Երեկ տեղեկացանք, որ դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում եւ բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» վերնագրով միջազգային համաժողով է կազմակերպվել, որին մասնակցել են եվրոպական երկրներից ժամանած դատախազներ, ԵՄ, ԵԽ պաշտոնյաներ, դեսպաններ, Հայաստանի բոլոր իրավապահ մարմինների ղեկավարները:
Համաժողովում ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ես կասեի` մի խայտառակ, հակաժողովրդավարական, հակաիրավական, պոպուլիստական ելույթ, որի իմաստը եթե կարճ ձեւակերպենք, ապա` պատրաստվում ենք ապօրինի գույքի անվան տակ մարդկանց գույքը խլել, որ հարուստներին ատողների` մեր ընտրողների սրտին «մի մատ յուղ նստի»: Մանվածապատ տեքստ, բառերի հեղեղ, ժողովրդի, լեգիտիմության, արդարության, արդարադատության մասին կեղծ խոսքեր, որից հասկանալի է, որ դրանք արտասանողն այդ հասկացությունների խորքային իմաստը չի հասկանում եւ կամայականորեն է մեկնաբանում` այս անգամ Եվրոպայից ժամանած, ենթադրում եմ` ապշած հյուրերի առաջ:
Մի արտահայտություն հատկապես ուշադրությունս գրավեց` «Հայաստանում արդարության եւ արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են կառավարության առաջ, լուծել ենք»:
Եվ այդ հյուրերից ոչ մեկը նրան հարց չտվեց` մի երկրում, որտեղ արդարադատության մարմիններն աշխատում են վարչապետի կամքով, որտեղ օրենքի թելադրանքին փոխարինել են վարչապետի լայվերն ու ստատուսները, որից նրանք որոշում են հերթական թիրախին եւ հարձակման անցնում, ի՞նչ արդարության հաստատման մասին կարող է խոսք լինել: