Հասարակություն

Ինչ իրավական քայլեր են արվելու պատվաստվել չցանկացող քաղաքացիների անունից

Ինչ իրավական քայլեր են արվելու պատվաստվել չցանկացող քաղաքացիների անունից

Որոշ փաստաբաններ, իրավաբաններ առաջիկայում պատրաստվում են իրավական քայլեր ձեռնարկել՝ նախարար Ավանեսյանի հայտնի հրամանը վիճարկելու համար։ Մի ճանապարհը Սահմանադրական դատարանն է, մյուսը՝ վարչական: Բայց վարչական դատարան դեռ որեւէ հայցադիմում ներկայացված չէ։ Ինչո՞ւ, չէ՞ որ վարչական դատարանը կարող է հայցի ապահովման միջոց կիրառել՝ նախարարի որոշումը կասեցնել։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասում է․ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասով դեռ ժամկետ ունենք, քանի որ հանրության մոտ թյուրըմբռնում է, որ բացասական արդյունքի մասին թեստերը պետք է տրամադրվեն հոկտեմբերի 1-ին, այնինչ նախարարի հրամանից ակնհայտորեն բխում է, որ աշխատակազմին տեղեկացնելու պարտավորությունը աշխատողների համար ոչ թե հոկտեմբերի 1-ին է, այլ հոկտեմբերի 15-ին։ Այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 15-ը մենք ժամանակ ունենք՝ վարչական դատարան անհատական դիմում ներկայացնելու, եթե մինչ այդ, իհարկե, ՍԴ-ն չկասեցնի դրա գործունեությունը։

Գործատուները, բնականաբար, աշխատողներից իրավունք չունեն պահանջելու այդ տեղեկանքները մինչեւ ամսի 15-ը»։ Իրավաբանի բացատրությամբ՝ որպեսզի քաղաքացին կարողանա դատարան դիմել, նրա համար պետք է առաջանա որեւէ հետեւանք։ Հետեւաբար, միայն ամսի 15-ից գործատուները կարող են պահանջել կա՛մ թեստը, կա՛մ պատվաստման տեղեկանքը։ Այսինքն՝ հոկտեմբերի 1-ից մեզ մոտ առաջանում է այդ՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտավորությունը։ 
Մինչեւ հոկտեմբերի 7-ը ընդդեմ պատվաստման պարտադրանքին ստորագրահավաք կազմակերպող «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանն էլ ասաց, որ հոկտեմբերի 1-ին դիմելու են դատարան։ Ո՞ւմ անունից են ներկայացնելու հայցը։ «Մեկը ես եմ, մի քանի փաստաբան եւ նաեւ՝ ընթացքում ովքեր կմիանան»։

Փաստաբանների պալատի նախկին նախագահն ասաց, որ ՀՀ ներպետական օրենսդրության հետ կապված մի շարք խնդիրներ են արձանագրվել, որոնց մասին կխոսի հոկտեմբերի 1-ին՝ հայցը ներկայացնելիս։ «Բավականին լուրջ խախտումներ են»։ Զոհրաբյանին հարցրինք՝ անդրադարձե՞լ են հարցին, թե արդյոք պետությունը կամ մասնավոր գործատուն պատասխանատո՞ւ է ինչ-որ մեկի մահանալու պարագայում։ «Քանի որ պետությունն է այս պատվաստման հեղինակը եւ առաջամարտիկը, բնական է, որ եթե իրենց նույնիսկ փաստերով ապացուցվի, որ մարդը մահացել է պատվաստանյութից, դա թաքցնելու են։ Առավել եւս, որ մենք ասում ենք՝ փորձարկման համար բավարար ժամանակ չի անցել, թե պատվաստանյութն ինչ կարճաժամկետ կամ երկարաժամկետ բացասական հետեւանք կարող է ունենալ մարդու առողջության եւ կյանքի վրա։ Ասենք՝ պատվաստվեց եւ թրոմբից մահացավ։ Գուցե վակցինացիայի՞ց է առաջացել այդ թրոմբը կամ պրովոկացիայի է ենթարկել»,- ասաց Զոհրաբյանը։

Օրինակ է բերում․ Հակագլոբալիստների միության նախագահ Արտաշես Հովհաննիսյանն իր էջում գրել էր, որ օրերս մասնակցել է Բագրատաշենի անասնաբույժի հուղարկավորությանը, որը մահացել է թրոմբից՝ պատվաստումից 2 օր անց։ Ըստ Զոհրաբյանի․ «Դեպքեր ունենք, բայց միայն 2 դեպք կարող ենք հրապարակել, որովհետեւ դա բժշկական գաղտնիքին էլ է առնչվում, մենք մարդուց փաստաթուղթ ենք վերցնում, որ կարողանում ենք հրապարակել։ Մեկը պատվաստվելուց հետո քովիդով էր վարակվել եւ մահացել, մյուսը պատվաստվել է, պատվաստվելուց հետո նրա մոտ առողջության կտրուկ վատացում է արձանագրվել, 2 անգամ թոքի վիրահատություն է տարել, հիմա ծանր վիճակում է»։

Արա Զոհրաբյանը կրկնեց, որ, ըստ բժիշկների, առնվազն 5 տարի է պետք պատվաստանյութի փորձարկման համար։ Բայց այդ պահանջը դնում են ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ «Նախկինում էլ պատվաստանյութերի կիրառման հարցում էսպիսի մասսայական բան չի եղել, էլ չեմ ասում, որ պատվաստանյութին զուգահեռ մի հատ էլ QR կոդ տան, այսինքն՝ մարդուն կապեն պատվաստանյութի կոդի հետ։ Նման բան չի եղել, սա առաջին դեպքն է։ Եվ պետությունն ինձ պետք է ոչ թե ստիպի, այլ թող ինձ համոզի, բացատրի, ներկայացնի օբյեկտիվ տեղեկատվություն, ես որոշեմ՝ պատվաստվե՞մ, թե՞ ոչ։ Օրինակ, ասի՝ ես անվճար տալիս եմ, չես ուզում՝ կգնաս վճարովի, ինքդ կպատվաստվես»։

Իսկ քանի՞ հոգի է միացել երեկ բացված հանրային պահանջագրի ներքո ստորագրահավաքին։ «Մի քանի ժամ առաջ 100-ից ավել էին։ Բայց մարդիկ կան, որ զանգում-ասում են՝ կբերեն (ստորագրությունները), այս պահին չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ մեզ միացել են բժիշկներ, լրագրողներ»,- ասաց Զոհրաբյանը։ «Դեմ եմ» նախաձեռնությանը միացել են անձինք նաեւ պետական մարմիններից, բայց  նախաձեռնության ղեկավարը վստահաբար չի կարող ասել, թե «հայցադիմումին ոնց կմիանան»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image