Քաղաքականություն

Աղազարյանը պետք է ստորագրահավաք սկսի

Աղազարյանը պետք է ստորագրահավաք սկսի

ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը փորձում է եղած իրավական միջոցներով պաշտպանել իրեն եւ իր խախտված իրավունքները: Մինչեւ վերջերս լինելով իշխանության ներկայացուցիչ, նա շատ լավ գիտի, որ, այսպես կոչված, իրավապահ մարմինները գործում են օրենքից դուրս, ծառայում են Նիկոլ Փաշինյանին եւ առաջնորդվում են նրա կողմից իջեցված հրահանգներով: Իսկ հրահանգը տրվել է հրապարակային` բոլոր միջոցներով Աղազարյանից խլել պատգամավորական մանդատը, ինչը ենթադրում է, որ Աղազարյանը նախ պետք է վերածվի քրեական հանցագործի եւ հետո դատապարտվի:

Նման պայմաններում նրա գործողությունները` դիմում դատախազությանը՝ պարզեք, թե ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտի կողմից առգրավված իմ հեռախոսը եւ դրա բովանդակությունը հայտնվել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մոտ, իսկ նրա միջոցով հանրայնացվել, մանկամտության դրսեւորում է: Անիմաստ է նաեւ Հովիկ Աղազարյանի խախտված իրավունքների հարցով միջազգային իրավապաշտպան կառույցներին դիմելը եւ նրանցից ինչ-որ պաշտպանություն ակնկալելը: Նախ, այդ իրավապաշտպան կառույցները եւս գործում են ըստ քաղաքական նպատակահարմարության եւ ուղղորդվում են իրենց ֆինանսավորող երկրների կողմից, իսկ այդ երկրները Փաշինյանի իշխանությունը վերցրել են իրենց պաշտպանության տակ եւ ոչ մի դեպքում չեն քննադատի նրան, եւ երկրորդ՝ եթե անգամ ինչ-որ քննադատություն կամ դատապարտող հայտարարություն էլ լինի, դրանով Հովիկ Աղազարյանի վիճակը չի լավանա: Միջազգային կառույցները տարբեր երկրներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարյուր-հազարավոր հայտարարություններ են անում, բայց ոչ մի հետեւանք ու արդյունք: 

Հովիկ Աղազարյանն իրեն կարող է պաշտպանել միայն քաղաքական պայքարի միջոցով. նա պետք է պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոչ միայն դատարկ պահանջի, այլ նաեւ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով քաղաքական պրոցես սկսի: Փաշինյանի կողմից իր դեմ սկսված եւ կառավարվող բարոյական, հոգեբանական եւ իրավական ճնշումները բավարար են, որ նա նման պրոցես սկսի: Աղազարյանն իր ընկեր եւ ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանի հետ պետք է դիմի ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին եւ առաջարկի Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով ստորագրահավաք կազմակերպել: Պաշտոնանկության հարցն ԱԺ օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ունի 28 պատգամավոր, եւս 6 պատգամավոր ունի «Պատիվ ունեմը», գումարած Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, ստացվում է ճիշտ 36: 

Շատերն ասում են, որ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցություններն ընդամենը քննադատում են Նիկոլ Փաշինյանին եւ բողոքում նրա իշխանության գործունեությունից, բայց իրականում ոչ մի ցանկություն չունեն՝ հասնելու նրա պաշտոնանկությանը: Ճշմարտություն է դա թե հորինվածք, շատ հեշտ է պարզելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Աղազարյանը Փաշինյանի պաշտոնանկության հարցը դարձնի հանրային քննարկման առարկա, հրապարակայնորեն հանդես գա նման նախաձեռնությամբ եւ առաջինն ինքը ստորագրի այդ ձեւաթղթի տակ: Եթե իր նախաձեռնությունն արձագանք ստանա ընդդիմադիր խմբակցությունների կողմից, եւ նրանք միանան դրան, ուրեմն իսկապես պայքարում են Փաշինյանի պաշտոնանկության համար, եթե ոչ, ուրեմն պայքարի իմիտացիա են ստեղծում: Երրորդ տարբերակ չկա:

Նույնիսկ եթե հակադրվեն, թե միայն խորհրդարանի օրակարգ հարցը մտցնելը չի նշանակում Փաշինյանի պաշտոնանկություն, դրա համար անհրաժեշտ է 54 պատգամավորի կողմ քվեարկություն, լուրջ հիմնավորում չէ՝ նման նախաձեռնություն չսկսելու համար: Աղազարյանի եւ Ասլանյանի հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ՔՊ խմբակցությունն ամենեւին էլ կուռ կառույց չէ, եւ խմբակցության շատ անդամներ այնտեղ են որոշակի վախերից ելնելով, երբ պահը գա, եւ հնարավորություն լինի ազատվել Փաշինյանից, նրանք կարող են միանալ այդ նախաձեռնությանը: Եթե անգամ այս փուլում չհաջողվի հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը, միեւնույն է` այդ հարցի հրապարակային քննարկումը հանրային լուրջ ոգեւորություն եւ հանրային համախմբում կառաջացնի: Մի բան է՝ փորձ անելը եւ չհաջողելը, մեկ այլ բան՝ ընդհանրապես ոչինչ չձեռնարկելը, այն հիմնավորմամբ, թե, միեւնույն է` ձախողելու ենք:

Հովիկ Աղազարյանի դեպքում ցանկացած ելք արդեն հաջողություն է: Փաշինյանը, հրահանգավորելով Հակակոռուպցիոն կոմիտեին եւ դատախազությանը՝ Աղազարյանի դեմ քրեական գործ հարուցել, փորձում է նրանից քրեական հանցագործ սարքել, Աղազարյանը պետք է ցույց տա, որ իր դեմ սկսված քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի, իրեն հետապնդում են, քանի որ ինքը պահանջում է Փաշինյանի պաշտոնանկությունը: Աղազարյանն այս փուլում պետք է դառնա քաղաքական հետապնդյալ, իսկ եթե կալանավորվի եւ դատապարտվի`քաղբանտարկյալ: Քաղաքական գործունեությամբ զբաղվող անձի համար նման կարգավիճակն ավելի պատվաբեր է եւ ավելի արդարացի: Կենդանին, որ կենդանի է, երբ զգում է, որ իրեն փորձում են մորթել, կատաղի դիմադրություն է ցույց տալիս, ոչ թե կամավոր գլուխը դնում է դանակի տակ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image