Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները դժգոհում են, որ Արծվաբերդով ձգվող ավտոճանապարհի նորոգումը ձգձգվում է: Դրա պատճառով իրենք դժվարություններ են կրում «արտաքին աշխարհի» հետ կապվելու հարցում։ Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի նորոգման ընթացքում շինարարները բախվել են անցալ դարի 60-ական թվականներին կառուցված ջրագծին, համայնքապետարանն այդ ջրագիծը փոխելու համար 10 միլիոն դրամ է հատկացրել։ Ճանապարհի վերանորոգման աշխատանքներին խանգարել են նաեւ եղանակային պայմանները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է կայացել Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 եւ կմ14+160-կմ16+400 հատվածների հիմնանորոգման աշխատանքների մրցույթը, քանի՞ կազմակերպություն է մասնակցել մրցույթին, ո՞ր կազմակերպությունն ինչքան գումարային առաջարկով է շահել մրցույթը։ Այդ աշխատանքները ե՞րբ են սկսվել, ծրագրով ե՞րբ է նախատեսված աշխատանքների ավարտը»։
Հոկտեմբերի 24-ին հիմնադրամից պատասխանել են․ «Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 եւ կմ14+160-կմ16+400 հատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցութային ընթացակարգին մասնակցել է 2 կազմակերպություն` «Էկո Բիլդինգ» ՍՊԸ եւ «ԷՄ Քոնսթրաքշն» ՍՊԸ կոնսորցիումը՝ 1 632 000 000 ՀՀ դրամ արժեքով, եւ «Քարավան-11» ՍՊԸ-ն՝ 1 710 000 000 ՀՀ դրամ արժեքով։ Համաձայն սահմանված կարգի՝ պայմանագիր է կնքվել «Էկո Բիլդինգ» ՍՊԸ եւ «ԷՄ Քոնսթրաքշն» ՍՊԸ կոնսորցիումի հետ։ Աշխատանքները մեկնարկել են սույն թվականի մայիսի 19-ին, իսկ ավարտը նախատեսված էր սեպտեմբերի 5-ին։ Կապալառուն աշխատանքները դեռեւս չի ավարտել, ինչի համար տրվել է աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ` մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 20-ը»։