Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են

Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են

Ադրբեջանական  լրատվամիջոցները լավատեսական շեշտադրումներով նյութեր են հրապարակում Պուտին-Ալիև հանդիպումից, ուր Ադրբեջանի նախագահը մեկնել էր «ժամացույցի սլաքները» համաձայնեցնելու։ Նույն՝ «ժամացույցի սլաքների օրակարգով» ավելի վաղ ՌԴ-ում էր Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանական «Haqqin.az»-ի հաղորդմամբ՝ 2 ժամ տևած հանդիպման ժամանակ առաջին բանը, որն ասել է Պուտինը՝ նրան տեսնելով՝ իսլամական շնորհավորական «Իդ Մուբարաք» արտահայտությունն է։ Մեկնաբանվում է, թե դրանով ՌԴ նախագահը հիշեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների 30-ամյակի հաստատման մասին։ Նրանք քննարկել են համատեղ պայքարը կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութի համատեղ արտադրության, ինչպես նաև «հայ-ադրբեջանական հակամարտությանը առնչվող հարցեր»։

«Բայց երևի թե վերականգնողական ծրագրերում Ռուսաստանի գլխավոր ներդրումը ՌԴ երկաթուղիների աշխատանքն է Զանգեզուրի միջանցքում»,-նշում է  Haqqin.az-ը։ Մի քանի թվեր․ երկու երկրների միջգերատեսչական հանձնաժողովի նիստին նշվել է, որ 2019-ի հետ համեմատած, բեռնափոխադրումների ծավալը ավելացել է 15 տոկոսով։ Երկաթուղով՝ 23 տոկոսով, տրանսպորտային հաղորդակցության այլ ուղիներով՝ 14%: Այս տարվա առաջին եռամսյակում` ևս 23,5%-ով։ ՌԴ-ն ուշադրությամբ հետևելու է դեպի Թուրքիա, Պակիստան, Աֆղանստան «Հյուսիս-հարավ» ճյուղավորումների զարգացմանը։

Մոսկվայում գտնվող Ալիևի սեղանին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրված է եղել երեք թղթապանակ:

Դրանցից մեկը «հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներն են․ սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը, ստորաբաժանումների ձևավորման ժամանակացույցը և սահմանի հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում ռուսաստանյան սահմանապահների տեղակայումը,- գրել է «Haqqin․az »-ը՝ հավելելով․

«Հայկական կողմից միջադեպերը, խաղաղապահների վերահսկողության մշտադիտարկումը»։

Հաղորդվում է, որ երկրորդ թղթապանակը նվիրված է հեռահաղորդակցության դաշտում համագործակցությանը, իսկ երրորդ թղթապանակը «ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացումն է՝ առևտրային-ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության շեշտադրմամբ։ Առանձին հարց՝ ռազմա-տեխնիկական համագործակցություն՝ սպառազինությունների գնում և լիցենզավորված արտադրություն։ Ի դեպ, ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում օրակարգային նոր հարց էլ է հայտնվել՝ Կասպիական ավազանի հիմնախնդիրները՝ ջրի մակարդակի անկմամբ և երաշտներով պայմանավորված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image