Անգլիացի վիպասան Ջորջ Օրուելի հակաուտոպիական «1984» վեպը ծաղր էր խորհրդային իրականաության հասցեին: Համարյա 100 տարի անց մեր հասարակության գիտակից ու հայրենասեր հատվածը սպասում է այն վիպասանին, ով կգրի «Խաղաղ, ոչ բռնի, թավշյա» անվանումով վեպը: Որում ներկայացված կլինի այսօրվա հայաստանյան իրականությունը, որը ծնունդ առավ 2018 թվականի «խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» կոչված իշխանափոխությունից հետո: Այն իրականությունը, որն օբյեկտիվորեն բնութագրվում է որպես բռնապետության հաստատում ժողովրդավարության անվան ներքո: Իսկ ինչո՞ւ հենց Ջորջ Օրուելի «1984» վեպը՝ հարց կառաջանա: Որովհետև հենց այդ վեպում է բացահայտվում, որ ինչ-որ իշխանության դեպքում գոյություն ունեցող երևույթները ներկայացվում են 180 աստիճանով փոխված տարբերակով: Օրինակ՝ փոխվում են թշնամի-բարեկամ տեղերը, պարտությունը ներկայացվում է որպես հաղթանակ և այլն: Մեզանում էլ, չմոռանանք, իշխանության գագաթին գտնվող անձը հայտարարում էր, որ ինքը հպարտ է պարտությամբ: Իսկ պարտությամբ հպարտ կարող է լինել կա՛մ օրուելյան «շուռ տված» գաղափարախոսությունը կրող «հերոսը», կա՛մ ոչ ադեկվատ անձը և կա՛մ թշնամական գործակալը:
Բայց այնպես չէ, որ մեր դեպքում այդ անձը հպարտ է իր մենության մեջ: Նրա դրսևորած անբնականությունն ու անտրամաբանականությունը չեն կարող չփոխանցվել ու փոխանցվել են նրա ենթականներին: Ու վերջիններս էլ չեն կարող չփորձեն լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը: Եվ պետք է փորձեն գերազանցել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին նրա աչքը մտնելու և 2026-ի հունիսից հետո իրենց դիրքը պահպանելու նպատակով: Որովհետև, որքան ինձ հայտնի է, ՔՊ-ական իշխանավորներից բոլորը չեն, որոնք մյուս տարի կհայտնվեն թեկնածուների ցուցակներում կամ տեղ կգրավեն գործադիր կառույցների ղեկավար պաշտոններում: Ու այդ պատճառով էլ, բնականաբար, նրանց այլ տարբերակ չի մնում, քան «մեծարգո վարչապետին» իրենց անսահման հավատարմությունը ներկայացնելը: Օրինակներ եք ակնկալում՝ բերեմ յուրաքանչյուրից մեկականը:
Անբնականության օրինակը. ԱԺ-ում աչքի ընկնող ՔՊ-ական երեսփոխան Ալեքսանյան Վահագնը, պաշտպանելով մոր՝ կին արարածին չսազող վարքագիծը, խոսում է մոր նկատմամբ ակնածանքի մասին: Առանց ծավալուն այդ հատվածը ցիտելու՝ ասեմ, որ մոր նկատմամբ հոգատար ու նրա կերպարը վեհացնող վերաբերմունքն, այո, պետք է լինի յուրաքանչյուր նորմալ զավակի պարտականությունը: Այն, ինչը ժամանակին ու բազում ձևերով ներկայացվել է պոետ Հովհաննես Շիրազի կողմից: Սակայն Շիրազի պոեզիայում բառ անգամ չկա ու չէր կարող լինել այն մայրիկի մասին, ով սեփական որդուն քաղաքականապես օժանդակելու համար դիմում է քաղաքական սադրանքի: Ու, ընդ որում, չի արժանանում համապատասխան վերաբերմունքի: Դա՝ մեկ, և երկրորդ՝ մեր ժողովրդի մտածողության մեջ մոր նկատմամբ հարգանքի հետ առկա է նաև աղջիկ զավակի նկատմամբ անսահման հոգատար վերաբերմունքը: Ինչը 2018 թվականին կոպտորեն խախտվել է ՔՊ-ական ջահելների ու նրանց համակիրների կողմից հանրապետական Էդուարդ Շարմազանովի դեռահաս աղջկա նկատմամբ իրականացված հոգեբանական ճնշումների իրականացմամբ: Որքան տեղյակ եմ, Ալեքսանյան Վահագնը այդ օրերին ևս աչքի չընկավ՝ փորձելով պաշտպանել դեռահաս օրիորդին: Ինչը հասկանալի էր՝ նրա քաղաքական շահերից չէր բխում իրավապաշտպանությամբ զբաղվելը՝ ինչպես դա արվեց մոր պարագայում: Կարծում եմ, որ Ալեքսանյան Վահագնին կարելի է շնորհել «Անբնականության ասպետ» տիտղոսը:
Ի դեպ, գործող իշխանության կողմից ընդհանրապես մոր նկատմամբ վերաբերվող իրական վերաբերմունքի ցուցիչ էր երբեմնի «դուխով» Նիկոլի «գլխավոր հրամանատարությամբ» 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների մայրերին (ինչու չէ՝ նաև հայրերին) քաշքշելն իրավապահների կողմից թե՛ Եռաբլուրում, որտեղ ամփոփված են նրանց զավակների աճյունները, և թե՛ Հանրապետության հրապարակում կամ փողոցային բողոքի այլ վայրերում: Իսկ այդ վերաբերմունքի ամենաթարմ օրինակը տեղի է ունեցել օրերս. 30-ամյա կնոջը՝ երկու անչափահաս երեխաների մորը, հրավիրել են դատախազություն` Փաշինյանին ֆեյսբուքում քննադատական մեկնաբանություն գրելու համար: Ըստ տիկնոջ ընկերներից մեկի, «գրառումը Արցախի հողերի մասին է, գրվել է, որ հողեր հանձնողի ձեռքը պետք է կտրվի, այն դիտարկվել է որպես բռնության կոչ, մեծ պատմություն է դարձել»: Կարծում եմ, որ հենց դա է մոր նկատմամբ նիկոլական վերաբերմունքի իրական դրսևորումը, և այն պետք է համապատասխան իրավական արձագանք ստանա իշխանափոխությունից հետո:
Անցնենք հակատրամաբանության օրինակին. ՔՊ-ական Քոչարյան Անդրանիկի հարցով ԱԺ-ում Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին դեմ լինելը ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանի ասելով պայմանավորված է այն հանգամանքով, որ «ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել է, որ ՔՊ-ին վատ լինի, ոչ թե որ լրագրողի համար լավ լինի»: Այսինքն, ստացվում է, որ ինչ-որ երևույթի առումով «լրագրողի համար լավ լինելն» ավտոմատ վատ չի լինելու վերջինիս «հակառակորդ» Քոչարյանի և ընդհանրապես ՔՊ-ի համար: Դա՝ մեկ, և երկրորդ՝ Քոչարյանի հակաէթիկական վարքագիծ քննարկելուն ուղղված նախագիծը, ՔՊ խմբակցության ղեկավարի կարծիքով, չի ենթադրում էթիկայի հարցերով շահագրգռված լինելու հանգամանքը: Երևի դա պետք է ենթադրի բազում այլ հարցերի, բայց ոչ հենց էթիկայի հարցերով շահագրգռված լինելու հանգամանքը: Կարծում եմ, որ Կոնջորյան Հայկին էլ կարելի է շնորհել «Հակատրամաբանության ասպետ» տիտղոսը:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ