Փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Կրոնական ազատության ամենամյա 5-րդ գագաթնաժողովին: Փաշինյանին, իհարկե, չի հետաքրքրում ո՛չ կրոնը եւ ո՛չ էլ ազատությունը, նրա հույսն այն է, որ այդ միջոցառման շրջանակներում իրեն կհաջողվի հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քծնանքի եւ հաճոյախոսությունների շնորհիվ շահել Թրամփի բարեհաճությունը, Թրամփն էլ, դրանից ազդված, կասի` լավ, դու մեր տղեն ես, մենք քո իշխանությունը ճանաչում ենք, կարող ես գնալ եւ շարունակել պաշտոնավարել Հայաստանում, քո խաթրին կպնող չի լինի: Համենայնդեպս, Փաշինյանին աջակցող եւ նրա իշխանությունից սնվող արեւմտամետ ուժերը նման հրապարակային հույս են հայտնում, եւ հենց նրանց օրհնությամբ էլ Փաշինյանը պատրաստվում է գնալ Վաշինգտոն: Թե իրականում ինչ տեղի կունենա, կերեւա 10 օրից: Չնայած, մեր կարծիքով, Փաշինյանին եւ նրա աջակիցներին սպասվում է հերթական հուսախաբությունը:
Վաշինգտոնում կայանալիք՝ Կրոնական ազատության գագաթնաժողով կոչված միջոցառումն իրականում ԱՄՆ-ից վասալային կախվածություն ունեցող, երկրորդական երկրների եւ դրանց ներկայացուցիչների հավաք է: Կրոնական ազատության միջազգային դաշինքը ձեւավորվել է Ջո Բայդենի պաշտոնավարման սկզբում`2020 թվականի փետրվարին, Հայաստանը պաշտոնապես դրան միացել է նույն թվականի հունիսին: Ամերիկայի իշխանություններն ամեն տարի մետրոպոլիայի մայրաքաղաքում`Վաշինգտոնում, հավաքում են գաղութների կառավարիչներին եւ նրանց ստիպում ինչ-որ թղթեր ստորագրել, որոնք ուղղված են իրենց թշնամիների դեմ: Երբ Հայաստանը միացավ այս դաշինքին, բոլորի մոտ հարց առաջացավ, թե ինչու է Հայաստանը միանում մի դաշինքի, որն ուղղված է Հայաստանի առեւտրային գործընկերներ Չինաստանի եւ Իրանի դեմ, որտեղ իբրեւ թե ոտնահարվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները: ԱՄՆ-ի համար սա զենք է՝ հիմնականում իր աշխարհաքաղաքական թշնամի Չինաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար, բայց Հայաստանի ինչի՞ն է դա պետք: Ինչպես նշեցինք, միակ բացատրությունն այն է, որ Հայաստանն ԱՄՆ-ից գաղութային կախվածություն ունեցող երկիր է եւ, չունենալով ինքնիշխանություն, իրեն չէր կարող թույլ տալ հակադրվել ԱՄՆ իշխանությունների կամքին եւ չստորագրել իրենց դեմ տված թղթի տակ:
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո այդ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել: Ճիշտ է՝ ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը չի անհետացել, ընդհակառակը՝ այն կարող է ավելի սրվել, բայց Թրամփը մտադիր է Չինաստանի հետ հարաբերվել այլ ձեւով, այլ գործիքակազմով: Ոչ թե դեմոկրատական վարչակազմի նման՝ հարցը տեղափոխել արժեքային հակադրության դաշտ, ասելով, թե՝ տեսեք, մենք ժողովրդավարական պետություն ենք, մենք պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ կրոնական ազատությունը, մեր շուրջ համախմբված են ժողովրդավարական պետություններ, իսկ, ահա, Չինաստանը բռնապետություն է, այնտեղ ոտնահարվում են բոլոր տեսակի իրավունքները, այդ թվում եւ՝ իսլամ դավանող ույղուրների իրավունքները: Ինչպե՞ս կարելի է հանդուժել նման անարդարություն, ինչպե՞ս կարելի է հարաբերություններ ունենալ նման բռնապետական երկրի հետ, ինչպե՞ս կարելի է առեւտուր անել նման բռնապետության հետ, որտեղ արտադրված բոլոր ապրանքները ներծծված են բռնությամբ:
Արդյո՞ք դեմոկրատները կկարողանան Թրամփի վրա ծախել իրենց հավաքած այդ հարեմը` ենթակա պետությունների ղեկավարները՝ ԱՄՆ հարճի դերում, որն այնքան էլ տպավորիչ տեսք չունի: Դժվար թե։ Մանավանդ որ նախկին սուլթան Ջո Բայդենի կառավարման չորս տարիների ընթացքում հարեմը ցույց է տվել, որ իրականում ոչ մի շոշափելի ազդեցություն չի ունեցել եւ ոչնչով չի օգնել ԱՄՆ-ին՝ զսպելու Չինաստանի ավելացող ազդեցությունը համաշխարհային տնտեսության մեջ եւ զսպել նրա քաղաքական ազդեցության եւ կշռի աճը:
Թրամփը, լինելով ավելի պրագմատիկ անձնավորություն, հասկանում է, որ Չինաստանին հնարավոր չէ կանգնեցնել՝ նրան բռնապետական երկիր հռչակելով եւ մեղադրելով համամարդկային արժեքներ ոտնահարելու մեջ: Եթե Չինաստանը տեխնոլոգիական առավելության հասավ ԱՄՆ-ի նկատմամբ եւ ունեցավ ավելի մեծ նյութական ռեսուրսներ՝ այդ տեխնոլոգիական առավելությունն իրացնելու համար, ոչ մի ժողովրդավարություն կամ մարդու իրավունքներ նրան չեն կարող կանգնեցնել: Չինաստանին կանգնեցնելու կամ, ավելի ճիշտ՝ նրանից միշտ առաջ լինելու համար պետք է ապահովել տեխնոլոգիական գերազանցություն եւ տիրապետել ավելի մեծ նյութական, հումքային ռեսուրսների, քան Չինաստանը, ինչը եւ փորձում է անել Թրամփը:
Այս իրավիճակում Թրամփի ինչի՞ն են պետք Հայաստանը եւ հայաստանանման այլ երկրների անսամբլը, որոնք ո՛չ տեխնոլոգիա ստեղծող են, ո՛չ էլ տիրապետում են նյութական հարուստ ռեսուրսների, նույնիսկ որպես ամերիկյան ապրանքների սպառող՝ լուրջ շուկա չեն: Ընդհակառակը՝ Հայաստանը մի տեսակ բեռ է ԱՄՆ նոր իշխանությունների համար, որը ոչ թե օգնում է՝ լուծելու ԱՄՆ-ի առաջ կանգնած գլոբալ խնդիրները, այլ ուզում է ԱՄՆ-ի միջոցով լուծել իր տնտեսական եւ անվտանգային խնդիրները:
Այնպես որ, Փաշինյանը Վաշինգտոն մեկնելով հաստատ չի արժանանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրությանը եւ, առավել եւս՝ նրա ընդունելությանը: Հայ ամերիկասերների միակ սփոփանքը կշարունակի մնալ Դոնալդ Թրամփի եւ Նիկոլ Փաշինյանի միակ հեռախոսազրույցը, որը նրանք ունեցել են նոյեմբերին, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում, եւ Փաշինյանը զանգել էր՝ այդ առիթով շնորհավորելու։ Երեւի Թրամփի հեռախոսի ինքնապատասխանիչն ասել է հերթական շնորհակալությունը: Մեկ էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Փարիզում արված էն թանկ ու ազիզ լուսանկարը, որ անընդհատ հրապարակում են, երբ խոսք է գնում Փաշինյանի ու Թրամփի գոյություն չունեցող հարաբերությունների մասին: