Լրագրողների մի խումբ կա, որը մասնագիտությունը շփոթել է չարչիության հետ, աշխատելու փոխարեն սրա- նրա դեմ վատ նյութ գրելով, շանտաժի և շորթման միջոցով «գռդոն» է անում:
Այդպիսի մի չարչի կարողացել է պարզել, որ «Հրապարակը» գովազդային լուսաբանման պայմանագիր ունի բանկերից մեկի հետ, անգամ կարողացել է ճշտել, թե ինչ գումարի պայմանագիր է կնքված, ցուպն առել է ձեռը` ուղիղ գնացել այս բանկի տնօրենի մոտ, թե բա՝ ճիշտ «Հրապարակի» պայմանագրի չափով պայմանագիր պիտի կնքես ինձ հետ, իմ լրատվամիջոցի հետ:
Բանկի տնօրենը, մի կերպ հաղթահարելով զարմանքը, բացատրել է, որ բանկի արտասահմանյան սեփականատերը գովազդային քաղաքականության խիստ չափանիշներ ունի, որոնք արգելում են պայմանագիր կնքել քաղաքականությամբ զբաղվող լրատվամիջոցների հետ, իսկ ձեր լրատվամիջոցը հենց այդպիսին է և անգամ մեծ ցանկության դեպքում` մենք նման պայմանագիր չենք կարող կնքել: Լրագրության չարչին կատաղել է, հարձակվել խեղճ մարդու վրա, թե բա՝ կտեսնեք ձեզ ինչ կանեմ, էնքան ձեր մասին վատ բան կգրեմ, որ կգաք 3 անգամ ավել կառաջարկեք: Ինչքան փորձել են բացատրել, որ դրանից բան չի փոխվի` բանկի արտասահմանյան հիմնադիրները նման շանտաժներից չեն վախենում, այդպես էլ չեն կարողացել բան հասկացնել: Այս թեմային չէի անդրադառնա, եթե խոսքը հենց «Հրապարակի» պայմանագրի մասին չլիներ եւ կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տվյալների, և երկրորդ ավելի կարևոր հանգամանքը՝ սա չլիներ 3-4-րդ նման դեպքը:
Լրագրության այս չարչին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է մեր կայքը և նոր գովազդատու նկատելուն պես` գնում այդ մարդկանց մոտ նմանատիպ պայմանագիր պահանջում՝ շանտաժ անելով, որ պայմանագիր չկնքելու դեպքում այնքան վատ բան կգրի` կվարկաբեկի: Մարդիկ էլ ճարահատյալ կնքում են այդ պայմանագիրը, իսկ բարեխիղճ աշխատող լրատվամիջոցների հետ համագործակցությունը դադարեցնում, քանի որ շատ լավ գիտեն՝ մենք շանտաժի չենք գնա և հատուկ չենք վարկաբեկի ոչ մեկին:
Ստացվում է, որ բարեխիղճ լրատվամիջոցը կորցնում է եկամուտ, ստիպված կրճատում աշխատողներին, անգամ կարող է փակվել, իսկ շորթող չարչին ծաղկում է, ասում են՝ Երևանում մի քանի անշարժ գույք է գնել, աշխատողներին` գրոշներ է տալիս, թե` եկամուտ չկա, չնայած ամեն նման շորթման արդյունքում ամսական 1 միլիոն դրամանոց երկարաժամկետ պայմանագիր է կնքում, իսկ այսպիսի մի քանի դեպքի մասին ես գիտեմ` ինչքանի մասին էլ չգիտեմ: