Հասարակություն

Հայաստանում գործող հիմնադրամը Թուրքիայից է փորձագետներ հրավիրել

Հայաստանում գործող հիմնադրամը Թուրքիայից է փորձագետներ հրավիրել

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամն իր իրականացրած հետազոտությունների ընթացքում որպես փորձագետ է ներառել Թուրքիայի քաղաքացիներին։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց մի քաղաքացի, ով առնչվել է այդ խնդրի հետ։ Նա մեզ ուղարկած նամակում մասնավորապես հայտնել է․ «2003 թվականից Հայաստանում գործող «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը դրսից ստացած դրամաշնորհներով բազմաթիվ հարցումներ է անցկացրել՝ օտարերկրյա ներդրումներին առնչվող միջավայր, հարկային վարչարարություն եւ հարկային ընկալումներ, տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ հանրային վստահության գործոններ, կոռուպցիա եւ այլն: Վերջին տարիներին հիմնադրամն օգտագործում է էլեկտրոնային մի գործիք՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգ (Geographic information system` GIS): Սա աշխարհում լայն տարածում գտած գործիք է, Հայաստանում նոր է տարածվում: GIS-ի օգնությամբ կարող ես քարտեզագրել բոլոր տվյալները եւ տեսնել իրավիճակի օրինաչափությունները, հարաբերությունները, աշխարհագրական համատեքստը: Հիանալի գործիք է:

Բայց իր անվան մեջ «Հայաստան» բառը ներառած եւ դրսի փողերով աշխատող «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը ծրագիրն իրականացրել է Թուրքիայի քաղաքացի փորձագետների ներգրավմամբ: Այսինքն՝ Թուրքիայի քաղաքացիներին հասանելի են դարձել մեր քաղաքացիների բազմաթիվ անձնական տվյալներ:

GIS-ն աշխարհում լայն տարածում գտած, Հայաստանում նոր-նոր ներդրվող գործիք է՝ հասկանալի է, բայց ինչո՞ւ գործարկել հենց Թուրքիայի քաղաքացիների օգնությամբ: Ինչո՞ւ չէր կարելի մեր մասնագետներին ուղարկել GIS-ից տեղյակ որեւէ այլ երկիր, թեկուզ հենց Թուրքիա, որ վերապատրաստվեին նրանց անձնական տվյալների վրա, ու մեր քաղաքացու անձնական տվյալների հետ մեր քաղաքացին աշխատեր, ինչո՞ւ չէր կարելի փորձագետ հրավիրել Հայաստանին բարեկամ կամ առնվազն ոչ թշնամի երկրից: Ի՞նչ է սա, եթե ոչ 5-րդ շարասյուն: Ուշագրավ մի փաստ․ հիմնադրամի crrc.am կայքում ոչ մի անուն չկա: Պաշտոնական կայքում չի ասվում՝ ով է տնօրենը, այս կամ այն բաժնի ղեկավարը»: 

Քաղաքացու ներկայացրած տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանի հետ՝ հարցնելով, թե հիմնադրամն իր աշխատանքներին ներառո՞ւմ է արտասահմանցի փորձագետների։

«Իհարկե, հետազոտությունն այնպիսի աշխատանք է, որը ենթադրում է նաեւ միջազգային համագործակցություն»,- պատասխանեց տնօրենը։ Հետաքրքրվեցինք՝ ո՞ր երկրներից են այդ փորձագետները։ «Ամենատարբեր, Ավստրալիա կարող է լինել, ԱՄՆ կարող է լինել, Կանադա, Բրիտանիա կարող է լինել։ Մենք բավականին մեծ համագործակցության շրջանակ ունենք, եւ բավականին շատ է երկրների ներգրավվածությունը»,- պատասխանեց Բալասանյանը։ Հարցրինք՝ եղե՞լ է, որ Թուրքիայի քաղաքացիների ներգրավեն որպես փորձագետ։ Տնօրենը հաստատեց։ Իսկ ե՞րբ են Թուրքիայի քաղաքացիների ներգրավել, եւ իրենց ի՞նչ տեղեկություններ են հասանելի դարձել այդ գործընթացի ժամանակ։

«Ոչ միայն Թուրքիայի քաղաքացիների, այլեւ, առհասարակ, յուրաքանչյուր գործընկերոջ կամ երրորդ անձի մասին խոսելիս տվյալների պարագայում մենք աշխատում ենք գաղտնիության եւ անանունության սկզբունքներով, եւ որեւէ տվյալ որեւէ երրորդ անձի տրամադրել այնպես, որ այդ անձը հասկանա, թե հանրային կարծիքն ում մասին է, չի կարելի։ Մենք այդ էթիկական կանոնին ուշիուշով հետեւում ենք»,- պատասխանեց հիմնադրամի տնօրենը։ Դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, որոշակի տեղեկություն Թուրքիայի քաղաքացիներին, փաստորեն, հասանելի է դառնում, տնօրենն արձագանքեց․ ««Որոշակի տեղեկություն» ասելով մենք հասկանում ենք հետազոտության այն տեղեկատվական բաժինը, որը հանրային բարիք է, եթե մենք խոսում ենք հանրայնացված տվյալների մասին, որոնք հասանելի են բոլորին՝ բոլոր կողմերին եւ բոլոր շահառուներին, ապա մենք խոսում ենք անանունացված, գաղտնիությունը պահպանված տվյալների մասին։ Էս դեպքում մենք արդեն մտնում ենք հետազոտական դաշտ, եւ հետազոտության մեջ գործում են որոշակի սկզբունքներ, էթիկական նորմեր, որոնք պահպանելով՝ կարելի է իրականացնել վերլուծություններ, բայց որեւէ կերպ չի կարող նույնականացված տվյալը տրամադրված լինել՝ կապված անհատի կամ անձի հետ»,- պատասխանեց տնօրենը։

Նրան ավելի ուղիղ հարցրինք՝ Թուրքիայի քաղաքացիները հասանելիություն ունեցե՞լ են Geographic information system գործիքին, նրանք այս գործիքի տվյալներին տիրապետո՞ւմ են։ «Տեսեք, կա Google Earth-ը, որը Դուք հենց հիմա կարող եք բացել ու վերեւից նայել յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր փողոցի։ GIS-ը հետազոտությունների մեջ կիրառվում է միմիայն մի նպատակով, որ պահպանվեն հետազոտական ընտրանքային որոշակի նորմեր, այդտեղ որեւէ տվյալ, որը վերաբերում է կոնկրետ կոորդինատի, չի կարող հասանելի լինել որեւէ երրորդ անձի։ Այստեղ խնդիրը հետազոտության ընտրանքային սկզբունքները պահպանելով՝ հանրության այնպիսի ծավալ ընդգրկելն է հետազոտության մեջ, որ մենք կարողանանք ասել, որ մեր հետազոտության սփռումն ապահովված է, եւ մենք կարողացել ենք վերահսկել մեր զրուցավարներին։ Կոորդինատները վերաբերում են զրուցավարների տեղակայման վայրերին, եւ դա դիտարկվում է միայն որակի վերահսկման համար, դիտարկվում է տվյալ պահին ընտրանքային հետազոտության մեջ եւ հետո որեւէ կերպ ուսումնասիրության մեջ չի ներառվում ու չի տրամադրվում որեւէ երրորդ անձի»։

Տնօրենին հարցրինք նաեւ` օտարերկրյա փորձագետների ընտրությունն իրե՞նք են կատարում, թե՞ այլ տեղում են որոշում, թե որ երկրից լինեն փորձագետները։ Այսինքն՝ հիմնադրա՞մն է որոշել, որ պետք է Թուրքիայի քաղաքացիներին ընդգրկել հետազոտությունների մեջ։ «Միանշանակ՝ հիմնադրամը, հիմնադրամն ունի ամբողջ ազատությունը որոշելու, թե ում հետ է համագործակցում, ու պետք է այդ ընտրության չափանիշների մասին խոսել։ Ընտրության չափանիշները հետազոտությունների մեջ մասնագիտական են, խոսքը մասնագիտական կարողությունների մասին է, որոշակի համալսարան կամ գիտահետազոտական ինստիտուտ ներկայացնելու մասին է, այսինքն՝ յուրաքանչյուր մասնագետ, անհատ, ում հետ որ հետազոտական թիմը կարող է որոշել աշխատել, դա արվում է այդ հետազոտության մասնագիտական շրջանակի մեջ տվյալ փորձագետի կամ փորձագետի ներկայացրած կազմակերպության հնարավոր ներդրումից ելնելով»։

Ամեն դեպքում, պարզ չէ, թե ինչու է հիմնադրամը հենց Թուրքիայից, այլ ոչ թե որեւէ այլ երկրից փորձագետներ հրավիրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image