«Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է իր դեմ մահափորձ նախապատրաստելու գործով 12 մեղադրյալների դատավճիռը: Նա հայտարարել է, որ ոխ չունի դատապարտյալների նկատմամբ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել նրանց ընտանիքներին:
«Ես շատ շուտ եմ ներել, և եթե կան փոքր երեխաներ կամ մնացել են տարեց ծնողներ, կամ որևէ մեկը, որին օգնելու կարիք կա՝ կօգնեմ», - իր տելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը:
Նա հավելել է, թե որպես քրիստոնյա՝ վշտացած է, որ մարդիկ կարող են փողի դիմաց փորձել սպանել մեկ այլ մարդու, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ չարը պետք է պատժվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Արևմտյան երկրորդ շրջանային ռազմական դատարանը 6-20 տարվա ազատազրկման է դատապարտել Սիմոնյանի դեմ մահափորձի մասին քրեական գործով մեղադրվողներին: