Խորհրդարանական ընտրություններին մնացել է ուղիղ հինգ ամիս, սկսվել է վերադասավորումների փուլը, եւ օրեցօր ավելի հստակ է դառնում, թե ինչ կոալիցիաներով եւ դաշինքներով են տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները, եւ այս ամենին զուգահեռ` դեռ նախորդ տարվանից սկսվել է ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը, որին լծվել է ե՛ւ իշխանությունը, ե՛ւ որոշ չափով՝ ընդդիմությունը: Թեմայի մասին զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
- Թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմադիր ուժերը սկսել են նախընտրական քարոզարշավը: Նիկոլ Փաշինյանը նվագում է, երգում-պարում, թոշակների բարձրացման մասին սուտ խոստումներ տարածում, փորձում է Հայ առաքելական եկեղեցին «բարենորոգել», իրականում՝ քանդել, ընդդիմությունն էլ իր հերթին մարզեր է այցելում, Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ մամուլի ասուլիսով հանդես եկավ` Մասիս սարի նկարի ֆոնին, նոր քաղաքական ուժեր են ձեւավորվել` Արման Թաթոյան, Նինա Կարապետյանց, Նաիրի Սարգսյան եւ այլն: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ նախընտրական քարոզչություն է ընթանում այս ուժերի կողմից, ի՞նչ պատկեր ունենք ներկա պահին, եւ ի՞նչ բացեր ունեն պառլամենտական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը:
- Նրանք՝ բոլորը, իրենց պատկերացմամբ, անցկացնում են նախընտրական կամպանիա` ով ինչպես պատկերացնում է եւ ով ինչ գաղափար ունի այդ գործընթացի վերաբերյալ: Կան բազմաթիվ թերություններ, սակայն ես այդ մասին չեմ խոսի, որովհետեւ եթե խոսեմ նրանց թերություններից, ապա նրանք կվերացնեն այդ թերությունները, իսկ ես չեմ ցանկանում որեւէ քաղաքական ուժի անվճար խորհրդատվական ծառայություններ մատուցել: Այդ պատճառով չեմ խոսի թերությունների մասին: Բայց ասել, որ այս ընտրական կամպանիան էապես տարբերվում է մյուսներից` սկսած 1995-ից, սուտ կլինի: Շատ թերի, թույլ ու անմակարդակ նախընտրական կամպանիա են անցկացնում, որովհետեւ չունեն տարրական գիտելիքներ նախընտրական պրոցեսների ռազմավարության մասին, ընդհանրապես գաղափար չունեն: Խոսում են ընդդիմադիր էլեկտորատների մասին, խոսում են ընդդիմադիր-իշխանություն մասնակցության մասին, առանց հասկանալու, որ ընտրություններին մասնակցելու են իշխանությունը եւ տարբեր ուժեր: Մարդիկ, ի վերջո, տարբեր սկզբունքներով են մասնակցում ընտրություններին, եւ նման հայտարարությունները վնասում են պրոցեսներին: Նախընտրական պրոցեսները մակարդակի առումով մնացել են 90-ականներում:
- Նիկոլ Փաշինյանը բենդ է ձեւավորել, նվագում է, երգում, պարում: Այս ամենը օգնո՞ւմ է նրան, թե՞ հակառակը` վնասում:
- Նիկոլ Փաշինյանի այդ քայլն ուղղված է իբրեւ թե երիտասարդ լսարանին, քանի որ ընտրազանգվածի մեջ պակաս տեղ չի զբաղեցնում երիտասարդությունը: Նա, իմանալով, որ իր վարկանիշը բավականին ընկել է, փորձում է այս քայլերով ձայներ հավաքել, սակայն դա նրան օգուտ չի տալու, քանի որ ամեն բան շատ արհեստական է արվում: Երիտասարդներին չես կարող միայն քանոնով եւ թմբուկով գրավել, ոչ էլ ռոք երգիչ ձեւանալով: Ամեն դեպքում, այս հարցին ավելի հստակ պատասխանելու համար պետք է նախ սոցիոլոգիական հարցում անցկացնել, եւ հետո՝ շատ բան կախված է նաեւ նրանից, թե ընդդիմությունն ինչպես այս ամենին հակառակ փիառ քայլեր կանի: Հաշվի առնելով, որ երիտասարդների մոտ թմբուկ խփելով չի փոխվելու կարծիք, քանի որ Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը չի գալիս նրանից, որ նա թմբուկ չէր խփում, իսկ հիմա` խփում է: Պատճառը լրիվ այլ տեղում է, հետեւաբար, այս ամենը Փաշինյանին որեւիցե օգուտ չի բերելու: Դա սխալ տեխնոլոգիա է:
- Իսկ մյուս ուժե՞րը:
- Մյուսներն էլ շատ ստանդարտ տեխնոլոգիաներ են կիրառում: Հավաքվում են, գնում են մարզեր, դահլիճներ են լցնում, բնակիչների հետ են խոսում եւ չգիտես քանի հազարերորդ անգամ խոսում են այն մասին, թե ինչքան վատն է Նիկոլ Փաշինյանը, եւ որքան վտանգավոր են նրա բազմաթիվ սխալները: Իրենց թվում է, թե մարզերի բնակիչներն անտեղյակ են, չեն տեսնում Փաշինյանի սխալները եւ իրենցից պետք է միայն լսեն: Մարդիկ գաղափար չունեն, թե էլեկտորալ ինչ խմբեր կան, եւ ում ինչպես կարելի է գրավել: Բազմաթիվ հարցեր կան, որոնք Հայաստանի քաղաքական ուժերի համար հասանելի չդարձան, քանի որ ընտրական կամպանիան այդպես էլ չզարգացավ:
- Շատ է խոսվում ձայներ փոշիացնող ուժերի մասին: Դրանք ո՞ր ուժերն են, ըստ Ձեզ:
- Կա այդպիսի տեխնոլոգիա: Կան դրածո թեկնածուներ: Նրանք իրականում բազմաթիվ խնդիրներ են լուծում: Ընտրությունները միշտ չէ, որ միտված են իշխանափոխության: Ընտրություններով տարբեր ուժեր տարբեր խնդիրներ, հարցեր են լուծում: Կան ուժեր, ովքեր հենց ձայներ փոշիացնելու խնդիրն են լուծում, որպեսզի իշխող ուժը շահի դրանից: Դրանք այն քաղաքական ուժերն են, որոնք չեն հավաքելու անցողիկ չորս տոկոս շեմը, բայց փոխարենը նրանց չանցած ձայների մեծ մասն անցնելու է առաջին տեղը զբաղեցնող ուժին, այդ լինի ՔՊ-ն, թե Քոչարյանը: 2021 թվականին 10-12 տոկոս ձայն փոշիացավ եւ արժանացավ այդ ճակատագրին: Այդ ձայները լրիվ անցան ՔՊ-ին: Կան նաեւ ուժեր, որոնք մեծ ամբիցիաներ ունեն, եւ իրենց թվում է, թե աշխարհն առանց իրենց մասնակցության կարող է շուռ գալ: