վիրավորանքի միախառնությամբ, կարճ ու քաղաքային բանահյուսությամբ ասած՝ «բլթոցներով»: Հայրենի մասմեդիան քաղաքական եւ այլ լուրջ թեմաների արանքում հաճախ էր պետական այս կամ այն պաշտոնյային, քաղաքական ու հանրային տարբեր գործիչներին «բռնացնում» լեզվական սայթաքումների մեջ՝ դրանցից ամենազավեշտալիները դարձնելով նյութի կամ ռեպորտաժի գլխագիր-վերնագիր:

Փաշինյանն այդ հարցում, ավանդապես, անմրցելի էր: Դեմագոգիայի եւ անհեթեթ խոսքի բոլոր սահմանները հատած, արտահայտությունների եւ գործողությունների առումով բոլոր ռեկորդները «խփած» կառավարության ղեկավարի՝ 2024-ին ասված խոսքերից ամենատարօրինակը, թերեւս, Հիսուսին մոլորակի առաջին ու «ամենամեծ հեղափոխական» անվանելն էր եւ հեղափոխական իմիջից տակավին դուրս չեկած իր ուսապարկային թիմի՝ ՔՊ-ի ճանապարհը Քրիստոսի անցած ուղու հետ համեմատելը: Պնդեց, որ 2018-ից ի վեր ՔՊ-ն մի քանի անգամ «մահացել եւ հարություն է առել»: Ասել է թե՝ իրեն նույնականացրեց Տիրոջ որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ:

Այդ հայտարարության օրերին դեռեւս ՔՊ-ական հանդիսացող եւ, ի դեպ, լեզվական «այլաբանություններով» ոչ պակաս հայտնի Հովիկ Աղազարյանը շտապեց «հավատարմության երդում տալ» իր սիրելի «շեֆին», նշելով, որ կիսում է վարչապետի տեսակետը․ «ՔՊ-ն պատերազմից հետո հարություն է առել, մահացած էինք, ժողովուրդը մեզ հարություն տվեց, բովանդակային առումով համաձայն եմ Փաշինյանի հետ։ Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան, Հիսուսի նման նպատակասլաց ու հավատարիմ է իր գաղափարներին»։ 

Բայց, հայտնի հանգամանքներով պայմանավորված, այս տարվա դեկտեմբերի 3-ին ՔՊ-ի որոշմամբ՝ խմբակցությունից հեռացվեց «տիրադավ» Աղազարյանը, որը համարձակվել էր նախ ԱԺ-ում կոշտ լեզվակռվի մեջ մտնել այն ժամանակվա ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, ապա՝ «մերժել» Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու «խնդրանք»-ը: Սա Ազազարյանի համար երկրորդ հեռացումն էր կուսակցական շարքերից. նախկինում նա նման «դառը» փորձ ունեցել էր՝ հեռացվելով ՀՅԴ շարքերից:

Առանցքային իշխանական դեմքերից մեկը՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, որը հայտնի է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հետ հեռակա լեզվակռիվներով, այս տարի թիրախավորեց հիմնականում հայ կանանց՝ հատկապես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին: Հիշեցնենք․ նախկինում ԱԺ նախագահը, անդրադառնալով խորհրդարանում իր եւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռվին, նշել էր հետեւյալը. «Իմ դիրքից ելնելով՝ չեմ կարող շատ բան պատասխանել, առավել եւս, որ այդպիսի ասացվածք կա, որ Աստված լրբից երես է թեքում, դրա համար ես չշարունակեմ»:
Այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի առթիվ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեց ՀՀ իշխանական վերնախավը, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը: Այնտեղ նրա եւ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի միջեւ ընդհարում եղավ, որի ժամանակ Սիմոնյանը վիրավորեց վերջինիս՝ ասելով. «Զիբիլի վրայի կատվին տարեք այստեղից»: 

Ավելի ուշ խորհրդարանում ոչ գեղեցիկ «բախում» տեղի ունեցավ «գեղեցկատես» Ալենի եւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի միջեւ: «Էս երկրում վերածվել եք Ալիեւի փաստաբանի, երեւի աշխատավարձ էլ եք ստանում»,- ԱԺ ամբիոնից ասաց Վարդանյանը:
«Քրիստինե ջան, ես էլ ասի` գալու ես լուրջ ելույթ ունենաս, հիասթափեցնում ես, սիրելիս: Հաջորդ անգամ կրկին փորձի: Ես հասկանում եմ, որ ձեզ վրա թքող չկա...»,- տեղից Արմենուհի Կյուրեղյանին վիրավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը դահլիճը լքելուց առաջ հանդիմանեց Ալեն Սիմոնյանին` չե՞ք ամաչում: «Դուք որ չեք ամաչում, ես էլ չեմ ամաչում, դահլիճը լքեք, վաղուց պիտի լքած լինեիք»,- վրա բերեց Ալեն Սիմոնյանը:

«Ներհայաստանյան բլթոցներն» ու վիրավորանքները, բնականաբար, այսքանով չսահմանափակվեցին, բայց աշխարհն ականատես եղավ նաեւ մոլորակի մյուս ծագերում հնչած լեզվական սայթաքումներին, ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռացող Ջո Բայդենի նկատմամբ՝ հատուկ սարկազմով եւ ըմբռնումով:

Բազում ֆիզիկական եւ լեզվական սայթաքումների մեջ կարելի է հիշել նրա հետեւյալ զավեշտալի արտահայտությունը, որը Սպիտակ տան ղեկավարն արեց նստավայրում կայացած գալա ընթրիքի ժամանակ։ «Ես Ջո Բայդենի ամուսինն եմ։ Սա այն կոչումն է, որով ես ամենից շատ հպարտանում եմ»,- ԱՄՆ առաջնորդի խոսքերը մեջբերում են տեղական լրատվամիջոցները: Ամերիկյան ԶԼՄ-ները նկատում են, որ Բայդենը հաճախ է իր ելույթները սկսում «Ես Ջո Բայդենն եմ եւ Ջիլ Բայդենի ամուսինը» արտահայտությամբ։ Հունիսին ներգաղթյալներին նվիրված միջոցառման ժամանակ նա կրկին իրեն անվանել է իր իսկ ամուսինը` շփոթելով անունները։ Ամառվա ընթացքում Ֆիլադելֆիայի ռադիոկայանին տված հարցազրույցում Բայդենը ներկայացրել է իրեն որպես սեւամորթ կին: «Ես առաջին սեւամորթ կինն եմ, որը ծառայել է սեւամորթ նախագահի հետ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ իրեն շփոթելով փոխնախագահ Քամալա Հարիսի հետ:

Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունն այս տարի եւս ուղեկցվեց Մոսկվայի եւ Կիեւի միջեւ «բանավոր ու հեռակա փոխհրաձգություններով». առաջնագծում, ռուսական կողմից, ինչպես միշտ, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու ՌԴ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան էին: Մեդվեդեւը, օրինակ, բացի Զելենսկուց, վիրավորական արտահայտություններով հեղեղում էր նաեւ այլ համաշխարհային առաջնորդների, որոնք դեմ էին Կրեմլի քաղաքականությանը:

Դեկտեմբերին, օրինակ, ՌԴ նախկին նախագահը Telegram-ի իր ալիքում խոսել է Ֆրանսիայի, Վրաստանի, Հարավային Կորեայի եւ Ուկրաինայի առաջնորդների ճակատագրի մասին։ Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է «թուլամորթ», որը չի կարողացել հաղթահարել կառավարական ճգնաժամը եւ պետք է հրաժարական տա նախագահի պաշտոնից։ Մեդվեդեւը քննադատել էր, որ «Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պետք է հեռանա։ Նա հայտարարեց ռազմական դրություն, որը խորհրդարանը վերացրեց եւ պահանջեց նրա հրաժարականը։ Դավաճան: Ապավինում է ԱՄՆ-ի աջակցությանը, հետագա ճակատագիրն անհայտ է»: Բացի այդ, քաղաքական գործիչը կանխատեսել է Վլադիմիր Զելենսկու ճակատագիրը. Ուկրաինայի նախագահի համար նա կանխատեսել է արտագաղթ կամ «հրապարակային մահապատիժ»։

«Ուկրաինայի ժամկետանց ոչ լեգիտիմ նախագահը պետք է գնա, չքվի: Հանցագործ, թմրամոլ, կեղտոտ արարած: Ապավինում է ԱՄՆ-ի աջակցությանը, հետագա ճակատագիրը միանգամայն ակնհայտ է՝ ամոթալի քաղաքական արտագաղթ կամ հրապարակային մահապատիժ»,- նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը: Իսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ըստ Մեդվեդեւի, «ստոր հիմար» է, որը պետք է հեռանա իր լիազորությունների ավարտից հետո, բայց չի ցանկանում դա անել։

Անկախ որեւէ մեկի ցանկությունից, այդուհանդերձ, միակ ցանկությունն այն է, որ աշխարհի խաղացողները դադարեն միմյանց հետ խոսել վիրավորանքի ու սպառնալիքի լեզվով, իսկ երկխոսության ողջամիտ եւ նախընտրելի միջոցներից մեկն էլ լինի փոխադարձ հարգանքի, խաղաղության լեզուն՝ թեկուզ հումորային եւ առողջ սարկազմի մակարդակով նաեւ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image