Համաշխարհային կինոարվեստի նշանակալի երեւույթներից կարելի է համարել «Սյոգուն» սերիալը՝ Ջեյմս Քլավելի պատմական բեսթսելլերի երկրորդ էկրանավորումը։ Այն պատմում է անգլիացի նավաստու մասին, որը հեռավոր միջնադարում՝ 17-րդ դարում, հայտնվում է Ճապոնիայում, երբ երկիրը գտնվում է միջկլանային պայքարի, դավադրությունների եւ ինտրիգների ամենաթեժ փուլում։
Սերիալի գլխավոր հերոսը ոչ թե եվրոպացի նավաստին է, այլ ճապոնացի զորեղ իշխան Յոշի Տորոնագան, որի կերպարը մարմնավորել է «Հոլիվուդի գլխավոր սամուրայ» Հիրոյուկի Սանադան։ Շատ կինոփորձագետներ ասում են, որ «Սյոգունն» իր կուլտայնությամբ կարող է համեմատվել աշխարհահռչակ «Գահերի խաղը» ֆիլմաշարի հետ։ Ինչու։ 1600 թվական։ «Էրասմուս» ռազմաառեւտրային նավը, որ միակն էր հոլանդական «Օսթ-Հնդկական ընկերությունից», դուրս գալով ծով՝ նավարկության, նավաբեկության է ենթարկվում փոթորկի պատճառով եւ հայտնվում խորհրդավոր Ճապոնիայի ափերի մոտ։ Անձնակազմի մեծ մասը զոհվել էր սովից, իսկ նավապետն ինքնասպան էր եղել։ Նավի շտուրմանն անգլիացի Ջոն Բլեքթորնն էր, որի կերպարը մարմնավորել է Կոսմո Ջարվիսը․ վերջինս հանդիսատեսին հայտնի է Նիկոլայ Լեսկովի «Լեդի Մակբեթից»։
Նա եւ մոտ տասը ողջ մնացած նավաստիներ գերության են տարվում ճապոնացի սամուրայների կողմից։ Այդ ժամանակ Ճապոնիայի կայսրը նոր էր մահացել, նրա որդին՝ գահաժառանգը, դեռ մանկահասակ երեխա էր, ու երկիրը կառավարում էին հինգ հոգաբարձուները, ովքեր ներկայացնում էին սամուրայական վերնախավը։ Ռեգենտներից չորսն ամեն կերպ փորձում են խաղից հանել հինգերորդ ռեգենտին՝ անկոտրում Յոշի Տորոնագային, որն իրապես է հոգ տանում գահաժառանգի համար։ Նենգամիտ ու դավադիր մրցակիցները փորձում են ամեն բան անել, որպեսզի ոչնչացնեն լորդ Տորոնագային։ Նույնիսկ մեկ այլ դաժան զորավար՝ լորդ Իշիդոն (կերպարը մարմնավորել է Տակեհիրո Խիրան), փորձում է դանակ խրել Տորոնագայի թիկունքը։ Սակայն պարզամտություն կլինի կարծել, թե Տորոնագան միամիտ մարդ է։ Նա էլ պակաս ինտրիգան չէ եւ անգլիացի Բլեքթորնին որոշում է օգտագործել հանուն իր շահերի։
Նրա օգնությամբ փորձում է սեպ խրել կաթոլիկների հանդեպ բարեհաճ ռեգենտների միջեւ եւ իմանալ, թե Պորտուգալիան ու մնացյալ Եվրոպան ինչ նպատակներ ունեն Ճապոնիայի հետ։ Նրան այդ հարցում օգնում է նվիրված լեդի Մարիկոն (կերպարը մարմնավորել է Աննա Սավային)։ Մարիկոն կաթոլիկ քրիստոնյա է, որը տիրապետում է պորտուգալերենի եւ կարող է Բլեքթորնի հետ հաղորդակցվել։ Այսպես, Ճապոնիան քայլ առ քայլ սկսում է իր պետական վերածնունդը՝ սյուգունապետության տեսքով, իսկ Բլեքթորնը, որը ճապոնացիների միջավայրում ստանում է «Անձին-սան» (ճապոներեն՝ նավի շտուրման), դառնում է առաջին օտարերկրացի սամուրայը։ Սերիալի սյուժերի հիմքում գրող եւ ռեժիսոր Ջեյմս Քլավելի «Սյոգուն» վեպն է, հրատարակված 1975 թվականին։ Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քլավելը երեք տարի անցկացնում է ճապոնական ճամբարում եւ հասցնում սիրել ճապոնական պատմությունն ու մշակույթը։ Վեպը բավական ճիշտ նկարագրում է այն մութ ու խառնակ ժամանակները, որոնք տիրել են Ճապոնիային՝ Սենգոկուի շրջանի ավարտի եւ Էդոյի ժամանակաշրջանի մեկնարկի սահմանագծին։ Յուրաքանչյուր կերպար ունեցել է իր պատմական նախատիպը։ Ի դեպ, վեպն էկրանավորվել է նաեւ 1980-ական թվականներին՝ Ռիչարդ Չեմբերլինի եւ Տոսիրո Միֆունեի մասնակցությամբ՝ NBC-ի կողմից։