Օրեր առաջ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Նորագավիթում հողերի օտարման հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել հակակոռուպցիոն կոմիտեում՝ դատախազության հաղորդման հիման վրա։
Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված էր․ «Նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց լիազորությունների չարաշահմամբ ու պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով, մասնավորեցման ոչ ենթակա գույքը՝ ընդհանուր օգտագործման հողերը, սեփականության իրավունքով օտարել են մի շարք քաղաքացիների՝ դատախազը 2023 թվականի մարտի 20-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ 2023 թվականի մարտի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը)»։
«Հրապարակի» հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ գործով դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան, և հարուցված վարույթը նախաքննության փուլում է, այլ մանարամասներ չհաղորդեցին, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ հարուցված վարույթը վերաբերում է 2015-2017 թվականներին, այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր։