Քաղաքականություն

Երբ անբարոյականը ամենաբարձրն է խոսում բարոյականությունից

Երբ անբարոյականը ամենաբարձրն է խոսում բարոյականությունից

Օրերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը ըմբշամարտի հավաքականի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն էր արել. «2020 թվականի աշնանը Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը պահպանել է ռազմական գործողություններ իրականացնելու բոլոր կանոնները եւ չի պայքարել խաղաղ բնակչության դեմ։ Մենք արժանապատվորեն պատերազմ մղեցինք, պահպանեցինք պատերազմի բոլոր կանոնները, չկռվեցինք քաղաքացիական անձանց դեմ, չռմբակոծեցինք շենքերը, չարագործություններ չգործեցինք, չնայած այն բանին, որ մեր ժողովրդի սրտում միշտ ապրել է վրեժխնդրության ծարավը։

Ի վերջո, հայերը ցեղասպանություն են իրականացրել մեր ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականություն են վարել մեր նկատմամբ, ուստի վրեժխնդրության զգացման առկայությունն արդարացված է։

Բայց ես ասացի, որ մարտադաշտում նույնիսկ թշնամու հետ կհասնենք»: Որպես ասվածի ապացույց՝ Ալիեւը նշել է, թե իբր այս պատերազմի ընթացքում հայ խաղաղ բնակչության շրջանում եղել է 30-ից պակաս զոհ։ «Եվ դա այն պատճառով, որ այդ խաղաղ բնակիչները մասնակցել են մարտերին»,- հավելել է Ալիեւը: Նրա խոսքով, ողջ աշխարհը՝ «բոլոր ռազմական փորձագետները բազմիցս նշել են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն այս պատերազմում ցուցաբերել է մեծ վարպետություն եւ հմտություն, կարճ ժամանակում հասել է իր նպատակին»։ 

Զավեշտն այն է, որ արժանապատիվ պատերազմի մասին խոսում է մի երկրի ղեկավար, որի մղած անմարդկային պատերազմի մասին կան հազարավոր փաստեր, տեսաձայնագրություններ։ Կան կադրեր, թե ինչպես են իրենց «ասկյարները» մորթում հայ տարեց տղամարդուն, ինչպես են տանջամահ անելով սպանում հորն ու որդուն, ինչպես են ռմբակոծում ծննդատունը, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, ինչպես են միջազգայնորեն արգելված քիմիական զենք օգտագործում, խաղաղ բնակչությանը նվաստացնելով՝ դուրս քշում իրենց տներից, ինչքան անմարդկային են վերաբերվում ռազմագերիների հետ: Եվ պատերազմից մոտ մեկուկես տարի անց էլ դեռ բոլոր ռազմագերիներին չեն վերադարձրել մեզ։ Հայերի կողմից ցեղասպանված լինելու մասին խոսում է մի երկրի ղեկավար, որը Սումգայիթի, Բաքվի ջարդերի հեղինակն է: Եվ այս երկրի ղեկավարը խոսում է պատերազմում իրենց «արժանապատիվ» պահվածքի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image