Քաղաքականություն

Նախագահը պետք է փորձեր հակակշռող դեր խաղալ․ Գ․ Եղիազարյան

Նախագահը պետք է փորձեր հակակշռող դեր խաղալ․ Գ․ Եղիազարյան

Հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքական ուժերի մի մասն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել։

«Ազգային-Ժողովրդական բևեռ» նախաձեռնությունն կազմում են «Սասնա ծռեր» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, ոչ կուսակցական հասարակական-քաղաքական գործիչներ։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ, «Ազգային - Ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանի հետ։

- Պարո՛ն Եղիազարյան, Ձեր քաղաքական թիմն ի՞նչ որոշում է կայացրել ընտրությունների հետ կապված։ Ժամկետների հետ կապված ի՞նչ դիտողություններ ունեք։ Մինչև ընտրություններն ի՞նչ պետք է արվեն։

- Մենք մեր առաջարկները փաթեթով ներկայացրել ենք դեռ 2018 թվականի ընտրություններից առաջ։ [Փաստաբան] Արայիկ Պապիկյանն Ազգային ժողովին ներկայացրել է։ Հիմա էլ հրավեր է եղել, ինչքանով որ ես տեղյակ եմ, փաթեթով ներկայացվել է, որ պարտադիր պետք է լինի «Կուսակցությունների մասին» նոր օրենք, որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցել են պետականաքանդությանը, ովքեր մեր հայրենիքը, մեր երկիրը հասցրել են այս կետին, առնվազն չկարողանան առաջադրվել։ Պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի։

- Ո՞ր ուժերը չպետք է մասնակցեն։

- Հանրապետական կուսակցությունը առաջին հերթին։ Բոլորիս ակհայտ են այդ ուժերը, անուն առ անուն չթվարկեմ։ Ովքեր վերջին 20-30 տարիներին եղել են իշխանություն կամ իշխանության մաս։ Եվ փոխանակ երկիրը ճգնաժամից դուրս բերելու, փոխանակ երկիրը կառուցելու իրենց մասնակցությունն են ունեցել երկիրը քանդելու, բանակը կազմաքանդելու, պարտությունը կերտելու գործընթացին։ Ի վերջո, մեր խնդիրներից մեկը նա է, չէ՞, որ մեր երկիրը լինելով միատարր՝ երկրում առաջացել է դոմոգրաֆիական խնդիր։ Առաջացել է այնպիսի վիճակ, որ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների մեծ զանգվածների համար մեր երկիրը դիտարկվում է «Որ մեռնեմ, ինձ կտանեք-կթաղեք իմ երկրում», բայց ապրել այս երկրում, ստեղծագործել, երկիրը շենացնել չեն կարողանում ուղղակի, հնարավորություններից զրկված են։ Այդ բոլորը մեր 30 տարվա իշխանությունների, անխտիր բոլորի պատճառով է։

- Նկատի՞ ունեք նաև այս իշխանություններին։

- Իհարկե, քանի որ ներկայիս իշխանությունները ստանձնեցին պարտավորություն («այնքանով որքանով», իհարկե, հասկանալի է)՝ իրականացնել սահմանադրական փոփոխություններ, թալանվածը ետ բերելու, մեղավորներին պատժելու, բոլոր այն խոստուները, որ տրվեցին հրապարակներում, ամբիոններից և այլն, դրանցից որևէ մեկը կյանքի չկոչվեց։ Իրավագիտության մեջ մի հայտնի մոտեցում կա՝ «անգործությունը նույնպես հանցագործություն է»։ Այսինքն՝ երբ որ կոնկրետ պարտավորություններ ստանձնելով՝ մարդիկ գալիս են և դրանցից որևէ մեկը կյանքի չեն կոչում, դա նույնպես հանցագործություն է։ Դա ժողովրդի վստահության մսխում է։ Դա, այն մանդատը, որ ստացել են, ոչ նպատակային մսխում է։ Դա չարաշահում է։ Եթե նախորդ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տրվեր, որը մենք ի սկզբանե պահանջել ենք, առաջարկել ենք, այդ հիմքով բազմաթիվ գործընթացներ կսկսվեին՝ պետությունը յուրացնելու, պաշտոնեական դիրքը նեղ կլանային շահերին ծառայեցնելու և այլն։ Եթե արմատական փոփոխութուններ իրականացվեին մեր երկրում, մենք առնվազն ավելի լավ պատրաստված կլինեինք թե՛ այս պատերազմին, թե՛ մեր երկրում իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Ու նաև, եթե հիշում եք 2018 թվականի ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի ժամանակ, Վարուժան Ավետիսյանն այսպիսի մի միտք բարձրաձայնեց, որ «Մեր կարծիքով՝ այս խորհրդարանը պետք է առևելագույնն ունենա երկու տարվա կյանք, ինքը կոնկրետ առաքելությամբ պետք է գա»։ Եվ այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար, և հետագայում մինչև հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ճիշտ եմ հիշում՝ Արթիկում իրականացրած հանրահավաքի ժամանակ դրան պատասխանեց (26․11․2018), որ «ո՞վ է որոշելու այս խորհրդարանի կյանքը, բոլորին կփռենք ասֆալտին»։ Այսինքն՝ ուղիղ սպառնալիք քաղաքական առաջարկին, ուղիղ սպառնալիք այդ միտքն առաջարկողներին և այլն։ Այս բոլորը հանգեցրել է այս իրավիճակին։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանության, կառավարության անդամները, համախոհները բազմաթիվ անգամներ, նաև Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են, որ «ԲՀԿ-ն հանցագործ կառույց է», ու «նրա ղեկավարն այսպիսին է, այնպիսին է», ու դրանից հետո նրանց հետ ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հիմա նրանց հետ համաձայնեցված ընտրությունների ժամկետ է նշանակում։ Այս բոլորը տրամագծորեն միմյանց հակասում են։

- Հիմա կոնկրետ ո՞ր ուժերի հետ եք համագործակցում։ Նաև այս Ընտրական օրենսգրքի հետ կապված, կարծես թե, ուզում են ռեյտինգային համակարգը հանել։ Սրա հետ կապված ի՞նչ դիտարկումներ ունեք։ Ի՞նչ կարգով պետք է անցկացվեն ընտրությունները։

- Տեսեք, նախ ընտրություններն անցկացնելը միայն Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն է ընդամենը։ Մենք չունենք որևէ իրական ապացույց, որ դրանք կլինեն։ Երկրորդ, իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ տարբեր կարծիքներ են հայտնում, մեկն ասում է․ «Գիտե՞ք, ես ռեյտինգային ընտրակարգով պատրաստվում եմ առաջադրվել, ի վերջո դրանով ընտրություն արվել է, նորմալ է եղել», մեկն ասել է․ «Չէ, պետք է փոխվի ռեյտինգայինը»։ Ո՞ր ուժերի հետ ենք համագործակցում։ Մենք բաց ենք բոլոր այն ուժերի առջև, որոնք ունենան ազգային, ինքնիշխան պետություն ստեղծելու նպատակ։ Ովքեր այս տարիներին չեն ապականվել։ Եվ ովքեր ազնիվ նպատակ ունեն։ Այն հռչակագիրը, որ «Ազգային-Ժողովրդավարական բևեռն» ընդունել է, հստակ է, որ այդ նպատակի շուրջ պատրաստ ենք համագործակցել։

- Պարո՛ն Եղիազարյան, նոր կուսակցություններ են ի հայտ եկել։ «Ձայն» կուսակցություն, որի նախագահն է դուստրը Ֆելիքս Հայրապետյանի, ով նախկինում ձեր համակիրներից էր։ «Արդար Հայաստան» կուսակցությունը, որ Նորայր Նորիկյանն է հիմնել։ Այս կուսակցությունների հետ ինչ-որ շփումների մեջ ե՞ք կամ քննարկումների։

- Երկու կուսակցությունների մասին, որ բարձրաձայնեցիք, ընդամենը մակերեսային ինֆորմացիա ունեմ։ Ես չգիտեմ, թե բացի Ֆելիքս Հայրապետյանի դստերից ով կա այդ կուսակցության մեջ։ Ինչպես նաև չգիտեմ՝ Նորայր Նորիկյանից բացի ով կա այդ կուսակցության մեջ։ Տեղյակ չեմ, թե «Ազգային – Ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամներից ով ինչ շփումներ կարող է ունենալ։ Ես առնվազն նրանց հետ որևէ անձնական շփում չեմ ունեցել և ծանոթություն չունեմ։

- Նախագահի գործողություններ ինչպե՞ս եք գնահատում։ Քննարկումներ անցկացրեց տարբեր կուսակցությունների հետ, կոչ արեց, որ Փաշինյանը հրաժարական տա, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսեց։ Ըստ Ձեզ՝ նախագահը՝ որպես Սահմանադրությանը հետևող, կատարո՞ւմ է իր գործառույթները, արդյո՞ք պետք է ավելի ակտիվ գործի, ի՞նչ պետք է անի, որ չի արել։

- Կարծում եմ, որ առնվազն նոյեմբերի 9-ից սկսած, դե իհարկե իր ընտրվելուց սկսած նաև, բայց նոյեմբերի 9-ից սկսած նախագահը պետք է շատ ավելի ակտիվ գործունեություն ծավալեր։ Չնայած որ Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ՝ Սերժ Սարգսյանի կոստյում-Սահմանադրությունը նրան բազմաթիվ լծակներից զրկել էր, Նախագահը պետք է փորձեր հակակշռող դեր խաղալ և շատ ավելի ակտիվ գործունեություն իրականացներ։

- Օրինակ՝ ի՞նչ պետք է աներ։

- Պետք է փորձեր կոնսենսուս ստեղծել երկրում։ Պետք է փորձեր այն անցումային փուլն իրականացնել։

- Ժամանակավոր կառավարություն նշանակե՞ր։

- Այո, իհարկե։ Պետք է ժամանակովր կառավարություն լիներ, պետք է  առնվազն ձգտեր, որ ընտրութուններին [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ] Տիգրան Մուկուչյանը չլիներ։ Պետք է ստիպեր ժողովրդական ճնշմամբ կամ օրենսդրությամբ թույլատրելի մեխանիզմներով, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվեր, և որ թաղային հեղինակությունների ֆակտորը դուրս մղվեր, որպեսզի իրական, արդար պայմաններ ստեղծվեին։ Իմ կարծիքով՝ այսպես մի շարք գործառույթներ պետք է իրականացներ։ Որովհետև նախագահի գործառույթները, բացի այն թղթի (թուղթ եմ ասում, որովհետև այս Սահմանադրությունը նույնպես լեգիտիմ չէ) վրա գրված լիազորություններից, նաև հանրային ընկալման մեջ բոլորովին այլ կերպ են ընկալվում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image