Մշակույթ

Ինչպես հասնել անհասանելիին․ հաշմանդամի հիշողություններից

Ինչպես հասնել անհասանելիին․ հաշմանդամի հիշողություններից

Հատված Արտյոմ Մոիսեենկոյի «Հասնելով անհասանելիին» գրքից

Վլադիվոստոկ։ Դա այն քաղաքն է, որտեղ ես ծնվել եմ։ Քաղաք, որտեղ ես կապրեի ողջ կյանքս, եթե ինձ հետ մի օր տեղի չունենար այն, ինչ որ տեղի ունեցավ։ Տասներեք տարի առաջ ավտոմեքենայի վարորդը, որում ես էի նստած, կորցրեց մեքենայի կառավարումը, եւ մենք վթարի ենթարկվեցինք։ Ես ողնաշարի վնասվածք ստացա եւ դարձա հաշմանդամ։
Ասում են, թե երկար ժամանակ ես պառկած էի վերակենդանացման բաժանմունքում (ինքս այդ մասին չեմ հիշում), իսկ երբ ուշքի եկա, հազիվ էի կարողանում խոսել։ Պառկած նայում էի առաստաղին։ Հիշում էի մանկությունս։ Ինչպես էինք տղերքով հոկեյ խաղում։ Ինչպես ես դարձա քաղաքի լավագույն ռմբարկուն։ Հիշում էի, թե ինչպես էի փողոցներով վազվզում իմ առողջ ոտքերով։ Հիշում էի, թե ինչպես էր մեր քաղաքում վրա հասնում ամառը, եւ մենք գնում էինք լողալու։ Ամառը միշտ տաք ու խոնավ էր մեզ մոտ, իսկ ամառային անձրեւների բերած թարմության մեջ մարդիկ միշտ ինչ-որ նոր բան էին հայտնաբերում իրենց համար։

Զգայություններս վերականգնվում էին աստիճանաբար։ Սկզբում ես միայն զգում էի գլուխս։ Կարծես գլխիցս ներքեւ ոչինչ չկար։ Հետո «վերադարձավ» մարմինս։ Ոչ ամբողջությամբ, իհարկե, եւ ոչ միանգամից․ վերեւից ներքեւ, դանդաղորեն։ Այդ «վերադարձը» տհաճ էր ու ցավոտ։ Նույնիսկ ավելին, քան՝ տհաճ։ Երբ ինձ մերսումներ էին անում, թվում էր, թե, ահա, այստեղ զգում եմ, իսկ այստեղ՝ ոչ։ Ամենից հաճելին ոտնաթաթերի մերսումն էր։ Երբ մերսում էին ոտնաթաթերս, մռլտում էի, ինչպես արեւի տակ ջերմանալու նստած կատուն։ Իսկ զգալ՝ ես շատ բան էի ստիպված։ Հատկապես շատ ցավում էին կոնքերս։ Նույնիսկ սկսել էի հավատալ, որ կոնքերիս մեջ փոքրիկ արարածներ են բնակություն հաստատել, որոնք անընդհատ դրանք սղոցում են, սղոցում, սղոցում։

Առաջին խոսակցությունս բժշկի հետ ինձ բոլորովին չուրախացրեց։ Ավելի շուտ՝ պարզապես սպանեց։ 20 տարեկանում հասկանալ, որ դու այլեւս չես կարողանալու քայլել՝ շատ ծանր է ու ցավոտ։ Բայց ինչպե՞ս։ Ու ինչքա՜ն պլաններ ունեի, ինչքա՜ն գաղափարներ։ Ու ի՞նչ է լինելու դրանց հետ։ Ի՞նչ է լինելու իմ կյանքի հետ։ Ի՞նչ։ Բժիշկն ինձ հանգստացրեց։ Սկսեց պատմել պատմություններ, որ ժամանակի ընթացքում որոշ մարդիկ, այնուամենայնիվ, կարողանում են ոտքի կանգնել։ Շատ աղոտ հավատացի նրան։

Հասկանում էի, որ վթարի հետեւանքով ստացած վնասվածքներս ինչ-որ կերպ վնասել-խցանել են անոթներս, եւ չի կարելի պարզապես վիրահատել ու մաքրել այդ անոթները։ Հիվանդանոցում այն ժամանակ ինձ ասացին, որ փորձել են նման վիրահատություններ անել, սակայն առանց հաջողության, եւ հիվանդի վիճակը նույնիսկ ավելի է վատացել։ Բացի այդ, բժշկի հետ զրույցից ես հասկացա, որ խնդիրը միայն դա չէ։
- Բժիշկ, ինչո՞ւ ես գրեթե չեմ զգում ոտքերս։
- Դժվար է բացատրելը։ Քանի որ ողնուղեղից մինչեւ ոտքերը ազդակներ չեն հասնում։ Բայց հիմնական խնդիրն այն է, որ վնասվել է Ձեր ողնաշարը։
- Բժիշկ, ես երբեւէ կկարողանա՞մ քայլել։
- Հնարավոր է։

Ես երկար եմ մտորել այն ժամանակ այդ «հնարավոր է»-ի վրա։ Քնելիս՝ երազում կա՛մ վթարն էի տեսնում, ավելի ճիշտ՝ դրվագներ վթարից, որոնք դաջվել էին հիշողությանս մեջ, կա՛մ մանկության տարիներից պատկերներ։ Երազներս ուրախություն չէին բերում ինձ, ավաղ։ Արթնանում էի արցունքների մեջ։ Չէի ուզում ապրել։ Բժիշկը բարձրացնում էր ձեռքս ու ասում՝ բռնիր։ Իսկ երբ բաց էր թողնում, ձեռքս պարզապես «փլվում էր» դեմքիս՝ թողնելով կապտուկ։ Բժիշկը կնճռոտվում էր, բայց ոչինչ չէր ասում․ լռում էր։ Ես սկսեցի «հանթելներ» բարձրացնել, որպեսզի սովորեի ինչ-որ կերպ «ընկերություն անել» ձեռքերիս հետ։ Այդ մարզումները դյուրությամբ չէին տրվում ինձ։ Սակայն աստիճանաբար կարողացա դրանք բռնել։ Զուգահեռաբար՝ այդ մարզումներն ինձ սովորեցրին ամուր բռնել գդալն ու ինքնուրույն ուտել։ Դրանից առաջ ինձ կերակրում էր մայրս կամ բուժքույրը։

Ինձ տեսության էին գալիս ընկերներս։ Ու ես ինձ մի տեսակ մեղավոր էի զգում։ Նրանք նայում էին ինձ, փորձում ուրախացնել, սակայն նրանց աչքերում ես կարեկցանք ու նույնիսկ խղճահարություն էի կարդում։ Չէի հուսահատվում։ Խոսում էի նրանց հետ։ Անընդհատ ասում էի, որ շուտով ոտքի կկանգնեմ, եւ նույնիսկ միասին Ճապոնական ծովի կղզիներ ճամփորդության պլաններ էի կազմում։ Նրանք լսում էին ինձ, գլխով հավանություն տալիս ու հետո գնում իրենց գործերին։ Իսկ ես մնում էի միայնակ իմ ցավի հետ, իմ ծանր մտքերի եւ հիվանդասենյակի՝ անտանելի դարձած սպիտակության հետ։

Շարունակելի

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image