Հասարակություն

Արցախցիների նկատմամբ վերաբերմունքը քննարկումների կենտրոնում

Արցախցիների նկատմամբ վերաբերմունքը քննարկումների կենտրոնում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ արցախցիները Հայաստանում բռնագաղթից հետո պարբերաբար բախվել են ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի։ Նրա խոսքով՝ նման դրսևորումները նկատվել են արդեն առաջին օրերից։

Նա նշել է, որ 2023 թվականին Արցախի կորստից հետո Հայաստանի իշխանական շրջանակներում փորձ է արվել հասարակական դիսկուրսում ստեղծել մեղավորների որոնման մթնոլորտ։ Ստեփանյանի գնահատմամբ՝ այդ երևույթը համապատասխանում է միջազգային «զոհին մեղադրելու» հասկացությանը, որը հաճախ կիրառվում է նման իրավիճակներում։

Նրա խոսքով՝ արցախցիներին ուղղված մեղադրանքներ են հնչել տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից։ Նա օրինակ է բերել հայտարարություններ, որտեղ արցախցիները մեղադրվել են Արցախը թողնելու և հեռանալու մեջ։

Ստեփանյանը նաև նշել է, որ երբ հանրային մակարդակում բացահայտվել է նման խոսույթի տարածման մեխանիզմը, ակնհայտ է դարձել, որ այն կապ ունի իշխանական քաղաքականության և մեդիա ռեսուրսների հետ, որոնք տարածում են համապատասխան ուղերձներ։

Բացի այդ, նրա խոսքով՝ արցախցիների հասցեին հաճախ ձևավորվում է «անշնորհակալ լինելու» պատկերացում, ինչը, նրա գնահատմամբ, չի համապատասխանում իրականությանը և տարիների ընթացքում ձևավորված սխալ ընկալումների արդյունք է։

Ամփոփելով՝ Ստեփանյանը հայտարարել է, որ իշխանությունները պետք է պայքարեն ատելության խոսքի դեմ, սակայն իրականում երբեմն հենց իրենք են նպաստում դրա տարածմանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image