Հասարակություն

Ով կփոխարինի Արտուշ Գաբրիելյանին

Ով կփոխարինի Արտուշ Գաբրիելյանին

2025 թվականի հունիսի 3-ից Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավորի թափուր տեղ է առաջացել` Արտուշ Գաբրիելյանի կալանավորումից հետո: Հիշեցնենք, որ Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 29-ին, հենց դատական նիստի ժամանակ, իրավապահների կողմից բերման ենթարկվեց, նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացվեց, ապա հաջորդիվ ԲԴԽ-ն թույլ տվեց, որ նրան կալանավորեն, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալուց հետո մտավ դատարան: Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա նրան 2 ամսով կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը բավարարվել է: ԲԴԽ մեկ այլ որոշմամբ էլ կասեցվել են դատավորի լիազորությունները՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Գաբրիելյանի գործն այժմ դատարանում է, մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Հիշեցնենք նաեւ, որ այս կալանավորման հարցում ակտիվ դերակատարում է ունեցել ԱՄՆ դեսպանությունը, քանի որ Արտուշ Գաբրիելյանին մեղադրում էին այն հարցում, որ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովին կալանավորելու միջնորդության քննությունն այնքան է ձգձգել, որ մեղադրյալը փախուստի է դիմել։ Եվ ԱՄՆ դեսպանությունն ուղղակի պահանջ է դրել ՀՀ իշխանությունների առաջ` պատժել դատավորին: 

Ըստ ԲԴԽ-ի՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր: Իսկ ըստ օրենքի՝ Գաբրիելյանին պետք է փոխարիներ դատավորների քրեական մասնագիտացման թեկնածուների ցուցակի առաջին համարը` Էմմա Ավագյանը: Նա Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետն է, սակայն իրավապահ համակարգից մեզ ասացին, որ Էմմա Ավագյանն այժմ ֆիզարձակուրդում է` երեխայի ծննդյամբ պայմանավորված, մի քանի ամիս է՝ «դեկրետ» է գնացել եւ Երեւան քաղաքի քրեական գերծանրաբեռնված դատարանում դժվար թե կարողանա աշխատել։ Նա, ըստ ամենայնի, կհրաժարվի դատավորի պաշտոնից, եւ հերթը կհասնի ցուցակի 2-րդ համարին` դատավորի թեկնածու Լիանա Եդիգարյանին։ Նա Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատարն է եւ, ամենայն հավանականությամբ, «կկրի» Գաբրիելյանի դատավորի պատմուճանը։  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image