Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով տնավեր դարձած արցախահայությունը անորոշությունից գլուխը չգիտի որ քարին տա։ Լիարժեք լուծված չեն նրանց բնակարանային հարցերը, հիմա էլ որոշել են բնակվարձի փոխհատուցման գումարները կրճատել: Սոցիալական աջակցության ծրագիրը վերականգնելու պահանջով հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրը, արցախցիները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ: Նրանք բաց նամակ հանձնեցին կառավարությանը՝ առաջարկելով վերանայել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն Արցախից տեղահանվածների նկատմամբ, շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների, քայլեր ձեռնարկել սոցիալական բնակարանների կառուցման եւ տեղահանվածներին տրամադրելու համար: Ավելի վաղ արցախցիները նույն պահանջով վրան էին տեղադրել Ազատության հրապարակում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մարտի 29-ից նստացույց էր սկսել՝ տեղահանվածների սոցիալական խնդիրների ու բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ կատարելու պահանջներով։ Գործադիրը երկար քննարկումներից հետո որոշեց շարունակել աջակցության ծրագրից դուրս մնացած արցախցիներին եւս երկու ամսով 40 հազար դրամների վճարումը։
Արցախցիների սոցիալական խնդրով զբաղվող Լիանա Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց` ակցիայի նպատակն այն է, որ տեղահանված արցախցիների համար ՀՀ-ն ստեղծի բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ սոցիալ-տնտեսական ծանր վիճակից։ «Տեղահանությունից տարիներ են անցել, սակայն մինչ օրս արցախցիների կենսական նշանակության խնդիրները լուծված չեն։ ՀՀ կառավարությունը ոչ միայն 2023-ի տեղահանվածներին պիտի այդպես համարի, այլեւ բոլոր ծրագրերում պետք է ընդգրկվեն նաեւ 2020-ի տեղահանվածները։ Արցախահայության մի մասն արդեն 5-րդ տարին է՝ ունի տարբեր սոցիալական խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում»,-ասաց նա։
Մարդկանց մի մասը չունի հիմնական կացարան, ինչն ամենակարեւոր հարցն է։ «Այսօր ՀՀ անշարժ գույքի շուկայում սարսափելի վիճակ է, բնակվարձի գումարները շատ բարձր են, եթե արցախցիներն այլեւս չստանան բնակվարձի գումար, շատ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,- նշեց Պետրոսյանը։
Կառավարության շենքի առջեւ, ծառի հովին կանգնած, տխուր, հուսահատ դեմքով, անորոշության մեջ գտնվող արցախցի մի տղամարդ, մի կերպ զսպելով հուզմունքը, ասաց․ «Անորոշությունից ավելի դաժան բան չկա»։
«Խաղաղ պայմաններում այնքան հարազատներ եմ կորցրել՝ ինֆարկտից։ Ես հաճախ ասում եմ՝ սպիտակ եղեռն է իրականացվում արցախցիների նկատմամբ, չեն դիմանում անորոշությանը՝ մահանում են ինֆարկտից՝ երիտասարդ տարիքում։ Այնտեղի ապրումները հերիք չէին, հիմա էլ՝ այստեղի անորոշությունը։ Մենք չենք ասում՝ վերականգնեք մեր ողջ կարողությունը, այլ խնդրում ենք, պահանջում՝ խոստացվածը կատարեք, արդար եղեք մեր նկատմամբ»,- ասաց նա։
2020-ից մինչ օրս շուրջ 150 հազար արցախցի ապրում է այդ անորոշության մեջ՝ ի՞նչ է լինելու հետո։ «Արցախցիների իրավունքները պաշտպանված չեն։ Բնակապահովման ծրագիրը ոչ մի ձեւով չի լուծում տարրական խնդիրները։ Եթե սկսենք ՀՀ իշխանությանը մեր պահանջները ներկայացնել, վերջը չի երեւա։ Այստեղ հավաքված մարդիկ իրենց քրտինքով ստեղծած մարդիկ են եղել։ Որպես տեղահանված՝ ակնկալում ենք արդար մոտեցում»,- մեզ հետ զրույցում նշեց ցույցի եկած արցախցին։
Հիշեցնենք, որ 150 հազարից ավելի արցախահայության բռնի տեղահանումն ու հայրենազրկումը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։