Հասարակություն

«Հրապարակ»․ Վաղն էլ կարող են տեսագրել հյուրանոցների սենյակները

«Հրապարակ»․ Վաղն էլ կարող են տեսագրել հյուրանոցների սենյակները

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել մի խնդրահարույց մի օրինագիծ, որին կառավարությունը հավանություն է տվել ապրիլին։ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում է կատարվում, որի համաձայն՝ նրանք կարող են անհրաժեշտության դեպքում պահանջել եւ ստանալ ցանկացած տնտեսվարող ընկերության տեսահսկման համակարգերի տեսագրությունները։ 50 քմ տարածքից ավելի ունեցող տնտեսվարողներին օրենքը պարտավորեցնում է իրենց հաշվին տեսախցիկներ տեղադրել եւ ապահովել դրանց հասանելիությունը «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի համար, որը 24-ժամյա ռեժիմով կհսկի այդ տեսախցիկները։ 
Այս նորույթը շատերը բնորոշեցին որպես մարդու մասնավոր տարածք մտնելու ու ամեն ինչ վերահսկելու փորձ։

Նոր նախագիծը տհաճորեն զարմացրել է հատկապես տնտեսվարողներին եւ առանձնապես՝ ռեստորանների տերերին։ «Ամեն դեպքում՝ քո տարածքն է, քո սեփականությունն է, ինչո՞վ է հաճելի, որ 24-ժամյա ռեժիմով նայեն, թե ով մտավ ռեստորան, ով եկավ, ոնց դուրս եկավ։ Շատ մարդիկ կան, որ գալիս են ու չեն ուզում, որ բոլորն իմանան, որ իրենք եկել են։ Հազար հարց կա։ Մարդ կա՝ ընկերուհու հետ եկել է հաց ուտելու։ Մի օր կնոջ հետ է գալիս, մի օր՝ ընկերուհու։ Բնականաբար, չի ուզի, որ որեւէ մեկը տեսնի»,- ասում է Արսեն Ա․-ն, ով Երեւանի հայտնի ռեստորատորներից է։ Նա չէր լսել նոր օրենքի մասին եւ մի պահ նույնիսկ չհավատաց, որ կարող է նման բան պատահել։ Մեր դիտարկմանը, թե քրեական միջադեպերն ամենահաճախը ռեստորաններում են տեղի ունենում, գինովցած գլխով, եւ եթե նման օրենք ընդունվի, ապա առաջին հերթին հենց ռեստորանների վրա կտարածվի, նա նկատեց․ «Դեպք է եղել, որ ոստիկանությունից եկել են, խնդրել են, որ վերցնեն տեսաժապավենները, տվել ենք, օգնել ենք։ Դա հասկանալի է։ Այլ բան է, որ գան, այդ հատվածը նայեն, խնդիր չկա։ Բայց այդ ձեւով նշանակում է, որ ինքը մտնում է իմ սեփականության մեջ, իմ տուն է մտնում, եւ սա իմ իրավունքի, իմ անձնական տարածքի իրավունքի խախտում է»։ 

Փաստաբան Հակոբ Ճարոյանը կարծում է, որ նոր նախագիծը ոչ այնքան տնտեսվարողների, որքան հաճախորդների, այցելուների իրավունքների խախտում է։ «Տնտեսվարողի համար դա այնքան էական չէ, բայց տնտեսվարողի մոտ ով որ մտավ՝ դու մենակ գործարան մի պատկերացրու․ խանութ, ռեստորան, հյուրանոց, նա դառնում է տեսանելի։ Ստացվում է՝ դու խախտում ես իմ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով»։ Փաստաբանը հիշեցնում է՝ դու անձին կարող ես նկարել, ձայնագրել, տեսանկարահանել զուտ նրա համաձայնությամբ։ «Հիմա ստացվում է՝ նա գնաց մի որեւէ օբյեկտ, նրան նկարեցին, գնաց հյուրանոց՝ նկարեցին, հաց ուտելու՝ նկարեցին։ Սա նշանակում է, որ դու, առանց անձի համաձայնության, վերցնում ես նրա վերաբերյալ բոլոր տեղեկությունները։ Վաղն էլ կարող են պարտադրել տեսասարքեր դնել հյուրանոցների սենյակներում»։ 

ՀԳ․ Այսպիսով ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին հսկելու նոր լծակ է ստանում։ Իսկ մենք հիշեցինք, որ այս նույն ուժայինները՝ ոստիկանությունը, քննչականները, որոնք իբր ջանում են ավելի արդյունավետ ձեւով հանցագործություններ բացահայտել ու կանխել, չգիտես ինչու, իրենց բաժանմունքներում հաճախ անջատում են տեսախցիկները, հատկապես այն բաժանմունքներում, որտեղ խոշտանգումներ են եղել, որտեղ մարդիկ են ցած նետվել պատուհաններից, որտեղ կատարվել են հանցագործություններ, որոնք բացահայտման ենթակա չեն։ Այնպես որ, տեսախցիկն ինքնին փրկություն չէ, այն միշտ կարելի է անջատել կամ փչացնել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image