Մշակույթ

«Հրապարակ». Հաստիքային կրճատումներ դպրոցներում

«Հրապարակ». Հաստիքային կրճատումներ դպրոցներում

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու կառավարության 850-ն որոշումը, որը փոխարինելու է ԿԳՄՍ նախարարի 79-ն հրամանին: Թե ինչ է դա նշանակում, կրթության հարցերով անկախ փորձագետ Վանո Կարապետյանն ասում է, որ կառավարության նոր որոշումը հարմարեցվել է նախկինում եւ այժմ էլ գործող կառավարության 216-ն որոշմանը, որով հստակեցված են հաստիքացուցակները հանրակրթական ուսումնական հաստատություններում։ 

«Իսկ նախարարի 79-ն որոշումը սահմանում է դրույքաչափերը, թե տվյալ դրույքաչափերը զբաղեցնող անձինք ինչքան աշխատավարձ պետք է ստանան: Հիմա այդ 2 փաստաթղթերի` կառավարության որոշման եւ նախարարության հրամանի միջեւ երկար ժամանակ կար խզում, օրինակ՝ կային հաստիքներ, որոնք կային կառավարության որոշման մեջ, բայց նախարարի հրամանով դպրոցում չէր նախատեսվում, այդպիսի թյուրիմացություն էր առկա, եւ այդ հակասությունները մոլորության մեջ էին գցում` հաստիքացուցակների անվանումներից սկսած, մինչեւ ֆինանսական որոշակի նորմատիվներ: Օրինակ` նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսվում էր մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգողի հաստիք, բայց կառավարության 216-ն որոշման մեջ նման հաստիք գոյություն չուներ: Այդ հարցը ես ուղղել եմ նախարարությանը, որ մի՞թե ձեզ մոտ մեկը չկա, որ նստի ու համաձայնեցնի այդ հաստիքացուցակները` կառավարության որոշմանն ու նախարարի հրամանին համաձայն»,- ասում է փորձագետը:

Ինչո՞վ է բացատրում այդ խզումը` պարզ անփութությո՞ւն, թե՞ այլ խնդիր էլ կա։ «Հիմնականում թափթփված աշխատանքի արդյունք է»,- ասում է Վ. Կարապետյանն ու նկատում, որ կառավարության նոր` 850-ն որոշումը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, ինչ-որ առումով այդ խզումները վերացնելու է:

«Ֆինանսական նորմատիվների հետ կապված՝ էական փոփոխություններ չկան, բայց, այդուհանդերձ, մի քանի փոփոխություն կա, ինչպես, օրինակ, սա` հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողները, եթե դասաժամեր են պարապում ԲՏՃՄ ուղղվածության առարկաների դեպքում, այլեւս չեն ստանալու հավելավճար, բացառությամբ մաթեմատիկայից, ինչն անարդար է: Հիմնական հիմնավորումն այն է, որ դպրոցներում մաթեմատիկայի ժամերը շատ են, համեմատած կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի եւ քիմիայի, դրա համար այդպես են արել, որն իբրեւ թե շահագրգռում է ուսուցիչներին, որպեսզի մոտիվացվեն եւ դպրոցներ մտնեն հենց այդ մասնագետները»: 

Ինչպես նկատում է Կարապետյանը, դպրոցներում նաեւ հաստիքային կրճատումներ են իրականացվում։ «Կառավարության 216-ն որոշմամբ նախատեսվում է՝ եթե դպրոցն անցնում է նոր կառավարման համակարգի, ապա դաստիարակչական աշխատանքների համակարգողի հաստիքը եւ տնօրենի մասնագիտական կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիքը սեպտեմբերի 1-ից վերանում է հանրակրթական ուսումնական հաստատություններից: Սակայն խոսքը վերաբերում է միայն այն դպրոցներին, որոնք անցել են նոր կառավարման համակարգի, եւ չի վերաբերում այն դպրոցներին, որոնք մինչեւ 2026-ը փակվելու են: Այս օրերին արդեն ծանուցումներ պետք է ստանան այդ հաստիքը զբաղեցնող անձինք, դրա փոխարեն կառավարության 216-ն որոշման մեջ նախատեսվում է լրիվ նոր հաստիք` կրթական աջակցությունների եւ դաստիարակչական աշխատանքների համակարգողի հաստիք: Գործառութային առումով այդ նոր հաստիքը զբաղեցնող անձն այն երկու հաստիքի միավորված գործառույթներն է իրականացնելու»,- նկատում է զրուցակիցս: 

Թե որքանով է արդարացված այդ հաստիքները միավորելու որոշումը, փորձագետն արձանագրում է, որ այս միավորման արդյունքում առնվազն աշխատանքի ծավալը մեծանում է եւ դրվում է մեկ մարդու ուսերին. «Իսկ այստեղ արդեն ուսումնադաստիարակչական բլոկի գործառույթները տուժում են»: 

Մի կարեւոր հանգամանք եւս, որ մատնանշում է Վանո Կարապետյանը. «Ֆինանսական նորմատիվները շրջանցում են դպրոցում ուսուցիչ չհամարվող այլ մանկավարժական աշխատողների աշխատավարձերը, օրինակ` գրադարանավար, լաբորանտ, էլեկտրոնային կառավարման մասնագետ եւ այլն, որոնց աշխատավարձերը շատ ցածր են մնալու եւ միջինում տատանվում են 45-50 հազարի սահմանում` կես դրույքի դեպքում, նույնը՝ ուսուցիչների օգնականների պարագայում: Օրինակ, ուսուցիչները կարող են գնալ ատեստավորվել եւ որոշակիորեն ապահովել աշխատավարձի բարձրացում, բայց ուսուցիչ չհամարվող այլ մանկավարժական աշխատողների համար մեխանիզմ չկա, որը խրախուսի իրենց եւ աշխատավարձի բարձրացման համար որոշակի քայլեր ու մասնագիտական աճ ապահովի: Նաեւ վերապատրաստումներ կան ուսուցիչների համար, բայց ո՛չ լաբորանտների եւ ուսուցիչ չհամարվող այլ մանկավարժական աշխատողների համար»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image