Ամանորն աշխարհում ամենահայտնի և սիրելի տոներից է: Յուրաքանչյուր ազգ այն յուրովի է տոնում, բայց երբեմն տոնական նախապատրաստությունները կարող են լինել հոգնեցուցիչ և սթրեսային: Տոներից առաջ, դրանց ընթացքում և հետո շատ մարդիկ ընկնում են սթրեսի մեջ: Ի՞նչն է պատճառը, ինչպիսի՞ն պետք է լինի ամանորյա տոնախմբությունը` հանրությանը սթրեսի չենթարկելու համար: Այս և այլ հարցերի մասին մենք զրուցել ենք հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։
- Տիկին Ծատուրյան, ինչո՞ւ են մարդիկ Նոր տարվա տոներից առաջ ագրեսիվ վարքագիծ ցուցաբերում, սթրեսի մեջ ընկնում: Ի՞նչն է պատճառը:
- Ես կարծում եմ, որ հայ ազգն այնպիսի ողբերգություն է ապրում, որ ագրեսիվ վարքագիծն ու բարդ հոգեբանական վիճակը հենց դրանով են պայմանավորված: Եթե հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախում՝ երկու ամիս առաջ, ապա կհասկանանք, որ համատարած ագրեսիան պայմանավորված է հենց դրանով: Երկու ամիսը բավականին քիչ ժամանակ է մարդուն վերականգնվելու համար: Իսկ սթրեսները գիտե՞ք ինչից են գալիս, վաղվա օրվա հանդեպ հավատի բացակայությունից: Մենք՝ հայերս մի խոսք ունենք, որը ես չեմ սիրում՝ «Ինչի՞դ վրա ես ուրախանում»: Հիմա հենց այդ վիճակում ենք հայտնվել. ինչների՞ս վրա ուրախանանք…. այս ամենին էլ գումարվում են սոցիալական խնդիրները: Մեկն ունի գումար, իսկ մյուսը՝ ոչ:
- Այսինքն՝ փողի ֆակտորը ևս մեծ է:
- Այո, Ամանորը մոտենում է, իսկ մարդը չունի փող, որպեսզի այն նշի այնպես, ինչպես ինքը կուզեր: Կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասում են, թե երբ պետք է անցնեն ամանորյա օրերը: Այս տարի սկսել եմ լսել, թե ինչ լավ է, որ այս տարի աշխատանքային օրերը հունվարի 3-ից են սկսվում: Պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ցանկանում արձակուրդ ունենալ, այլ խնդիրը ֆինանսների հետ է կապված:
- Այս տարի մարդկանց մոտ նաև տոնական ակտիվությունն է նվազել` առեւտուր չեն անում, երկրից դուրս չեն մեկնում, ռեստորաններ չեն ամրագրում:
- Դա ևս վերոթվարկածս խնդիրների պատճառով է: Դրանցից բացի կա անիմաստության զգացում: Տարատեսակ ճաշատեսակներ են պատրաստում, հետո կեսից ավելին հնանում է, դեն են նետում: Մարդիկ սկսել են էկոնոմիա անել: Պատճառը ոչ միայն գումարի պակասն է, այլև՝ անիմաստության զգացումը:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց. ինչպե՞ս պատրաստվել Նոր տարուն, առանց ավելորդ սթրեսների ենթարկվելու:
- Կյանքը շարունակվում է: Եթե ապրում ենք, պետք է դրական մտքերով ապրենք, լավ տրամադրվենք ապագայի հանդեպ: Մեզ բարկացնում է վաղվա օրվա հանդեպ հավատի բացակայությունը: