Զրուցակիցս գրող, հրապարակախոս, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ Աշոտ Դալլաքյանն է:
- Ընտրություններից հետո լայն քննարկման առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությունը՝ «այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել եւ քվեարկել ըստ ընտրակաշառքի, կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել»: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։
- Ընտրակաշառքը, անկասկած, ժողովրդավարական համակարգի ամենավտանգավոր երեւույթներից է։ Այն խաթարում է ընտրողի ազատ կամարտահայտությունը, վնասում պետական ինստիտուտների լեգիտիմությանը եւ աղավաղում քաղաքական գործընթացները։ Այդ առումով ընտրակաշառքի դատապարտումը բնական եւ անհրաժեշտ է։ Անհանդուրժելի է, երբ հասարակության որոշակի հատվածի քաղաքական վարքագիծը կամ ընտրությունը ներկայացվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Ժողովրդավարության հիմքում ազատ ընտրության իրավունքն է, նույնիսկ եթե այդ ընտրությունը դուր չի գալիս իշխանությանը։ Հետեւաբար, նման ընդհանրացումները ոչ միայն վիճահարույց են, այլեւ կարող են խորացնել հասարակական բաժանարար գծերը։
- Ձեր կարծիքով, նման ձեւակերպումներն ի՞նչ ազդեցություն են ունենում հասարակության վրա։
- Հայաստանում առանց այդ էլ տեսանելի է հասարակական լուրջ բեւեռացում։ Եթե խոսում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնք չեն կիսում գործող իշխանության քաղաքական գիծը, ապա նրանց կարծիքը չի կարող ներկայացվել որպես երկրորդական կամ անտեսվել։ Ժողովրդավարական պետությունում իշխանության պարտականությունն է` լսել նաեւ քննադատող քաղաքացիներին։ Քաղաքական անհամաձայնությունը չի կարող ներկայացվել որպես պետական խնդիրների հիմնական պատճառ։ Ընդհակառակը՝ բազմակարծությունն է առողջ ժողովրդավարության հիմքը։ Պետության կայունությունը պայմանավորված է ոչ թե մարդկանց «ճիշտ» եւ «սխալ» խմբերի բաժանելով, այլ այնպիսի միջավայր ստեղծելով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր քաղաքական հայացքներից, իրեն զգում է երկրի լիիրավ տերը եւ պատասխանատուն։
- Հաճախ շեշտում եք, որ ժողովրդավարությունը միայն ընտրությունների արդյունքը չէ։ Ի՞նչ նկատի ունեք։
- Ցանկացած իշխանություն, նույնիսկ ընտրություններում հաղթած, պարտավոր է ներկայացնել ոչ միայն իր ընտրողներին, այլեւ ամբողջ հասարակությանը։ Ընտրական հաղթանակը չի նշանակում, որ հասարակության բոլոր շերտերը համաձայն են իշխանության վարած քաղաքականության հետ։ Ժողովրդավարությունը միայն քվեարկության արդյունք չէ։ Այն նաեւ քաղաքական մրցակցության, բազմակարծության, անհամաձայնության եւ տարբեր տեսակետների համակեցության մշակույթ է։ Պետական գործչի ուժը չափվում է ոչ միայն իրեն աջակցողների, այլ նաեւ իրեն քննադատողների ձայնը լսելու կարողությամբ։
- Իսկ ո՞վ է պատասխանատու ներքաղաքական ներկայիս մթնոլորտի համար։
- Եթե այսօր Հայաստանը շարունակում է ապրել հասարակական բեւեռացման, փոխադարձ անվստահության եւ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում, ապա այդ պատասխանատվության զգալի բաժինն ընկնում է գործող իշխանությանը, որը ղեկավարում է երկիրը 2018-ից։ Իշխանության գլխավոր առաքելությունը հասարակությունը միավորելն է, ոչ թե բաժանելը։ Երբ քաղաքական հռետորաբանության մեջ գերակշռում են մեղադրանքները, պիտակավորումները եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ հակադրությունները, դա չի նպաստում համազգային համերաշխությանը։
- Դուք բավականին կոշտ քննադատություն եք հնչեցնում վարչապետի եւ նրա քաղաքական թիմի հասցեին։ Ինչո՞վ է պայմանավորված այդ գնահատականը։
- Այսօր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ հաճախ հանդես են գալիս ոչ թե որպես քաղաքական գործիչներ, այլ որպես մեղադրողներ եւ դատավորներ։ Իմ գնահատմամբ՝ հասարակության հետ երկխոսության փոխարեն ընտրվել է պիտակավորման եւ բաժանման ճանապարհը։ Ես համոզված եմ, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի համերաշխության, ոչ թե փոխադարձ թշնամանքի վրա։
- Ի՞նչ հիմնական խնդիրների վրա պետք է կենտրոնանա իշխանությունը։
- Փոխանակ հասարակության տարբեր խմբերի մեջ մեղավորներ փնտրելու՝ իշխանությունը պետք է կենտրոնանա երկրի իրական խնդիրների վրա։ Երկրում պահպանվում է աղքատության բարձր մակարդակը, հասարակության լայն շրջանակներում առկա է սոցիալական դժգոհություն, քաղաքական համակարգում նկատվում են կառավարման այնպիսի միտումներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։ Բացի այդ, հասարակության մի հատվածի մոտ ձեւավորվել է անվստահություն իշխանության քաղաքական քայլերի նկատմամբ, ինչը եւս չի կարելի անտեսել։
- Ո՞րն է Ձեր հիմնական ուղերձն իշխանություններին։
- Դրսեւորել քաղաքական հասունություն, ընդունել սեփական սխալներն ու թերությունները եւ սկսել իրական երկխոսություն հասարակության հետ։ Ժողովրդավարության ամրությունը որոշվում է ոչ միայն ընտրություններում ստացած ձայներով, այլեւ տարբեր կարծիքներ ունեցող քաղաքացիներին մեկ պետական օրակարգի շուրջ համախմբելու կարողությամբ։ Ուզում եմ հասցեական խոսել. այսօր հայ ժողովրդի պառակտման գլխավոր պատասխանատուն հենց երկրի վարչապետն է։ Եվ դա ոչ թե պատահականություն է, այլ նրա քաղաքական թուլության եւ վարած քաղաքականության տրամաբանական հետեւանքը։ Պարոն Փաշինյան, լավ կլինի, որ Ձեր ելույթներում խոսեք ոչ թե հորինված մեղավորների, այլ իրական խնդիրների մասին. Հայաստանում կա 1 միլիոն աղքատ մարդ։ Երկրում պահպանվում են մենաշնորհներ։ Քաղաքական համակարգում առկա են դիկտատորական միտումներ։ Միապետական կառավարման տրամաբանությամբ արտոնություններ եւ թողտվություններ են տրվում համախոհներին։ Համառությամբ շարունակվում են այն ավանդույթները, որոնք սկիզբ են առել դեռեւս նախորդ իշխանությունների կառավարման տարիներին, եւ որոնք այսօր մեծ պատրաստակամությամբ ու նույն ոգով շարունակում եք դուք։ Հասարակության մի զգալի հատվածի մոտ խորացած է այն համոզմունքը, որ Ձեր քաղաքական քայլերի մի մասը համընկնում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի շահերի եւ պահանջների հետ։ Դրսեւորե՛ք քաղաքական հասունություն եւ գիտակցություն, ընդունե՛ք Ձեր եւ Ձեր թիմի սխալներն ու թերությունները։