Երկու տարի հայկական իշխանությունը իր քայլերով փաստացի սատարում էր ալիևյան ռեժիմի էքսպանսիոնիստական ծրագրերին։ Երկու տարի հայկական իշխանությունը փաստացի հրաժարվում էր ընդունել իրողությունները՝ Սյունիքի օկուպացիայի պան-թուրանական նախագիծը անվանելով «ֆանտազիա»։
Երկու տարի հայկական իշխանությունը մեզ «ֆռռացնում» էր՝ պնդելով, թե Արցախը հանձնելով և Թուրքիային ու Ադրբեջանին զիջումների գնալով ՝ «խաղաղություն» է բերում հայ ժողովրդին։
Երկու տարի «խաղաղության դարաշրջան» անվան տակ իջեցվել է «թուրքական կոյուղի» և ահա այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների բացահայտ հակահայկական և հակապետական քաղաքականության արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմը բացահայտ հնչեցնում է Հայաստանը բռնազավթելու ծրագրերը։
Այսպես. մի մարդ, ով նշանակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար` ոմն Ջեյհուն Բայրամով, բառացիորեն հայտարարել է հետևյալը՝ Ադրբեջանն ամեն դեպքում իրականացնում է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանը լիովին հրաժարվում է դրան մասնակցելուց, քանի որ Բաքուն «Բ» պլան ունի։ Ադրբեջանը շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ ՝ ունենալով «Բ» պլան։ Եվ մեր նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, բայց այդ դեպքում այն ուղղակի դուրս կգա շահառուների թվից»։
«Թուրքերենից» նորմալ լեզվով թարգմանելու դեպքում սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմով օկուպացնել Սյունիքը։
Կրկնեմ` սա ներկայիս իշխանությունների քաղաքականության ուղղակի հետևանքն է, որի մասին արդեն երկու տարի բոլոր հարթակներից բառացիորեն գոռում են բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի կաթիլ տրամաբանություն և պատկերացում ունեն տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների իրական նպատակների մասին։
Այնուամենայնիվ, ի՞նչ է անում այս պայմաններում հայաստանյան իշխանությունը։ Ըստ էության, այն, ինչին հասնում է թուրք-ադրբեջանական տանդեմը: Այն է՝ քանդում է տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը՝ սանձարձակ հակառուսական հռետորաբանություն վարելով։
Նպատակը պարզ է, այս անգամ մեղավոր են նշանակվելու ռուսներն ու իրանցիները, իսկ թե ինչու իրանցիները` մի փոքր ուշ կիմանանք։
Արման Աբովյան