Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը 2025թ․ հուլիսի 9-ին որոշում է ընդունել Դիլիջան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Ընտանիքի անդամներ եւ զավակներ» նախահաշվի համապատասխան հաշվից մեկ միլիոն ՀՀ դրամ փոխանցել «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի հաշվեհամարին՝ Դիլիջանի համայնքապետարան դիմած նորածին երեխաների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով։
30 նորածինների ընտանիքներին ցուցաբերվել է 20-50 հազար դրամի աջակցություն։ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական, ինտերնետային կայքում տեղադրված, Դիլիջան համայնքի ղեկավարի որոշման մեջ հրապարակված են նորածինների մայրերի անուն-ազգանունները, անձնագրերի եւ ՀԾՀ-ի՝ հանրային ծառայության համարանիշների տվյալները։ Դիլիջանի համայնքապետարանի կողմից նորածինների մայրերի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ օգոստոսի 6-ին տեղեկատվական հարցում էի արել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանին: Հետաքրքրվել էի՝ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նկատե՞լ է այս հրապարակումը եւ նշված հարցով վարույթ կհարուցի՞ արդյոք։ Չէ՞ որ կանանց անձնական տվյալներ են հրապարակվել, ինչն օրենքով արգելված է:
2025թ․ օգոստոսի 13-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գ․ Ներսիսյանն իմ հարցմանը պատասխանել է․ «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից ուսումնասիրվում են Գործակալությանն ուղղված Ձեր դիմումով բարձրացված հարցերը, կապված Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 9-ի որոշման մեջ տեղ գտած անձնական տվյալների հրապարակման հետ, որի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ բարձրացված հարցերի համատեքստում անձնական տվյալների ենթադրյալ մշակման փաստը պարզելու նպատակով Գործակալության կողմից իրականացվում են անհրաժեշտ գործողություններ»։
Սեպտեմբերի 16-ին նոր հարցում եմ արել Գ․ Ներսիսյանին, թե իր ղեկավարած գործակալության կողմից ուսումնասիրություններն ավարտվե՞լ են, եւ ի՞նչ գործողություններ են կատարվել դրա արդյունքում։ Սեպտեմբերի 25-ին ստացել եմ Գ․ Ներսիսյանի պատասխանը․ «Ի պատասխան Ձեր 16.09.2025թ. գրության՝ հայտնում եմ, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը (հետայսու՝ Գործակալություն) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների համատեքստում Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2025թ. հուլիսի 9-ի որոշման կից փաստաթղթում ներառված անձնական տվյալների մշակման համապատասխանության հարցը որոշելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 25-ին հարուցել է վարչական վարույթ, որն ընթացքի մեջ է»։