Երբեմն մի մանկական նկարն ավելի ուժեղ է խոսում, քան բազմաթիվ քաղաքական հայտարարություններ։
11-ամյա արցախցի Եվայի նկարած «Տատիկ-պապիկ» հուշարձանը հերթական խորհրդանշական բարձունքն է նվաճել․ այն մի խումբ հայ լեռնագնացների շնորհիվ բարձրացվել է Արարատի գագաթ։ Սա պարզապես լուսանկար կամ գեղեցիկ դրվագ չէ։ Սա հիշողության, ինքնության և հայրենիքի հանդեպ սիրո խորհրդանիշ է։ Այդ մասին տեղեկացա սոցիալական ցանցից։ Տեղեկացնում է Հայկ Մովսիսյանը։ «Հիշողությունը հնարավոր չէ ջնջել։ Մենք ուզում էինք, որ Եվան իմանա՝ ինքը միայնակ չէ, և բոլորին հիշեցնել, որ կան արժեքներ, որոնք հնարավոր չէ արգելել»,- ասել է մասնակիցներից մեկը։
Շաբաթներ առաջ նույն այս նկարը հեռացվել էր Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցադրությունից՝ այն «հակապետական» որակելու պատճառաբանությամբ։ Սակայն այդ որոշումը ավելի մեծ արձագանք առաջացրեց։
Մարդիկ կանգնեցին 11-ամյա երեխայի կողքին։ Եվայի աշխատանքը դարձավ հանրային քննարկման թեմա, և վերջում հաղթեց այն, ինչը հնարավոր չէ արգելել՝ հայրենիքի հանդեպ սերն ու ազգային հիշողությունը։
Նկարի աճուրդն ավարտվեց՝ այն վաճառվելով 1800 դոլարով։ Գնորդը Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանն է, ով իր քայլով ցույց տվեց, որ ազգային հիշողությունն ու մշակույթը գնահատող մարդիկ միշտ լինելու են։
Սակայն ամենամեծ հաղթանակը ոչ գումարն է, ոչ էլ հանրային աղմուկը։ Ամենամեծ հաղթանակն այն է, որ «Տատիկ-պապիկը» շարունակում է ապրել մարդկանց սրտերում և այսօր արդեն խորհրդանշականորեն կանգնած է նաև Արարատի գագաթին։ Արվեստի լեզուն միշտ ավելի երկար կյանք է ունենում, քան գրաքննությունը, և շատ ավելի երկար է ապրում, քան ցանկացած անցողիկ քաղաքական որոշում։ Կախարդական վրձինը հիշողություն է պահպանում, իսկ հիշողությունը հնարավոր չէ ջնջել։