Մեզ մի կերպ հաջողվեց կապ հաստատել արցախցի Լուսինե Ավետյանի հետ, որի երեխաները ուսման նպատակով Երևանում են, իսկ ինքն ու ամուսինը պատերազմող Արցախում։ Երեկվանից Լուսինեն նույնպես ապաստարանում էր, րոպեներ առաջ է դուրս եկել ապաստարանից, քանի որ մոտ մեկ ժամ է, ինչ լռել են արկերը և Ստեփանակերտի բնակիչներն իրենց ավերված բնակարաններ են մտնում` փորձելով անհրաժեշտ իրեր գտնել, ճամպրուկները դասավորել։
«Միևնույն է, դուրս ենք գալու, բայց ամբողջ ցավն այն է , որ ճամպրուկները դասավորած, դրսում նստած ենք ու չգիտենք , թե ուր ենք գնալու։ Հումանիտար միջանցքի դեպքում տղամարդկանց հաստատ չեն թողնելու, արդեն խոսվում է էդ մասին, ռուս խաղաղապահների վրա է հույսներս, բայց, հո, չեն տանելու մեզ Ռուսաստան, ավելի վատ ինֆորմացիա ունենք` ասում են` ՀՀ-ն չի պատրաստվում մեզ ընդունել, Նիկոլը պայմանավորվածություն ունի, պիտի ինտեգրվենք, Ադրբեջանին մենք պետք ենք` միջազգային հանրույթին մեր միջոցով ապացուցելու բաներ ունի։ Դե, հիմա պատկերացրեք, մեր երեխաները Երևանում են, մենք այստեղ` անորոշ ճակատագրով»_ասաց մեր զրուցակիցը։
Նրանից տեղեկացանք նաև, որ այս պահին քաղաքը հոսանքազրկված է, դրսում մարդիկ վառարաններ են տեղադրել, երեխաների համար թեյ են եռացնում, ձու խաշում։