Մի շատ կարեւոր դետալ կա Առուշ Առուշանյանի գործում, որ հաշվի չի առնվել: Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ քննվեց Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու միջնորդությունը։ Թեեւ շատերը կարծում էին, որ հենց առաջին դատական նիստին դատավորը որոշում կկայացնի, սակայն տեխնիկական խնդիրներ առաջ բերելով՝ Վարսենիկ Մելքոնյանը հետաձգեց նիստը։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը պահանջում է Առուշ Առուշանյանից՝ ինքնակամ հրաժարական տալ եւ 5 տարի չզբաղվել քաղաքական գործունեությամբ։ Առուշանյանը պնդում է՝ ինքն ընտրված քաղաքապետ է, ուստի հրաժարական չի տալու։ Քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։ Առուշանյանը հրավիրվել էր Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացվել էր դատական ակտ, ըստ որի, նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել համայնքային պաշտոններ։ Գորիսի ավագանին, սակայն, մերժել է Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը՝ արտահերթ նիստում արձանագրելով, որ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություն չունի:
Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ Պրոբացիայի ծառայությունը չի կարող ստիպել Առուշանյանին ինքնակամ հրաժարական տալ, կա մի կարեւոր հանգամանք, որ մասին թերեւս լռում էին։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Առուշանյանը պայմանական հանցանքը կատարել է 2019-ին դատապարտվել է 2003թ․ օրենսգրքով՝ 2022թ․, դատավճիռը՝ օրինական ուժ է ստացել 2024թ․-ին։ Քրեական օրենսգիրքը 2021թ․-ին փոխվել է եւ ուժի մեջ է մտել 2022թ․ հուլիսին։ «Ստացվում է՝ Առուշանյանը պայմանական հանցանքը կատարել է այն ժամանակ, երբ դեռեւս քրեական օրենսգիրքը փոփոխության չէր ենթարկվել։ Օրենքն ասում է, որպեսզի անձին պատժես, պիտի նախապես օրենքը ընդունես, հրապարակես, որ անձն իմանա, որ կա նման օրենք։ Եթե օրենքը չկա, ապա մարդն ինչպե՞ս իմանա, որ իր գործողությունների մեջ հանցանք կա»,-նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ 2003թ․ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածում չկա հասկացություն՝ խուսափել պատժի կրումից, նույն օրենսգրքով չկա նաև կանոն, որ եթե անձը խուսափում է որևէ պատժի կրումից, ապա այն կարող է փոխարինվել որևէ այլ պատժատեսակի, իսկ նոր քրեական օրենսգիրքը բոլորովին այլ կարգավորումներ է որդեգրել, այս դեպքում՝ անձի կարգավիճակը վատթարացնող։ «Նախևառաջ պետք է պարզել՝ որ օրենսգիրքն է այս դեպքում կիրառելի, քանի որ անձի կարգավիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Ստացվում է՝ նոր օրենքով, որը անձի վիճակը վատթարացնող կանոններ է սահմանել, վերցնում և առաջնորդվում են և նախկին օրենսգրքի գործողության ժամանակ կատարված արարքի նկատմամբ խիստ օրենքը հետադարձության կարգով կիրառելու միջնորդություն են ներկայացրել»,- ասաց Մարաբյանը;
Քաղաքապետի փաստաբանը պնդում է՝ պրոբացիայի ծառայության միջնորդությունը ենթակա է մերժման։ «Պրոբացիայի պահանջը կատարողը Առուշ Առուշանյանը չէ, հենց պրոբացիան է, իսկ իրենք չեն կարող կատարել, քանի որ սահմանված կարգ չկա։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին դատավճռով պաշտոնանկ անելու մեկ հիմք կա ընդամենը, երբ նա դատապարտվել է պատժի եւ կրում է պատիժը։ Առուշ Առուշանյանը դատապարտվել է, բայց չի կրում պատիժը։ Պրոբացիան չի կարող ստիպել Առուշ Առուշանյանին ինքնակամ հրաժարական տալ։ Ստիպելն էլ դեռ հարաբերական իմաստ ունի։ Պրոբացիան պետք է ուղարկի պաշտոնանկ անելու որոշումն այն անձին, ով Առուշ Առուշանյանին նշանակել է այդ պաշտոնին։ Առուշանյանն ինչպե՞ս է խուսափում, եթե ավագանին նրան պաշտոնանկ անելու որոշում չի կայացրել։ Այս պարագայում դատարանը պիտի մերժի պրոբացիայի ծառայության պահանջը»,-նկատեց նա։
Փաստաբանի խոսքով՝ անգամ ՍԴ դիմելու հիմքեր չկա։ Ի հայտ կգա այն ժամանակ, երբ օրենքի հետադարձ ուժի կանոնը կհաղթահարվի։