Ընդհանուր աղմուկի մեջ ուշադրությունից դուրս մնաց, երբ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս։ Այսինքն հասավ Սյունիքի՞ն։ Հասցրեց նրան, որ հիմա Սյունիքի հա՞րցն է շոշափվում․ սա անուղղակի խոստովանություն է, որ բանակցություն կոչվող անմշակ դաշտը տեղափոխվել է Սյունիք։ 2019-ին Արցախի Վերածննդի հրապարակում՝ ի լուր Արցախի, Սփյուռքի ու Հայաստանի, գոռում էր, որ Արցախը Հայաստան է ու վերջ։ Բանաստեղծություն էր գրել Արցախի մասին ու կարդում էր։
Մի փոքրիկ քառատող մեջբերեմ․
Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում,
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։
2019-ին էլ պակաս հաղթող չէր։ Բոլոր հաղթանակները իր վրա էր վերցրել, մի հատված լսենք արցախյան ելույթից․
«Համոզված եմ՝ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ ապրում ենք պատմական մի ժամանակաշրջանում։ Այդ պատմականության առանցքային իմաստն այն է, որ հայ ժողովուրդը կրկին իր ձեռքն է վերցրել իր ճակատագրի ղեկը։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ սա մեր համազգային հաղթանակների գրավականն է։ Այս բանաձևով են կերտվել մեր ազգային հաղթանակները՝ Արտաշեսյաններից մինչև Հեթումյաններ, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ»։
Հիմա արցախցիներին երբ հիշեցնում եմ, կասեն՝ ողբա՜մ չոր գանգիդ, բայց այդ ժամանակ նրանք ծափահարում և պայթեցնում էին հրապարակը։ Նույն վիճակն է այսօր։ Հիմա էլ կգնա ու Սյունիքում կգոռա՝ «Սյունիքը Հայաստան է ու վերջ»։ Ու այսպես շարունակական։ Ես չգիտեմ՝ կարժանանա՞ նույն ծափահարություններին, թե՞ մարդիկ արդեն հասկացել են, որ կրկնվում է Արցախի սցենարը՝ կրկնօրինակած։ Մի բանաստեղծություն էլ թող Սյունիքի համար նախապատրաստի։