Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուր են հրապարակել, թե ռուս եւ ադրբեջանցի գեներալները հանդիպել են եւ քննարկել Արցախից հայական զորքերը դուրս բերելու հարցերը: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը, ասվում է.«Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այսօր հանդիպել է Ռուսաստանի ցամաքային զորքերի խաղաղապահ զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել Ադրբեջանի տարածքից ապօրինի հայկական զինված խմբավորումների դուրսբերման և մի շարք այլ հարցերի շուրջ»։
Այս հայտարարություններին զուգահեռ ՀՀ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներից մինչեւ շարքային ՔՊ-ական պատգամավորները սկսել են հրապարակայնորեն խոստավանել, որ ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կարող են քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցը, երկրի նախագահն ասում է՝ ոչինչ, որ ադրբեջանցիները կրակում են, միեւնույնն է՝ մենք չենք շեղվելու մեր՝ խաղաղության ճանապարհից: Այս եւ իշխանական մյուս անհեթեթ հայտարարություններին զուգահեռ ռուս եւ ադրբեջանցի գեներալները քննարկում են նոյեմբերի 10-ին Փաշինյանի ստորագրած չարաբաստիկ հայտարարության դրույթները: Այս ամենը ի մի բերելով, կարող են կանխատեսել, որ Արցախի մնացորդների գլխին սեւ ամպեր են կուտակվել…