Անահիտ Եսայանի «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ» նոր ժողովածուի շնորհանդեսը կայացավ նոյեմբերի 8-ին․ ինչպես 12 տարի առաջ, այս անգամ էլ նույն՝ արտիստիկ վայրում՝ Երևանի կամերային պետական թատրոնում, որտեղ մարդիկ մտերմիկ ու հարազատ մթնոլորտում զգացին իրենց․․․
Գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը ներկայացնելով երկրորդ հրատարակության նորույթները, շեշտեց․ «Այսօր մենք Աղասի Այվազյանի 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում ուզում ենք նշել նաև Անահիտ Եսայանի՝ Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ գրքի շնորհանդեսը»։ Հիշեցրեց, որ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2013 թվականին, ուր ներկայացված էին Ա․Եսայանի զրույցները՝ մեր մեծերից մեկի՝ Աղասի Այվազյանի հետ, միաժամանակ՝ առանձնացնելով գրքի կարևոր նորույթները և մոտիվները։
«Այս նոր գիրքն ունի առավելություններ, որովհետև այստեղ զետեղված են նաև Աղասի Այվազյանի վերջին երկու նովելը՝ «Զանգվածեղ Տարոնը» և «ՈՒրիշի կյանքը» վերնագրերի ներքո, ինչպես նաև՝ Անահիտ Եսայանի շատ ուշագրավ ու նուրբ գրականագիտական վերլուծությունները, որ կցանկանայի բոլորդ կարդաք»։
Հեղինակն այստեղ կարողացել է խորանալ գրողի սիմվոլիկայի մեջ, բացել սիմվոլի խորհուրդը, մտնել նույնիսկ երանգների, պատմական հայացքների մեջ, սա արդեն լուրջ ռիսկ է, իսկ այդ ռիսկն ունի Անահիտ Եսայանը, որովհետև տիրապետում է նյութին։ Ինչո՞վ է հետաքրքիր Աղասի Այվազյանի զրույցների այս գիրքը։ Նախ՝ այն, որ մենք գրողին փորձում ենք ճանաչել իր աշխարհայացքի լայնությամբ, նաև՝ խորությամբ։ Որովհետև շատ հարցերի պատասխանները գրողը կարողանում է տալ ուղիղ և անմիջական։
Երկրում կատարվող ցանկացած հարցի հանդեպ Աղասի Այվազյանն ունի իր գնահատականը, մեր առջև հայ մեծ մտածողներից մեկի՝ Աղասի Այվազյանի՝ պատմակշռային արժեք ունեցող գնահատական է։ Նա մեր շուրջը կատարվող ամենայն ինչի մեջ տեսնում էր ազգի կենսափիլիսոփայությունը, Չարենցյան՝ «ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և ու՞ր ենք գնում»՝ հարցերի՝ մի քիչ վերափոխված՝ պատասխանը։
Մեծերը հենց հետաքրքիր են նրանով, որ հնարավորություն են տալիս գալ մի հանգրվանի և մտածել՝ արդյո՞ք ճիշտ ենք վարվում՝ այս կամ այն քայլն անելիս, հատկապես, երբ այն վերաբերվում է ազգային խնդիրներին․․․
Այս գրքում շատ է խոսվում անկախության մասին, և կա մի հարցադրում, որն այսօր գուցե անհեթեթ է հնչում, բայց ժամանակին դա շատ լուրջ քննարկման ենթակա էր, որովհետև ըստ Աղասի Այվազյանի՝ ժամանակին կային մարդիկ, ովքեր դեմ էին անկախությանը։ Անկախության դեմ խոսող որևէ անհատ պարզապես ատրճանակը քունքին դրած՝ ինքնասպանի մեկն է։
Դրանով հանդերձ՝ Այվազյանը բացում էր անկախության գեղագիտությունը, անկախության հետագան, որից պիտի ազգը շահեր․․․ Մեր երազանքի իրականացումն էր դա, և հետագա մեր ընթացքը պայմանավորվելու է դրանով։ Շատ լավատես էր այդ հարցում նա և գտնում էր, որ չքավորությունը կարելի է վերացնել շատ հեշտ՝ փոքր ժողովուրդ ենք, մեր հնարավորություններն ավելի լայն են։
Հաջորդ թեման նրա համար գուցե կյանքի թեմա էր, քանզի Թիֆլիսից Երևան գալով ավելի է կենտրոնանում «Հայություն» գաղափարի վրա՝ ստեղծելով նույնանուն թերթը և հայություն քարոզելով ամեն պարագայում, բոլոր գործերում։
Եթե դու հայ ես, ուրեմն կրում ես Հայության ինքնության, մշակութային արժեքները։ Շատ հետաքրքիր դիտարկում ունի, ասում է՝ «Ես յուրաքանչյուր հայի մեջ կամ»՝ ինչը նոր տեսակ է, որը գրողը փորձում էր բերել ասպարեզ՝ միմյանց հասկանալու, սիրելու, լավը տեսնելու կոչելով յուրաքանչյուր հայի։
Հաջորդ թեման Երևանն է, Երևանի կառուցումը, ճարտարապետությունը։
Այստեղ նստած են մեր հայտնի ճարտարապետները, որոնք շփվել են Աղասի Այվազյանի հետ, ստացել են նրանից կարևոր ազդակներ՝ այն ընթացքում, երբ կառուցում էին Հյուսիսային պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս ամենի մեջ մեծ է եղել Աղասի Այվազյանի ոգեշնչումը, մարդկանց ուժ տալը՝ որ մարդիկ մտածեն և տեսնեն՝ մենք մեծ քայլ անելու ունակ, մեծ քաղաքի ազգ ենք։ Մի տեղ նույնիսկ խոսում է, որ մենք չենք ստեղծել մեր քաղքենիական խավը, այն, ըստ էության, մնաց սովետական երկրից ժառանգածը, արդյունքում՝ հայերը շատ հեշտ լքեցին Հայաստանը, Երևանը՝ ռուսահայից դառնալով՝ ամերիկահայ և մնալով խորհրդային քաղքենիական վերաբերմունքի շրջանակում։
Մինչդեռ, մեր քաղքենիական դասը, ըստ նրա՝ մշտաբնակը եթե մենք տեղում ստեղծեինք, բոլորովին այլ կլիներ։ Այստեղ նա խոսում է, ըստ էության, նոր երևանցի ձևավորելու անհրաժեշտութկյան մասին։
Հյուսիսային պողոտայում շրջելով նա տեսնում և մատնացույց է անում բարձրահարկ շենքեր, որոնք իր խոսքով՝ «հայ շենքեր» են, հայեցի են և հայկականությամբ են շնչում։
Հետաքրքիր է առնչվել Աղասի Այվազյանի ստեղծագործությանը, գրականությանը, պատմվածքների, վիպակների թեմատիկային, ֆիլմաստեղծության մեջ նրա ներդրումներին, որտեղ ահագին նյութ կա և ուսումնասիրության անհրաժեշտություն։
«Հայաստան» հրատարակչությունը ներկայացնելով՝ ես չափազանց ուրախ եմ, որ Անահիտ Եսայանը կարծես թե՝ իր կյանքի կարևոր գործն է համարել /գործերից մեկը/ Աղասի Այվազյանի ստեղծագործության ուսումնասիրությունը և գրականագիտական ուղղությամբ ունի լուրջ և ուշագրավ բացահայտումներ։ Մեր հրատարակչությունում ընդունված է ասել հետևյալ թևավոր խոսքը՝ «Երանի ամեն մի հայ մեծ գրող ունենար իր Անահիտը»։
« Հայաստան» հրատարակչություն
